Հարցազրույցներ
«Հայաստանի արտաքին քաղաքական վեկտոր այսօր գոյություն չունի, ոչ թե վեկտոր է, այլ՝ խզբզանք». Արմեն Աշոտյան
07.02.2023
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը
– Պարո՛ն Աշոտյան, գաղտնիք չէ, որ ձեր քաղաքական թիմին, ի թիվս այլ հարցերի, մեղադրել են նաև «սխալ» արտաքին քաղաքականություն վարելու համար։ Մարդիկ, որոնց համոզմամբ ձեր թիմը իշխանություն եղած ժամանակ վարում էր միաբևեռ արտաքին քաղաքականություն, ձեզ մեղադրում են ռուսամետության, Հայաստանին՝ Ռուսաստանից էլ ավելի կախման մեջ գցելու համար։ Այս մեղադրանքն առավել սրվեց հատկապես ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունից հետո, երբ վերջինն ասել էր, թե «Հայաստանը երկար ժամանակ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ 7 շրջանները, ու, այո՛, Ադրբեջանը վերադարձրեց այն տարածքները, որոնք իրեն էին պատկանում»։ ՀՀԿ-ի վարած արտաքին քաղաքականությունը ռուսամետ համարո՞ւմ եք։ Ի՞նչ է տվել Հայաստանին ու Արցախին Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը։
– Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը Հայաստանին ու Արցախին տվել է անվտանգություն, միջազգային հեղինակություն՝ ազգային շահերի առաջմղման ամբողջ գործիքակազմով, բոլոր հիմնական աշխարհաքաղաքական բևեռներում՝ Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ, Չինաստան։ 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդում էր Հայաստանի դիվանագիտական զինանոցը, բանակցային խրամատները։
Դրա մասին ասում էինք դեռ 2018-ի մայիսի 1-ին, երբ առաջին անգամ չընտրեցինք Նիկոլին վարչապետ՝ ասելով, որ նրա աքիլլեսյան գարշապարն է անվտանգային ու միջազգային քաղաքականությունը։ Մեզ միաբևեռ արտաքին քաղաքականության համար կարող են մեղադրել կա՛մ ուղղորդված սրիկաները, վարձկան փորձագետները, կա՛մ միամիտ մարդիկ, որոնք լավ չգիտեն կամ լավ չեն հասկանում, թե ինչպիսի քաղաքականություն էր վարում Սերժ Սարգսյանը։
Ճիշտ հակառակը՝ ամբողջ տասը տարվա ընթացքում մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել «և՛- և՛» սկզբունքի վրա, ինչը փայլուն իրականացվել է։ Երկու հիմնական օրինակ ասեմ․ մի կողմից Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, մյուսը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալով, ու այդ օրինակն այն ժամանակ բարձր են գնահատել եվրոպական ու ռուս քաղաքական գործիչներն ու պետական ղեկավարները։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցված է եղել հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների առանցքի շուրջ, ինչը չի նշանակել միաբևեռություն:
– Ընդհանրապես ճի՞շտ է արտաքին քաղաքականությունը կառուցել միաբևեռության սկզբունքով։ Կարծիքներ կան, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցված է եղել հենց այդ սկզբունքի հիման վրա, ավելի կոնկրետ՝ եղել է ռուսամետ, ու դրա պատճառով է, որ հիմա Հայաստանն ու Արցախը այս վիճակում են։
– Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցված է եղել հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների առանցքի շուրջ, ինչը չի նշանակել միաբևեռություն, սա նշանակել է ռազմավարական շահերի համընկնում Ռուսաստանի հետ տարածաշրջանում, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմից անվտանգային մարտահրավերներ մշտապես են եղել ու այսօր ավելի քան ակներև են դարձել նաև այն պատճառով, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները «հիվանդացել» են ու գտնվում են իրենց պատմական մինիմումի վրա։
ՌԴ արտգործնախարարի վերջին մեկնաբանություններին ես անդրադարձել եմ, հիմա կարող եմ հավելել, որ ցանկացած քաղաքական ղեկավար նախևառաջ սպասարկում է իր երկրի շահերը, որտե՞ղ է Հայաստանի շահը սպասարկող քաղաքական թիմը, եթե այդպիսին կա, և ո՞վ է սպասարկում Հայաստանի շահերը։ Հայ-ռուսական հարաբերությունները «ծանր հիվանդ» են, ու դրա պատճառը Նիկոլ Փաշինյանն է։
– ՀՀԿ-ին հիմա էլ են մեղադրում, բայց արդեն նրա համար, որ Ռուսաստանի քայլերին, այնտեղից եկող հայտարարություններին ըստ էության ու ուղիղ չի արձագանքում, շարունակում է պաշտպանել այն դաշնակցին, որը, մեղադրողների խոսքով «ոչ միայն չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, այլև վարում է բացահայտ հակահայ քաղաքականություն»։ Ռուսաստանի հասցեին հնչող այս քննադատություններին համակարծի՞ք եք։ Ինչո՞ւ է ձեր քաղաքական թիմը պաշտպանում Ռուսաստանին։
