Հարցազրույցներ

«Մի գաղտնիք բացահայտեմ. եթե կասկածում եք, թող Նիկոլը մեր հանդիպման ձայնագրությունը հրապարակի». Էդուարդ Շարմազանով

09.02.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ ԵՄ դիտորդական առաքելության նպատակը ոչ այնքան ադրբեջանական սպառնալիքը չեզոքացնելն է, որքան ռուսական ռազմական ներկայության շարժերը դիտարկելը:

«Չեմ բացառում նաև Արևմուտք-Իրան հարաբերությունների սրացման ֆոնի վրա՝ նաև իրանական ռազմական շարժերը դիտարկելը, որը կարելի է նաև հետախուզություն անվանել: Պարզ է, որ այստեղ գալիս են լուրջ մարդիկ, ովքեր ունեն պրոֆեսիոնալ կարողություններ և զեկույցներ պետք է գրեն: Այդ մարդիկ 2 ամիս այստեղ եղել են. այդ ԵՄ դիտորդական առաքելությունը որևէ անգամ ներկայացրե՞լ է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ո՛չ:

 

ԵՄ-ն թքած ունի Հայաստանի և Արցախի շահերի վրա, և այստեղ մենք Արևմուտքից բողոքելու բան չունենք այն իմաստով, որ իրենք շատ անկեղծ են: Բորելն ասել է, որ Ադրբեջանի նկատմամբ որևէ սանկցիա չեն կիրառելու, որովհետև այս տարի, կարծեմ, 2.5 միլիարդով ադրբեջանական գազի արտահանումը եվրոպա ավելացել է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան, որպեսզի դիտարկի, թե Հայաստանը ռուսական զորքերի հետ միասին պատրաստվո՞ւմ է ընդդեմ Ադրբեջանի հարձակում իրականացնել, թե՞ ոչ:

«Հայաստանն արդեն թուրքական վիլայեթ է դարձել: Եթե քո իշխանությունը հրաժարվում է զորավարժություններից, որ Թուրքիան և Ադրբեջանը չջղայնանան, եթե Փաշինյանը երկու տարի առաջ` պատերազմի ժամանակ հայտարարում էր, որ Թուրքիան գալիս է տարածաշրջան՝ հայերին ցեղասպանելու և ավարտելու 1915թ. գործը, հիմա թուրքերին որպես ախպեր է ընդունում, Թուրքիայի հետ բարեկամության կոչեր է անում, ես ի՞նչ ասեմ: Թուրքիայի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Թուրքիան պատերազմից հետո ավելի է սաստկացրել իր դիրքորոշումը. Շուշիի հռչակագիր է ստորագրել, այսօր էլ արդարացնում է ՀՀ ինքնիշխան տարածքի 150 քառակուսի կիլոմետր հատվածի օկուպացիան՝ Ադրբեջանի կողմից, Փաշինյանին և նրա թիմին էլ ասում է՝ Ալիևն ինչ ասում է՝ խելոք լսիր, թե չէ՝ վատ կլինի»,- ընդգծեց նա՝ շեշտելով, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ Թուրքիան և Ադրբեջանը եղբայրական պետություններ են:

«Ես մի գաղտնիք բացահայտեմ. 2020թ. հոկտեմբերի 19-ին մեզ հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է… Եթե կասկածում եք, թող ձայնագրություն հրապարակի: Նա արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ, որին ՀՀԿ-ի անունից ես էի մասնակցում, ասել է, որ հայկական ուժերի պարտության գլխավոր պատճառը բայրաքթարներն են: Այդ բայրաքթարներն ո՞վ էր արտադրում՝ Ռուսաստա՞նը, թե՞ Իրանը, իհարկե, Թուրքիան: Բա, Նիկոլ, եթե դու ընդունում ես, որ թուրքական բայրաքթարներն են մեր երեխաներին սպանել, դրանից հետո էս ի՞նչ խաղեր ես տալիս»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

 

← Վերադառնալ ցուցակին