Հարցազրույցներ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԵՂԵԼ Է ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՈՉ ԹԵ ԱՅՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
08.02.2023
Հարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ
- Պարո՛ն Աբրահամյան, Սերգեյ Լավրովի հայտարարություններից շատերը շոկի մեջ ընկան, շատերի համար էլ նորություն չէ, որ ասել է՝ Հայաստանն օկուպացրել է Արցախի յոթ շրջանները։ Ինչո՞ւ է Լավրովն այդպիսի հայտարարություն անում, եւ արդյոք ՌԴ ԱԳ նախարարին պե՞տք է քննադատել դրա համար։
- Նախ սկսեմ նրանից, որ շատ զարմանալի էր, որ Ռուսաստանի արտգործնախարարը պատերազմի միջոցով Արցախի Հանրապետության յոթ շրջանների նկատմամբ վերահսկողությունը համարում էր գործընթացի կարգավորում կամ լուծում։ Սա՝ այն պարագայում, երբ երկար տարիներ հայտնի է, որ բանակցությունների հիմքում երեք հիմնական սկզբունք կա՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառում, եւ Ռուսաստանն ինքը՝ որպես համանախագահ երկիր, ամենատարբեր առիթներով անընդհատ հայտարարել է, որ պետք է բացառել ուժի կիրառման միջոցով խնդրի կարգավորումը։ Ինչ վերաբերում է յոթ շրջաններին, ապա Արցախի հարցով բանակցային գործընթացը, որը մինչեւ 2018 թվականն ընթացել է հայտնի երեք սկզբունքների հիման վրա, որի հիմքում եղել է ոչ թե ինչ-որ մեխանիկական տարածքների հանձնումը, այլ եղել է կոնկրետ գործընթաց, որը ենթադրել է Արցախի կարգավիճակ, ինքնորոշման իրավունքի իրացում եւ դրա միջազգային ճանաչում։ Այս տեսանկյունից, ես կարծում եմ, ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը շատ ավելի շատ բխում էր Հայաստանի իշխանությունների՝ վերջին շրջանում հնչեցրած հայտարարությունների համատեքստից, եւ բառիս բուն իմաստով Արցախը հայտարարվում էր որպես Ադրբեջան, նշվում էր, որ կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում։
- Լավրովն իր այդ հայտարարությամբ կարծես քար է գցում նախորդ իշխանությունների բոստանը՝ ըստ էության բացահայտելով բանակցությունների բովանդակությունը, որը վարել է ձեր իշխանությունը 10 տարի շարունակ։
- Չեմ կարծում, թե այդտեղ կարող է որեւէ բացահայտման մասին խոսք լինել, քանի որ, եթե պայմանական վերցնենք 2008-2018 թթ․ ժամանակահատվածը, ապա կար բանակցային գործընթաց, դրա հիմքում դրված էին հայտնի սկզբունքները, որոնք հրապարակվել են, կային դրա հիմքում հրապարակված այն վեց տարրերը, որոնք եւս հրապարակվել են, եւ խոսվում է, որ կար եւս ութը, որոնք մինչ այդ չէին հրապարակվել։ Բանակցային գործընթացի հետ կապված հրապարակված այդ սկզբունքներն ու տարրերը, համանախագահ երկրների համատեղ հայտարարությունները, համանախագահ երկրների՝ տարբեր փուլերում հնչեցրած հայտարարությունները, ըստ էության, բազմաթիվ դետալներ են հանրայնացրել հասարակության համար։
- Ռուսական կողմը երբեւէ բանակցությունների ընթացքում Սերժ Սարգսյանին հայտնե՞լ է, որ Հայաստանն օկուպանտ է եւ օկուպացրել է Արցախի յոթ շրջանները։
- Նման հայտարարություններ չեն եղել, Արցախի հետ կապված բանակցային գործընթացում հայտարարությունները բազմաթիվ են եղել, ու դրանցում չեք գտնի մի հանգամանք, որտեղ Ռուսաստանի Դաշնությունն այդպիսի տեքստով Հայաստանին մեղադրանք է հրամցնում, եւ իրականության մեջ բոլոր հայտարարությունների հիմքում եղել են հայտնի երեք սկզբունքները, որոնք ասացի՝ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառում։
- Այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում Լավրովի այդ հայտարարությունը։
