Հարցազրույցներ

Ծանր սպառնալիքներ կան ՌԴ ԱԳՆ-ի տեքստում․ ԵՄ դիտորդները տեղակայվում են ՌԴ-Արևմուտք դիմակայության շրջանում. Տիգրան Աբրահամյան

27.01.2023

 Factor TV–ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ

-Պարո՛ն Աբրահամյան, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ խնդիր կարող են լուծել ԵՄ դիտորդները, գիտեք՝ որոշում կայացվեց, և հնարավոր է՝ նրանք առաջիկայում տեղակայվեն Հայաստանի տարածքում։ Պարզ է, որ ԵՄ դիտորդական առաքելության խումբը զինված զորախումբ չէ և կռվի մեջ չի մտնելու Ադրբեջանի հարձակման դեպքում, բայց գոնե կարո՞ղ է Ադրբեջանի դեմ քաղաքական, դիվանագիտական զսպման գործիք լինել, որ ռազմական շանտաժի գործիքը փոքր-ինչ մեղմանա։ -ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում պետք է երկու հարթության մեջ դիտարկել։ Առաջինը վերաբերում է բուն գործողություններին, գործունությանը և դրանց քաղաքական հետևանքներին։ Երկամսյա առաքելություն իրականացնելիս առաջնագծի բոլոր ուղղություններով աշխատել են, բայց պարզ չէ, թե ինչ զեկույց է ստացվել և այն ինչ նպատակի է ծառայելու։ Ինչ վերաբերում է առավել երկարաժամկետ առաքելության իրականացմանը, ապա պաշտոնական տեղեկատվության հիմնական ուղենիշն այն է, որ այն պարեկային ծառայություն է իրականացնելու, ինչ գործառույթ է իրականացնելու սահմանամերձ հատվածներում, բայց հստակ չէ, թե ինչ գործառույթ են իրականացնելու և ինչ գործիքակազմով, պարզ չէ՝ կա՞ն տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն են տալու ավտոմատ ֆիքսել հնարավոր ագրեսիան ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտումների, այլ նաև թշնամու շարժերի ժամանակ։ Հայտնի է, որ Ադրբեջանը դիտորդական առաքելությանը չի թույլատրում սահմանագծի իր հատվածում աշխատել և, բնականաբար, ամբողջական պատկերի խնդիր լինելու է։ Բացի այդ՝ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս գործընթացները ՌԴ-Արևմուտք բավականին սուր դիմակայության պայմաններում են տեղի ունենում։ Սա Ռուսաստանի համար այնքան մտահոգիչ հարց է, որ արձագանքեց ՌԴ ԱԳ նախարարությունը, երեկ հրապարակվեց ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը, որը սպառնալիքներ էր պարունակում։ Ըստ էության՝ ՌԴ-ն սա ընդունում է որպես իր ազդեցության գոտու վրա եվրոպական կամ արևմտյան ներխուժում և սպառնում է հակադարձել։ Իսկ թե հակադարձելն ի՞նչ դրսևորում կունենա, սա հարցի մյուս կողմն է, և մեզ պետք է մտահոգի այն, թե դա Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենա։ Այսպիսի իրավիճակային զարգացման վրա բավականին ծանր ազդեցություն ունեցավ Հայաստանի իշխանությունների կեցվածքը․ ի սկզբանե ՀՀ իշխանությունը խնդիր էր դրել՝ ԵՄ դիտորդական առաքելությունը ներկայացնել ոչ թե որպես զուտ Ադրբեջանին զսպելու միջոց, այլ ամեն ինչ արվեց, որպեսզի դա մի կողմից՝ ռուսական ազդեցության, մյուս կողմից՝ արևմտյան ազդեցության կատաղի թատերաբեմ դառնա։ -Ինչպե՞ս։ -Հենց միայն այն, որ ՀՀ իշխանությունը հրապարակային առաջարկեց, ըստ էության՝ մրցույթ հայտարարեց ՀՀ սահմանագծին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Սա արդեն խնդիր էր․ Ռուսաստանը սա խնդիր է համարում։ -Ինչո՞ւ եք կարծում, որ մրցույթ հայտարարեց։ -Պայմանականորեն ասած՝ «մրցույթ» հայտարարվեց։ -Ինչքանո՞վ է օբյեկտիվ ՌԴ-ի խանդը։ ՌԴ-ն ՀՀ-ում լայն ներկայացվածություն ունի, բայց նրա ունեցած գործիքակազմն այդպես էլ չկիրառվեց, ոչ մի ռուս զինվոր չկանգնեց հայ զինվորի կողքին՝ ընդդեմ Ադրբեջանի հարձակումների։ Ռուսաստանը որևէ տեսանելի դիվանագիտական գործիք չապահովեց։ Ռուսաստանի անգործությունը խոցելի է դարձնում Հայաստանի անվտանգությունը, բնական չէ՞, որ Հայաստանը պետք է փորձի բալանսի բերել Ադրբեջանի հետ իր կշիռները։ -Երբ բաց «մրցույթ» էր հայտարարվում, դեռևս ՀՀ իշխանությունը ՌԴ-ի հետ բավական աշխատելու տեղ ուներ։ Ես չեմ ասում, թե ՀԱՊԿ-ն ավելի արդյունավետ կգործեր, քան ԵՄ դիտորդական խումբը, այս գործընթացում խնդիրը շահերը և կորուստները հաշվարկելն է։ Մեր մտահոգությունը պետք է լինի այն, որ հանկարծ Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը չհասնի Հայաստանը, որովհետև ուր հասել է, այնտեղ եղել է մեծ պայթյուն։ Որևէ պարագայում Հայաստանը պոլիգոնի չպետք է վերածվի։ Ցավալիորեն դիտարկվում են գործընթացներ, որոնց հետևանքով Հայաստանը հայտնվելու է կա՛մ ծանր, կա՛մ շատ ծանր իրավիճակում։ Եվ այս իրավիճակում, եթե անհրաժեշտություն կա Ադրբեջանին լրացուցիչ զսպաշապիկ հագցնելու, ապա պետք է առավելագույնս աշխատել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան  

factor.am

 

← Վերադառնալ ցուցակին