Հարցազրույցներ

Իշխանությունը որևէ փուլում ԶՈՒ զարգացումն ու արդիականացումը չի դիտարկել որպես առաջնահերթություն

01.02.2023

 Հունվարի 28-ին նշվում էր Հայոց բանակի կազմավորման օրը՝ որպես հայոց պետականության երաշխավորի: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, պարտության տանելով բանակը, ոչնչացրեց նաև մեր ժողովրդի մայիսյան եռատոնի և Բանակի օրվա խորհուրդը: Արդեն որերորդ անգամ տոնը չի նշվում պետական մակարդակով: Հայաստանի Զինված ուժերի հանդեպ իշխանությունների վարած քաղաքականության և այս համատեքստում ՉԻ զրուցակիցն է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

- Պարոն Աբրահամյան, կարելի՞ է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը, կազմաքանդելով բանակը, համակարգից հեռացնելով կադրային փորձառու սպաներին, այս կերպ գնում է Ալիևի պայման-պահանջները դետալ առ դետալ իրագործելու, այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրի դրույթները կատարելու ճանապարհով:

- Պետք է նշեմ, որ իշխանությունը նպատակային ձևով դեռ 2018 թվականից փուլ առ փուլ Հայաստանի զինված ուժերը տարել է կազմաքանդման ուղղությամբ: Դրա հետևանքով համակարգում տարբեր հաստիքներ, պաշտոններ զբաղեցնող հրամանատարներ, որոնք եղել են և՛ Արցախյան ազատագրական պայքարի բովում, և՛ բանակի ու բանակաշինության ակունքներում, իշխանության որդեգրած արատավոր գործելաոճի պատճառով կամ ստիպված եղան ինքնակամ դուրս գալ համակարգից, կամ նրանցից շատերին նպատակային ձևով ուղղակի հեռացրեցին իրենց զբաղեցրած պաշտոններից: Ձերբազատվելով բավականին որակյալ բարձրագույն ռազմական կրթություն ստացած բարձրաստիճան սպաներից՝ նաև Ադրբեջանի իշխանությունների հետ տարվող քաղաքականության համատեքստում Հայաստանի իշխանությունը, իր զիջումները պարտակելու նպատակով հանրությանը փորձում էր անընդհատ մատուցել այն թեզը, թե մենք չունենք բանակ, չունենք զինված ուժեր, իբր ի վիճակի չենք պայքարելու և դրա հետևանքով ենք տարածքներ զիջում: Այդպիսով պարտությունն ու զիջումները մեր հասարակությանը հրամցնելու ճանապարհին փորձ է արվում նսեմացնել ՀՀ զինված ուժերի դերը: 

- Ինչպե՞ս եք վերաբերվում Զինված ուժերի հանդեպ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը:

- Իշխանությունը որևէ փուլում ԶՈւ զարգացումն ու արդիականացումը չի դիտարկել որպես առաջնահերթություն: Պետք է փաստեմ, որ այն, ինչ 2018-ից հետո եղել է, եղել է միայն զուտ «փաթեթավորում», քանի որ իրականում բովանդակային և խորքային որևէ լուրջ ռեֆորմ տեղի չի ունեցել: Իշխանության այս գործելաոճի հետևանքով, նրանց՝ իշխանության ղեկը ստանձնելուց չորսուկես տարի անց ունենք բանակի մարտունակության ամենամեծ խնդիրը: Ամենամեծը վերջին երեք տասնամյակում: Ավելին, իշխանությունը բանակի հանդեպ իր հետևողական քաղաքականության արդյունքում ստեղծել է իրավիճակ, որ զինված ուժերի վերականգնումը նույնիսկ նրանց հեռացումից հետո բավականին երկար ժամանակ ու ջանքեր է պահանջելու: Որովհետև նրանց հարվածները զինված ուժերի նկատմամբ եղել են թիրախային, ինչի արդյունքում զինված ուժերը այսօր բավականին մեծ խնդիրներ ունեն: 