- Կարծում եմ՝ երկու հանգամանքով է պայմանավորված. առաջինը՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առաջացած բավականին բարդ իրավիճակով, երկրորդը՝ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու այդ մոտեցումը գուցե որոշակի խմբագրել է Ռուսաստանի մոտեցումները։ Սա ասելով նաեւ հիմք պետք է վերցնել այն հանգամանքը, որ դրանից մոտ 2 ամիս առաջ Լավրովը հայտարարություններ հնչեցնելիս ասում էր, որ Հայաստանի իշխանությունը Պրահայում պայմանավորվածություններ է ձեռք բերել, որ Արցախը ենթադրում է Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ ՀՀ իշխանություններին հղում անելով՝ արդեն իսկ Ռուսաստանը որոշակի խմբագրված մոտեցումներ է արտահայտում։ Իսկ Հայաստանը, ինչպես ասացի, 2008-2018 թթ․ ընթացքում բանակցային գործընթացի հետ կապված իր դիրքորոշումը ոչ միայն արտահայտել է, այլեւ միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից դիտվել է որպես կառուցողական կողմ, ավելին՝ նույն միջնորդ երկրներն են ֆիքսել, որ, օրինակ, 2011 թվականին Կազանում Ադրբեջանն է խոչընդոտել հիմնարար սկզբունքների շուրջ փաստաթղթի ընդունմանը, որը հետագայում բերեց արդեն 2016 թվականին մարտական գործողությունների։
- Ստացվում է՝ այսօր կա՛մ Լավրովն է ստում, կա՛մ ձեր իշխանությունն է 10 տարի ստել հայ ժողովրդին։
- Ես, իհարկե, կարող եմ մեկ նախադասությամբ ասել, որ բանակցային գործընթացի հետ կապված՝ մենք հայտարարել ենք այն, ինչ իրականում եղել է, բայց փաստն այն է, որ 2008-2018 թթ․ ժամանակահատվածում որեւէ մեկը չի գտնի համանախագահ երկրների որեւէ հայտարարություն, որտեղ կֆիքսվի, որ Հայաստանի գործողությունների հետեւանքով բանակցային գործընթացը կա՛մ տուժել է, կա՛մ տապալվել է։ Ես կարծում եմ, որ միայն այս հանգամանքը շատ ակնհայտ է դարձնում, որ մեզ որեւէ փուլում որեւէ համանախագահ՝ բանակցային գործընթացը վնասելու կամ ձախողելու հարցում, այս ընթացքում որեւէ մեղադրանք կամ քննադատություն չի հնչեցրել։
- Այդ դեպքում ինչո՞ւ դուք հիմա ուղիղ չեք քննադատում Ռուսաստանին ու Լավրովին եւ չեք ասում՝ Դուք ստում եք, հարգելի Լավրով, իրականությունն այլ է եղել՝ դրանով նաեւ ապահովագրելով ձեզ, քանզի մարդիկ մտածում են, որ դուք եք հանրությունից թաքցրել իրականությունը։
- Մեր զրույցի ընթացքում մենք խոսեցինք այն հանգամանքի մասին, որ իրականությունը խեղաթյուրվել է, եւ կան դետալներ, որոնք հնչել են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Դրա հետ կապված՝ մեր դիրքորոշումը ներկայացրել է նաեւ մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ բավականին հստակ, ըստ կետերի եւ դրույթների արձանագրել է, թե որն ինչքանով է առնչվել մեր իշխանության ժամանակահատվածին եւ ինչու չի համապատասխանել իրականությանը։
- 2018 թվականին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս, կա՞ր այդ միտքը, որ իրեն ստիպում են հանձնել Արցախի յոթ շրջանները, եւ ինքը, այլեւս ելք չունենալով, որոշել է իշխանությունը փոխանցել ուրիշ մեկի, որպեսզի հանձնողն ինքը չլինի։
- Սերժ Սարգսյանը երբեւէ չի խուսափել քաղաքական պատասխանատվությունից՝ որ ոլորտին էլ դա վերաբերի։ Ավելին, Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակներից մեկը, ե՛ւ որպես նախագահ, ե՛ւ որպես արցախյան շարժման եւ ազատագրական պայքարի հիմքում կանգնած մարդ, եղել է խնդրի կարգավորումը, այլ ոչ թե այն սերունդներին փոխանցումը։ Իսկ կոնկրետ շրջանների հանձնման կամ դրանց պարտադրման հետ կապված՝ ուզում եմ եւս մեկ անգամ ավելացնել, որ 2008-2018 թթ․ ժամանակահատվածում բանակցային գործընթացը ոչ թե ընթացել է ինչ-որ տարածքների հանձնման տրամաբանության ներքո, այլ դա ընթացել է Արցախի կարգավիճակի, Արցախի ինքնորոշման իրավունքի, դրա իրացման ու դրա միջազգային ճանաչման շրջանակներում։ Այսինքն՝ փոխզիջումային գործընթացն ամբողջովին այլ տրամաբանությամբ է եղել։
- Ամեն դեպքում՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տալու պահին իմացե՞լ է, որ եթե հրաժարական տա, իրենից հետո ով էլ գա իշխանության, մոտակա 2-3 տարում պետք է Արցախի հետ կապված հարցին լուծում տա։
- Անկեղծ ասած՝ ես կդժվարանամ ասել, թե Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ինչպես է մտածել կամ ինչ մտավախություն է ունեցել։ Այն, ինչը խնդրահարույց համարել է կամ որը կարեւոր է համարել, Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո հնչեցրել է։ Խնդրում եմ տեղավորվել դրա շրջանակներում։
Վահե Մակարյան
hraparak.am