Հարցազրույցներ
Ներընդդիմադիր գզվռտոցներ միշտ եղել են, բայց այսօր դրա ժամանակը չէ․ Արտակ Զաքարյան
25.01.2023
Այն ինչ տեղի է ունեցել, հրամանատարությունից՝ մինչև Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախարարի և նրա տեղակալների անփութության և սեփական պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում լավ չգիտակցելու արդյունք է։ Այս մասին «AntiFake զրույց» հաղորդման ընթացքում Աստղիկ Մաթևոսյանի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հունվարի 19–ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությանը, որի հետևանքում 15 զինծառայող մահացավ։
Պաշտպանական գերատեսչության նախկին փոխնախարարը համոզված է՝ 2020թ․ պատերազմից հետո ՀՀ զինված ուժերում քաոտիկ և անորոշ տրամադրություններ են տիրում։ «Չի մշակվել այն կառուցվածքային մոդելը, ըստ որի զինված ուժերը պետք է նորից վերակազմավորվեն, վերաձևակերպեն իրենց առջև դրած խնդիրները, ունենան զարգացման տեսլական, գաղափարական հենք, հասարակություն–բանակ կապի բավարար արժեքային հիմք և իհարկե լավ ռազմաքաղաքական ղեկավարություն»,– ասաց Զաքարյանը։
Նախկին փոխնախարարը հիշեցմում է՝ 2017 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարություն տվեց Զինված ուժերի արդիականացման 6–ամյա ծրագիր գրել․ «Երկու ամսում ո՛չ միայն հայեցակարգը, տեսլականը, այլ նաև ծրագիրն ամբողջությամբ պատրաստ էր»,– պատմեց նա։
Զաքարյանը նշում է՝ դրա համար կար գիտական, քաղաքական, մասնագիտական, ռազմական, դիվանագիտական, ակադեմիական միտքը, իսկ պետությունն ուներ դրանք համախմբելու ռեսուրսը։ «Սրանք եկել են և ամբողջը «ցրել են», «քամուն են տվել»»,– ասում է Զաքարյանն ու շարունակում՝ այդ է պատճառը, որ գործող իշխանությունները ո՛չ ազգային ռազմավարության ծրագիր կարող են գրել, ո՛չ էլ դրանից ավելի թեթև բան՝ Զինված ուժերի բարեփոխումների ծրագիր։
Քաղաքական գործիչը զրույցի ընթացքում անդրադարձավ նաև երկու տարի ժամկետով Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու, Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի՝ BBC-ի «Hard Talk»–ին տված հարցազրույցի, ներընդդիմադիր հակասությունների վերաբերյալ հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում։
antifake.am