- «Կրակի վրա բենզին լցնել» արտահայտությունը ծանոթ է անգամ երեխաներին: Բանակային երկրորդ կորպուսում կատարվածի՝ հրդեհի արդյունքում 15 զինվորի դաժան մահվան դեպքի առնչությամբ բացի պատահականորեն կրակի վրա բենզին լցնելու տարբերակից շրջանառվում են նաև այլ տարբերակներ, ընդհուպ՝ դիտավորություն ու դիվերսիա: Հնարավոր համարո՞ւմ եք նմանատիպ վարկածները։ 

- Այս պահին չեմ ուզում իրավիճակից առաջ ընկնել: Ի սկզբանե շրջանառվող տարբեր վարկածներ կային՝ սկսած արտաքին միջամտությունից, դրոնների հարվածներ, կամ դիվերսիա, վերջացրած տարբեր իրավիճակներով պայմանավորված պայթյուններ: Բուն հետաքննությանը չեմ անդրադառնա, բայց մի բան ակնհայտ է. իշխանությունը այդ ողբերգությունից մի քանի ժամ հետո Կառավարության նիստում արդեն թիրախավորում էր կոնկրետ մարդկանց, կոնկրետ մեղավորներ էր «նշանակում»՝ պայթյունի պահին կացարանում գտնվող սպայից մինչև այդ ուղղությամբ տեղակայված բրիգադի և բանակային կորպուսի հրամանատարություն: Դա իշխանության՝ բանակի դեմ ծավալած պայքարի մի մասն է կազմում: Վարկաբեկման, հեռացման այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որի հետևանքով զինծառայողների մի մասը ստիպված էր ինքնակամ լքել զինված ուժերի շարքերը: Հարկ է նշել, որ իշխանությունը փորձում է իր քաղաքական պատասխանատվության հարցը տարանջատել և մեղքը բարդել ստորին օղակում գտնվողների վրա, բայց սրա հետևանքով երկրորդ բանակային կորպուսը բառիս բուն իմաստով գլխատվեց, որովհետև այդքան հրամանատարական անձանց միանգամից պաշտոններից հեռացնելը, հատկապես Հայաստանի սահմաններին առկա այսպիսի ռիսկային իրավիճակում, ոչ այլ ինչ է, քան բանակային այդ կորպուսի գլխատում: Կորպուսի հրամանատար, չորս-հինգ տեղակալներ, նաև այդ ուղղությամբ տեղակայված բրիգադի մի շարք սպաներ: Այս կերպ շատ այլ ուրիշ խնդիրներ են առաջացնում զինված ուժերի համար, քան կանխում հետագա ողբերգությունները: 

- Պարոն Աբրահամյան, զորամասի կացարանում կատարված ողբերգությունից ընդամենը ժամեր անց դեպքի վայր գոյություն չուներ: Բազմաթիվ իրեր անհետացել էին: Ո՞ւմ էր ձեռնտու իրեղեն ապացույցների ոչնչացումը և փորձագետներին աշխատելու հնարավորությունից զրկելը:

- Իրեղեն ապացույցների հետ կապված՝ ակնհայտ է, որ իշխանության խնդիրը ոչ թե օբյեկտիվ կամ արդարամիտ քննության անցկացումն է, այլ քաղաքական իշխանության փախուստը պատասխանատվությունից: Այսինքն՝ ի սկզբանե, ողբերգությունից մի քանի ժամ հետո տեղի ունեցած Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունից արդեն պարզ էր, որ նշանակված մեղավորները զինվորականներն են, իսկ թեմայի հետ այսպես կոչված կապ չունեցողները՝ քաղաքական իշխանությունը: Եվ այս պայմաններում թե իշխանությունը ինչ լկտիությունների է ընդունակ և ինչ խախտումներ կանի, արդեն իսկ երրորդական հարց է դառնում:

- Ազատ գյուղի «զորանոցի» հայտնի հրդեհից հետո ՊՆ-ն տեղեկացրեց, որ դեռևս ամիսներ առաջ ձեռք են բերվել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Ինչո՞ւ միայն հրդեհից հետո խոսվեց իտալական մոդուլային զորանոցների մասին: 

