Հարցազրույցներ
ԵՄ դիտորդների տեղակայումը խնդրահարույց է հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում
24.01.2023
ԵՄ դիտորդական առաքելությունը երկու տարի կտեղակայվի Հայաստանում։ Այս որոշման հետ կապված իր դիրքորոշումը ներկայացնելով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ ԵՄ դիտորդական առաքելության երկամյա գործընթացի հետ կապված՝ առաջին հերթին պետք է հաշվի առնել արտաքին գործոնները․ սա առաջին հերթին վերաբերում է ՌԴ դիրքորոշմանը և մոտեցումներին։ «Օրեր առաջ ՌԴ արտգործնախարարը մտահոգություն, զարմանք արտահայտեց Հայաստանի որոշման կապակցությամբ՝ հայտարարելով, որ առաջինը ՀԱՊԿ-ն էր արձագանքել և պատրաստ էր առաքելություն տեղակայելու Հայաստան – Ադրբեջան սահմանագծին։ ԵՄ դիտորդների տեղակայումը խնդրահարույց է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, այլ նաև, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խուսափենք Արևմուտք – Ռուսաստան հակադրությունը մեր տարածաշրջան տեղափոխելուց, բայց ակնհայտ է, որ այստեղ կան բախվող շահեր, կան հայ-ռուսական հարաբերությունների վատացման միտումներ»,- նշեց Աբրահամյանը։ Ընդդիմադիր պատգամավորի կարծքով՝ արդյունավետության տեսանկյունից կարևոր կլիներ, եթե քաղաքացիական առաքելությունը կարողանար աշխատանք իրականացնել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում։
Մանրամասները՝ տեսանյութում։
factor.am