– Ճիշտն ասած, նման մեղադրանքների չեմ հանդիպել, եթե դուք հանդիպել եք՝ կարող եք հանգիստ փակել այդ անտեղյակ կամ ուղղորդված բերանները՝ ՌԴ արտգործնախարարի հարցազրույցի վերաբերյալ արված իմ անդրադարձով, որում բազմաթիվ գնահատականներով, ավելորդ անհամեստություն չլինի, բայց ՀՀԿ-ի կողմից տրվել է բացառիկ, եթե ոչ միակ քաղաքական գնահատականն ու հակադարձումը Սերգեյ Լավրովի հայտարարություններին, բայց դա չփաթեթավորելով հակառուսական հիստերիայի մեջ, որովհետև Հայաստանում շատ են գլուխ բարձրացրել հակառուսական հիստերիայի վրա փող աշխատող գործիքները, որովհետև նրանց գործիչ կոչելը մեծ պատիվ կլինի, ու մարդիկ, որոնք սպասարկում են բացառապես դրսի շահը ու ոչ թե աշխարհն ընկալում են հայկական շահերից ելնելով։
– Պարո՛ն Աշոտյան, 2018-ից հետո Հայաստանի գործող իշխանությունը ի՞նչ արտաքին քաղաքականություն որդեգրեց, ու ի՞նչ ստացանք դրա արդյունքում։
– Հայաստանի նոր իշխանությունները 2018-ին, հետո պարզվեց՝ միտումնավոր, այդ պահին թվում էր, թե պարզապես տգիտության հետևանքով, արտաքին քաղաքական գերակայություն հռչակեցին ժողովրդավարությունը։ Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դեսպանների հետ 2019-ին, եթե չեմ սխալվում, այն դեպքում, երբ ժողովրդավարությունը չկար Հայաստանում անգամ Նիկոլի օրոք, վերջին քաղաքական խայտառակ հետապնդումները, այդ թվում՝ իմ և իմ ընկերների նկատմամբ դրա ապացույցն են, բայց արտաքին աշխարհում մերկանալ ու ի հայտ գալ, այսպես կոչված ժողովրդական գործիքակազմով, եթե անգամ այդպիսին լիներ, կատարյալ միամտություն էր, առավելևս, որ Հայաստանը ժողովրդավար երկիր չէ։
Տեսեք, օրինակ՝ The Economist Intelligence Unit-ի վերջին զեկույցը, որում մեր երկիրը բնութագրված է որպես «հիբրիդային ռեժիմ» Նիկոլի օրոք, կամ Freedom House-ի Nations in Transit վերջին զեկույցը, որում ևս «հիբրիդային ռեժիմ է»։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2018-ից չի սպասարկում հայ ժողովրդի պետական շահերը։
– Հիմա Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը պա՞րզ է, ի՞նչ արտաքին քաղաքականություն է որդեգրել փաշինյանական իշխանությունը։
– Հայաստանի արտաքին քաղաքական վեկտոր այսօր գոյություն չունի, ոչ թե վեկտոր է, այլ՝ խզբզանք։ Մի բան է ակնհայտ, որ հստակ երևում է հայ-ռուսական հարաբերությունները միտումնավոր փչացնելու, անդառնալիության կետին հասցնելու ու Ալիևի հետ, փաստացի պասերով, Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու հիվանդագին ծրագիրը, որի այլընտրանքը որոշ տկար կամ միամիտ մարդիկ փորձում են ներկայացնել որպես եվրոպական այլընտրանք, այնինչ քարտեզից մի քիչ հասկացող, գոնե մեկ ուղեղի ծալք ունեցող գործիչները հասկանում են, որ Ռուսաստանի այլընտրանքը Հարավային Կովկասում առաջիկա տարիներին Թուրքիան է, ոչ թե Եվրոպական միությունը:
Եթե ԵՄ-ն քաղաքական, ռազմական հստակ գործիքակազմ ու ընդհանուր սահման ունենար Հայաստանի հետ, ապա կարելի էր մտածել, որ նման օրակարգը գոյության իրավունք ունի, ցավոք սրտի, Հայաստանի պարագայում Ռուսաստանի ազդեցության այլընտրանքը բացառապես Թուրքիան է, ու այդ մարդիկ փորձում են հայ ժողովրդին վաճառել թրքահպատակ հեռանկար՝ այն փաթեթավորելով եվրոպական բացիկներով։
– Պարո՛ն Աշոտյան, ո՞ր ղեկավարի օրոք է, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած նկատի ունեմ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ձեր գնահատմամբ, եղել ամենաարդյունավետը Արցախի ու Հայաստանի համար։
– Իհարկե, եթե մի քիչ երիտասարդ լինեի, չէի դիմանա գայթակղությանն ու կասեի, որ ամենաարդյունավետ արտաքին քաղաքականությունը իրականացրել է հենց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Իրականում այդպես էլ կա, որովհետև նախորդ արտաքին քաղաքականությունները փոխլրացրել ու շարունակել են իրար։ 98 թվականից Ռոբերտ Քոչարյանը խորացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից դրված հայ-ռուսական դաշնակցային առանցքը։ Տեր-Պետրոսյանի օրոք ստորագրվեց Եվրամիության հետ Հայաստանի առաջին համագործակցության պայմանագիրը, Ռոբերտ Քոչարյանը շարունակեց այդ ուղղություններով աշխատել ու հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման և կոմպլեմենտար արտաքին քաղաքականության իրականացման ուղղությամբ, օրինակ՝ հիշեցնեմ, որ Քոչարյանի օրոք է ստորագրվել Հայաստան-ՆԱՏՕ առաջին անհատական գործընկերության ծրագիրը 2007-ին։
Սերժ Սարգսյանը, արդեն նոր աշխարհաքաղաքական իրավիճակներում, նույնպես շարունակեց այդպիսի քաղաքականությունը՝ դարձնելով այն «և՛-և՛»-ի քաղաքականություն ու նոր ձեռքբերումներ արձանագրելով Հայաստանի հիմնադրման օրվանից վարվող այս խիստ տրամաբանված ու շահավետ քաղաքականության մեջ։ Նիկոլ Փաշինյանը եկավ, ու դրանից հետո մենք ականատես ենք եղել բացառապես դիվանագիտական ձախողումների։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am