- Եթե որևէ հատվածում մոդուլային զորանոց տեղակայելու անհրաժեշտություն է առաջացել, դա որևէ կապ չունի տվյալ կացարանում կատարված ողբերգության հետ, այն առումով, որ նույնիսկ այդ պայմաններում կարելի էր ապահովել անվտանգության կանոնները: Եթե նույնիսկ եղել է շինարարական միջամտության անհրաժեշտություն, կարելի էր ապահովել անվտանգության հետ կապված բոլոր կանոնները, ինչպես նաև ծառայության համար բարենպաստ իրավիճակ ու մթնոլորտ ստեղծել: Մոդուլային զորանոցների առկայության դեպքում ևս, եթե անվտանգության կանոնները չպահպանվեն, զենքի վարվելու պայմաններից մինչև հակահրդեհային անվտանգություն, ապա ողբերգությունը կարող էր գրանցվել նաև մոդուլային զորանոցում: Այս իրավիճակում որոշակի առումով այնքան էլ լավ չեմ հասկանում արագ մոդուլային զորանոցների թեման շրջանառության մեջ դնելու տրամաբանությունը, որովհետև կրկնում եմ՝ անկախ նրանից, թե ծառայությունը մարտական հենակետերում է, զորանոցում, թե դաշտային պայմաններում, կան դրանց համար սահմանված անվտանգության կանոններ, որոնք պետք է պահպանվեն: Միայն մոդուլային ավանների կամ նոր շենք-շինությունների կառուցմամբ միգուցե ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն հակահրդեհային անվտանգության ապահովման առումով, բայց մեծ առումով անվտանգության պայմանների համար կան սահմանված կանոններ, կան հրահանգներ, որոնք պահպանելու դեպքում հնարավոր կլինի նման ողբերգությունից զերծ մնալ:

- Ի՞նչ քայլեր պետք է սպասել Ադրբեջանից այս համապատկերում։

- Ադրբեջանում ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որովհետև ցանկացած դեպքում, երբ Ադրբեջանը որևէ մասշտաբի արկածախնդրության կամ ագրեսիայի է դիմում, բնականաբար հաշվի է առնում ինչպես զինված ուժերում, այնպես էլ՝ երկրի ներսում առկա իրավիճակը: Ադրբեջանի կողմից և՛ 44-օրյա պատերազում, և՛ դրանից հետո Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծած մարտական գործողությունների հիմքում ադրբեջանական կողմի հետախուզության և ոչ միայն, հաշվարկում վերլուծություն է եղել, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծված պայմաններում ուղղակի ի վիճակի չէ Ադրբեջանին պատշաճ հարված հասցնելու կամ պաշտպանվելու: Դրանով էր պայմանավորված, որ մենք այսպիսի մասշտաբային պատերազմ, ինչպիսին էր 44-օրյա պատերազմը, կամ դրան հետևած հինգ ագրեսիաները Հայաստանի և Արցախի վրա, ունեցանք այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանության ղեկին էր Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը: Հենց նրանք են իրենց որդեգրած քաղաքական կուրսի հետևանքով Հայաստանին հասցրել մի իրավիճակի, որի պայմաններում մեր գլխին առկա սպառնալիքները աճել են և որի պայմաններում Ադրբեջանը նպատակահարմար է համարել գնալ մի քանի փուլանի հարձակումների:

- Պարոն Աբրահամյան, ընդդիմությունը հանցավոր լռություն է պահպանում ստեղծված իրավիճակում: Մի կողմից մեր զավակներն են խոշտանգվում, մյուս կողմից կարծես երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին ենք. խոսակցություններ կան, որ անօդաչուները Ադրբեջանի երկնքից են հարվածել Իրանին: Այս ծանր իրավիճակում ո՞րն է լինելու Հայաստանի դիրքորոշումը:

- Ցանկացած պահի ինչ-որ շարժում նախաձեռնելու, ինչ-որ գործընթաց սկսելու համար անհրաժեշտ են ամուր հիմքեր, հատկապես այն պարագայում, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ընդդիմադիր ուժերը երկու մեծ շարժում են ծավալել, և երկու դեպքում էլ, ցավոք, չի հաջողվել հասնել գլխավոր նպատակին՝ այս իշխանության հեռացմանը:

Ցանկացած գործողություն, ցանկացած շարժում, ցանկացած նախաձեռնություն պետք է լինի լավ հաշվարկված, ունենա և՛ համախմբման, և՛ իշխանության դեմ արդյունավետ գործելու արդյունավետ ռեսուրսներ: Եթե այս պահին չկա որևէ ակտիվ գործողություն, դա չի ենթադրում, որ վաղը կամ մեկ շաբաթ հետո դա չի կարող լինել: Իմիջիայլոց, այս իշխանությունների հեռացման հարցը միայն խորհրդարանական ընդդիմության խնդիրը չպետք է դառնա: Դա վերաբերում է բոլոր քաղաքական-հասարակական ուժերին, նաև այն ուժերին, որոնք որևէ քաղաքական-հասարակական կառույցում ընդգրկված չեն, բայց գիտակցում են իրավիճակի լրջությունը: Այս իրավիճակում ընդդիմությունը, որը երկու անգամ չի կարողացել հաջողության հասնել, երրորդ փորձը պետք է կատարի հաշվարկված, որպեսզի արդյունավետությունը որևէ ձևով կասկածի տակ չդրվի: Հավելեմ, որ ընդդիմությունը տեղեկատվական հարթակներում բավականին ակտիվ գործում է, դա բնականաբար բավարար չէ կանխելու բոլոր այն վտանգավոր զարգացումները, որոնք այսօր նկատելի են, սակայն խոսքը և տեղեկատվական ակտիվությունը ևս բավական մեծ դեր ունեն իշխանության լկտիությունն ու սանձարձակությունը զսպելու տեսանկյունից: Ինչ վերաբերում է Իրանում կատարվածին, ապա գաղտնիք չէ, որ Իրանի դեմ ցանկացած գործողություն, ով էլ ծավալի, բնականաբար չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, քանզի Իրանը մեր տարածաշրջանում ունի հավասարակշռողի դեր, իսկ դեպի Հայաստան և Հայաստանից ելքի հիմնական երկու ուղղություններից մեկն է: Այս պարագայում ցանկացած անկայունություն, ինչ ձևով էլ դա արտահայտվի Իրանում, չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, և Հայաստանի դիրքորոշումը պետք է պայմանավորված լինի այդ ելակետով: 

- Հայաստանի իշխանությունները կարծես թե զբաղված են միայն շրջափակման մեջ գտնվող Արցախի սոցիալական խնդիրները վերացնելու աջակցության մասին հայտարարություններ անելով: Ձեր տեսակետն ինչպիսի՞ն է:

- Իշխանությունների այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է կամ կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում, ինքնին այնքան մեծ վնաս են հասցրել այս ողջ գործընթացին, որ մնացածը կարծես թե երկրորդական է դիտվում: Ի սկզբանե Արցախը ուղղակի և անուղղակի տեքստերով հայտարարել որպես Ադրբեջանի մաս, այս պարագայում բնական է, որ Հայաստանի իշխանությունների գործիքակազմը հենց դրանով էականորեն կրճատվելու է, և այդ վիճակում Հայաստանի իշխանությունը հայտնվել է իր վարած քաղաքականության պատճառով՝ համարելով, որ Արցախի հետ կապված իր անելիքը սահմանափակվում է բացառապես սոցիալ-տնտեսական բնույթի հարցերով: Մինչդեռ 88-ի համազգային շարժումից հետո և 90-ականների Ազգային ազատագրական պայքարի ողջ փուլում, մինչև 2018 թվականը, Հայաստանի բոլոր իշխանությունների համար Հայաստանը ունեցել է Արցախի անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորի առաքելությունը: Այդպես եղել է մինչև այն պահը, երբ իշխանության եկավ այս ուժը և սկզբում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ: Իսկ վերջում պարզվեց, որ իրականում նրանց նպատակը ոչ թե Արցախի հայկականությունն էր՝ անկախության կամ Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորվելու ճանապարհով, այլ ժամանակը ցույց տվեց, որ ի սկզբանե իրական նպատակը եղել է Արցախի հանձնումը, և այսօր էլ նրանց բոլոր գործողությունների հիմքում դա է:

Մելանյա Ծառուկյան

4rd.am

← Վերադառնալ ցուցակին