Հարցազրույցներ
«Իշխանությունը նպատակ է ունեցել քաղաքական այս «միջոցառման» միջոցով խեղաթյուրել իրականությունը». Տիգրան Աբրահամյան
07.02.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունը Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու, հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է բերել ԱԺ, քանի որ փորձում է հայ հասարակության ուշադրությունը շեղել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցող ողբերգություններից։
«ԶՈւ-ում և պետական կառավարման համակարգի ձախողման հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստներից հետո, ակնհայտորեն բավականին թույլ «փաստարկներով», իրավական խոցելի հիմքերով փորձ է կատարվում ԶՈւ-ում առկա իրավիճակը որևէ ձևով պայմանավորել վերջին 2 կամ 3 տասնամյակներում տեղի ունեցող գործընթացները։ Իշխանությունը նպատակ է ունեցել քաղաքական այս «միջոցառման» միջոցով խեղաթյուրել իրականությունը, հանրային, հասարակական, քաղաքական օրակարգը փոփոխության ենթարկել՝ փորձելով իրադարձությունները ներկայացնել սեփական մեկնաբանությունների և տրամաբանությունների ներքո»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ըստ պատգամավորի՝ Սեյրան Օհանյանին իշխանության կողմից թիրախավորելն ակնհայտ է, քանի որ նա ԱԺ ընդդիմադիր խոշոր խմբակցության ղեկավարն է։
Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին վերագրվող հանցանքում Գրիգորի և Յուրի Խաչատուրովների անունների շահարկմանը՝ Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ սկսած 2018 թվականից ի վեր Յուրի և Գրիգորի Խաչատուրովներն իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտել են երկրում ստեղծված իրավիճակի, Զինված ուժերում առկա տարբեր գործընթացների վերաբերյալ։
«Չեմ կարծում, որ Խաչատուրովները չեն գիտակցել, որ իրենց դիրքորոշումների արտահայտումը կարող է նման իրավիճակ ստեղծել, բայց դա իրենց տեսակն է։ Նրանք կանգնած լինելով Զու-ի ստեղծման, կայացման հիմքում, բնականաբար, չէին կարող նման իրավիճակում զերծ մնալ գնահատական հնչեցնելուց»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան
168.am