Հարցազրույցներ

Բանակը ցինիկաբար կործանել է, ասում է՝ հրեշավոր դեպք է տեղի ունեցել, երբ ավելի լավ է գետինը մտնի․ Շուշան Պետրոսյան

22.01.2023

Խորհուրդ տվողները շատ են, և երբ ինչ-որ մեկը գաղափար է բերում, այդ գաղափարի շուրջ հավաքվելու փոխարեն՝ ամեն մեկը սկսում է իր շտկումն անել, այդպիսով գաղափարը փլվում է։ Շատ քիչ են երկրի մասին մտածողները, ամեն մարդ իր հավակնություններով է միանում այս ապիկարների դեմ պայքարին։ Այդպես երբեք հաջողության չենք հասնի։ Այդ խնդիրը ոչ միայն այստեղ է, այլև Արցախում։ Եթե այնտեղ ապիկարը որևէ մեկին ընդառաջում է, աշխատանք է տալիս, ժպտում է, իսկ Ստեփանակերտը փոքր քաղաք է, անմիջապես ասում են՝ այսինչը մեզ ժամանակին օգնել է։ Երկիրը մոռացության է տրվում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

«Շատ մարդիկ կան, որոնք երբ տաքուկ միջավայրում են, պնդում են, որ ոչ ոք չի սիրում սրանց, ատում են, գիտակցում են սրա սրիկա, անհայրենիք բնույթը, բայց հրապարակավ նրանք ո՞ւր են։ Վախկոտների երկիր ենք դարձել։ Ի՞նչ խոսես, ո՞ւմ հետ։ Ում դե՞մ՝ պարզ է՝ հինգ տարի է՝ 2018-ի ապրիլի 23-ից սկսած, առանց վախենալու՝ ընդդեմ բոլոր սպառնալիքների, զազրախոսությունների, ծաղրի, խոսում եմ։ Անհայրենիք, դավաճան ու օտարամոլ որևէ անձ ինձ չի կարող թելադրել, թե ինչպես ապրեմ իմ երկրում։ Երբևէ խոսքի ազատությունն այսքան բռնաբարված չի եղել, որքան հիմա։ «Երկիր մեդիան», որն ուսուցանում էր, թե ինչպես սիրել հայրենիքը, սրանք փակում են։ Պատմությունը պիտի իմանաս՝ նույն սխալները չկրկնելու համար։ Ցավոք, ոչինչ չի փոխվում»,- ասաց արվեստագետը:

«Ես ավելի շատ պաշտպանության նախարար եմ, քան այդ տղան։ Մեր երկրում պաշտպանության նախարարն այդպիսին չի կարող լինել։ Այս երկրում բոլորը պիտի լինեն զինվոր, իսկ այդ կերպարին ամենաանհարիրը հենց պաշտպանության նախարարն է։ Ժամանակին ինձ մեղադրում էին, թե ինչո՞ւ եմ օգնում բանակին, չէ՞ որ դա պետք է պետությունն անի։ Մինչդեռ պետությունն անում էր։ Այն ժամանակ ամեն ինչ լուռումունջ էր արվում, ելակ չէին ուտում, խրամատներն էլ պահածոների տուփերով էին, բայց ապահով էր։ Մենք պարգևավճարներ չէինք ստանում և այդ գումարն ուղղում էինք առաջնագծի հենակետերի կացարանների կառուցմանը»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստը:

Շուշան Պետրոսյանի կարծիքով՝ երբեմնի իրավապաշտպանները հոգիները սատանային են ծախել. «Սա անհասկանալի վիճակ է, մինչդեռ կարգին բանակ ենք ունեցել։ Աստված առողջություն տա այդ գործի նվիրյալներին, քանի որ ամեն ինչ վերականգնվելու է, չարը չի կարող հարատևել։ Այս չարիքը մահով ու դագաղներով եկավ, քաղաքից ու երկրից մահվան հոտ է գալիս։ Բայց չարիքը չպետք է կոտրի մեր հեքիաթը, և որքան պարփակվենք մեր մեջ, այնքան սրանք ընդլայնվելու են։ Չարիքին պետք է վերջ տալ։ Այս երկրին, բացի վնասից՝ որևէ օգուտ չես տվել, բանակը ցինիկաբար կործանել ես, հանգիստ ասում ես՝ հրեշավոր դեպք է եղել, երբ ավելի լավ է գետինը մտնես։ Սա ի՞նչ անեծք է, ի՞նչ չարիք է։ Կողքի ջադուի աչքերից չարությունը թափվում է։ Այնքան ծանր չէր 2018-ը, որքան 2020-ի պատերազմը։ 2018-ի ճամփա փակողներից քանիսն են, որ չկան այսօր։ Թող գային, սպառնային ինձ ու մեզ, բայց միայն լինեին։ Մի ամբողջ սերունդ կոտորեց անիծյալը»:

«Բոլորն ամեն ինչի գիտակ են, ստրատեգ են, հասկանում են քաղաքականությունից ու տնտեսությունից։ Լսելու ունակություն ունեցեք, միայն խոսելով չէ, կովն էլ ձայն ունի։ Եվ հերիք է անպարկեշտ բառապաշար բանեցնեք։ Ապիկարներ են մեր իշխանության գլխին, գլոբալ առումով պինդ մեջք ունեն, լավ էլ հաշվարկել են՝ ինչքան անհայրենիք կա, հավաքել են մի թիմում։ Կան մարդիկ, որոնք միայն կոմպրոմատների արդյունքում են այդտեղ ու չեն կարող դուրս գալ։ Սրանք դասագրքերում իրենց մասին են գրել տալիս, իրենք սիրում են իրենց, և այդ սերը փոխադարձ է։ Ես նման դասական թալանչիների չեմ տեսել։ Ժամանակ առ ժամանակ պետք է հիշեցնել Ալիևի խրախճանքը, երբ նշում էր իր հաղթանակը Երկրորդ և Երրորդ նախագահներին խաղից դուրս հանելու համար, և այս ապիկար սրիկայի ողորմելի կերպարը։ Սրանք կոտրել են հայ տղամարդու մեջքը։ Այսօր շատերը հանապազօրյա հաց վաստակել էլ չեն կարողանում, Արցախում հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել։ Իսկ մի ժամանակ մենք այնքան պինդ էինք, որ հակառակորդն իր իսկ սկսած պատերազմը դադարեցնել էր խնդրում»,- ամփոփեց Շուշան Պետրոսյանը:

Դավիթ Սարգսյան

168.am

 

← Վերադառնալ ցուցակին