Հարցազրույցներ
Իշխանությունը ֆոն է ստեղծում, որ ոչ թե ՀՀ-ն է ուզում դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է Հայաստանին հեռացնում. Աբրահամյան
10.01.2023
Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսի մեխը հերթական մեղադրանքներն էին Ռուսաստանի հասցեին: Նա չշրջանցեց նաև ՀԱՊԿ անցամակցության հարցը՝ հայտարարելով, որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում, որ կազմակերպությունն իր տարածքում զորավարժություններ անցկացնի:
Ի՞նչ է թաքնված այս հայտարարության տակ և որքանով է այն վտանգավոր առանց այդ էլ բավականին բարդ իրավիճակում հայտնված Հայաստանի ու նաև Արցախի համար: Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ԱԺ “Պատիվ ունեմ” խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:
-Պարոն Աբրահամյան, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում իր տարածքում այս տարի ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը: Սա ի՞նչ նպատակ ուներ։
-Անկեղծ ասած, անհասկանալի է Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների չթույլատրելը, որովհետև եթե ՀԱՊԿ-ում ես, անկախ նրանից՝ քաղաքական հարցերի շուրջ կան խնդիրներ կամ հակասություններ, բայց եթե դու շարունակում ես մնալ այդ համակարգում, ուրեմն պետք է օգտագործես այդ համակարգի ողջ հնարավորությունները, ինչպե՛ս զորքերի ներդաշնակեցման, այնպե՛ս էլ մարտունակության բարձրացման համար։ Նաև պետք է նկատել, որ չնայած նրան, որ ամեն տարի ՀԱՊԿ անդամ տարբեր երկրներում են զորավարժություններն անցկացվում, պատահական չեմ համարում, որ ՀԱՊԿ-ն այս տարի ընտրել էր Հայաստանը, հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը, և այս պարագայում այդ զորավարժությունների անցկացումը մերժելը շատ ավելի մեծ հարցեր է առաջացնում, քան դրանք կային մինչև այդ։ Կարծում եմ, որ այս տեսանկյունից Հայաստանի իշխանությունը պետք է շատ ավելի բացվածքով փակագծերը բացի, թե իրականում ինչո՞ւ է գործընթացը կանգնեցրել և Հայաստանը համաձայնություն չի տվել այդ զորավարժությունների անցկացմանն իր տարածքում: Եթե դրա տակ կան ավելի ծանր պրոցեսներ, ապա պետք է հանրայնացվի, եթե չկա՝ այս պայմաններով առնվազն տարօրինակ է։
-Ինչպիսի՞ արձագանք կարող ենք սպասել Ռուսաստանից։
-Կարծում եմ՝ ավելին, քան եղել է այս ժամանակահատվածում, դժվար է սպասել, միգուցե, կարող են դրան հետևել որոշակի քաղաքական մեկնաբանություններ Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից: Բայց այս տեսանկյունից իրավիճակը, հատկապես Հայաստանի հետ կապված, այնքան է ծանրացել և ՀՀ-ից այնպիսի հայտարարություններ են հնչել, որ այս համատեքստում մեկ-երկու ավել հայտարարությունը իրավիճակը մեծ փոփոխության չի ենթարկի։
-Այս հայտարարության ֆոնին դարձյալ կակտիվանան խոսակցությունները, որ իշխանությունները տանում են Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալուն։ Առաջիկայում դա հավանական համարո՞ւմ եք։
-Կարծում եմ, Հայաստանի իշխանությունը փորձում է այնպիսի իրավիճակ ստեղծել, որի պայմաններում իր ներկայությունը ՀԱՊԿ-ում կլինի անիմաստ և նրա բոլոր քայլերը դրան են ուղղված։ Այսինքն՝ փորձում են ֆոն ստեղծել, որ ոչ թե Հայաստանն է ուզում դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է Հայաստանին իր կազմակերպությունից հեռացնում։ Համենայնդեպս, ՀՀ իշխանությունների քայլերն ավելի շատ այդ մոտեցումն են ցույց տալիս։
-Դուք չունեք տպավորություն այս ամբողջ գործընթացից, որ Հայաստանը, ի դեմս Փաշինյանի, կարծես բոլոր միջնորդներին փորձում է վանել, այդ թվում Ռուսաստանին, որպեսզի մնա դեմ առ դեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
-Արդյունքը ձեր նշած գործընթացի այն կդառնա, որ ուղղակի Հայաստանը կկլանեն և Հայաստանի սուվերենության հարցն առհասարակ դուրս կգա օրակարգից, ինչը նշանակում է տարածքային զիջումներ, լիակատար կախվածություն թուրք-ադրբեջանական տանդեմից։ Իրականության մեջ պարզ էլ չէ, թե Հայաստանն այս կամ այն ուժին կամ դաշնակցին վանելով ինչ նոր հարաբերություն է կառուցում մեկ այլ դերակատարի կամ միջազգային կառուցի հետ և այս պայմաններում Հայաստանի վիճակը շատ ավելի խոցելի է դառնում։
mediahub.am