Հարցազրույցներ
Այս իշխանությանն Արցախ հարկավոր չէ, իսկ այդպիսի իշխանության հետ չես կարող միասնական լինել որևէ հարցում․ Հայկ Մամիջանյան
29.12.2022
Բանակի, Արցախի, զինվորի, առաջնագծի հարցերում ընդդիմություն և իշխանություն չի կարող լինել, եթե առկա է իշխանություն։ Այս հարցերը, այո՛, ենթադրում են, որ դրանց շուրջ պետք է միասնականություն լինի, բայց արի ու տես, որ մի շարք գոյաբանական խնդիրներ մեր երկրում ոչ թե միասնության, այլ հենց իշխանության և ընդդիմության տարբերությունների անկյունաքարն են։ Իշխանությանն Արցախ հարկավոր չէ, նրանք բանակցում են առանց Արցախի։ Խոսքը ոչ թե Արցախի ներկայացուցչի՝ բանակցություններին չմասնակցելու, այլ Արցախից հրաժարվելու մասին է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Երբ 2021-ին ամբողջ ներքաղաքական դաշտը պատրաստվում էր արտահերթ ընտրություններին, ՀՀԿ-ն կոչ էր անում դրանց չմասնակցել, չլեգիտիմացնել։ Դա մենք չէինք անում՝ նեղ կուսակցական շահերից ելնելով, պարզապես արդյունքը կանխատեսելի էր։ Պարզ էր, որ Փաշինյանն ամեն ինչի գնալու է՝ ընտրություններում ցանկալի արդյունքը գրանցելու համար, պարզ էր նաև, որ այդ ընտրություններից հետո նա դառնալու է ավելի ցինիկ, լկտի ու հանդուգն, ինչպես և եղավ։ Շատ ընդդիմադիրներ համարում են, որ Հայրենիքի փրկության շարժումը ձախողեց այն ժամանակ, երբ Փաշինյանին հաջողվեց ուղիղ և փոխաբերական իմաստներով դուրս գալ թաքստոցից, երբ նա ենթադրեց, որ չնայած իր դավաճանությանն ու հակահայ գործունեությանը՝ միևնույն է, իրեն թույլ են տալիս շրջել Երևան քաղաքում, անգամ բարձրանալ Եռաբլուր»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
«Ուշադիր քաղաքացիները գիտեն, որ Աբովյան փողոցում իր և տիկնոջ քայլելու կադրը ստանալու համար նա ահռելի քանակի թիկնապահների հետ վաղ առավոտյան գնացել էր այդտեղ, ընդամենը մի քանի մետր քայլել, բայց լայն շրջանակներին մի լուսանկար էր մատուցվել, որտեղ կապիտուլյանտը հանգիստ շրջում է Երևանում։ Ցավոք, կարևորն այն է, թե ինչ կցուցադրի Հանրայինը։ Արցախի կյանքի ճանապարհը փակ է, իսկ Աննա Հակոբյանը ֆուտբոլ դիտելու լուսանկար է հրապարակում։ Ինձ վատ իմաստով հիացնում է հայ ժողովրդի համբերությունը։ Սրանք քաղաքականացրել են անգամ ընտանիքը, Փաշինյանն իր դստեր ձեռքին ժամանակին Արթուր Վանեցյանի դեմ քաղաքական տեքստեր էր տալիս, տիկնոջն էր ներգրավում այդ ամենին»,- նշեց պատգամավորը:
ՀՀԿ ԳՄ անդամի կարծիքով՝ շատ կարևոր է, որ և՛ Փաշինյանը, և՛ ՀՀ ապագա կառավարիչներն իմանան, որ որոշ բաներ անելուց հետո դու հասարակության մեջ «իզգոյ» ես դառնալու. «Այստեղ կապ չունի ո՛չ քաղաքական կշիռը, ո՛չ ընտրություններում հավաքած տոկոսը։ Ո՞ւմ է պետք այդ ամենը, եթե դու ատելի ես քո երկրում, և քեզ վերաբերվում են երեք ձևով։ Առաջինը քո պնակալեզներն ու շողոքորթներն են, որոնք հպատակվում են ամեն ինչի, քանի որ կախում ունեն։ Վերաբերմունքի երկրորդ ձևն ատելությունը, զզվանքը, դավաճանի և կապիտուլյանտի պիտակն է։ Երրորդն էլ, ժողովրդի լեզվով ասած, գրպանը գցելու վարկածն է։ Արդյոք արժե՞ ապրել մի երկրում, առավել ևս՝ փորձել զբաղեցնել վարչապետի պաշտոնը, երբ քո նկատմամբ կա այս երեք տիպի վերաբերմունքը, ընդ որում՝ երկրորդն ու երրորդը գերակշռում են»:
«Շատ հաճախ մեզ փողոցում մարդիկ են մոտենում, որոնց ցասումը Փաշինյանի նկատմամբ արդեն ուղղվում է դեպի մեզ՝ անգործության մեղադրանքով։ Բնականաբար, զոհերի այն ծնողները, որոնք մասնակցում են իշխանության կազմակերպած միջոցառումներին, չպետք է թիրախավորվեն։ Նրանք ամենաթանկն են տվել հայրենիքին՝ իրենց որդիների կյանքը։ Այսօր մենք ամոթով ենք նրանց առաջ, քանի որ մենք կանք, իսկ նրանց զավակները՝ ոչ։ Եվ այն, որ մենք կանք, շարունակում ենք ապրել Հայաստանում, զոհված տղաների արժանիքն է։ Դրա համար մի տարբերակ կա՝ մաքրել խարանը երկրի ճակատից։ Դժվար է ասել՝ դա երբ կլինի, բայց նահատակված տղաների հարազատները տեսնելու են արդար դատավճիռն ու հասկանան, որ արդարությունը վերականգնվեց։ Մեր այն հայրենակիցները, որոնք դեռևս չեն գիտակցում՝ ովքեր են մեր երկրին պատուհասած արհավիրքների իրական մեղավորները, փաստական և անհերքելի հիմքերով կտեսնեն այդ ամենը բոլոր հեռուստաալիքներով, նախևառաջ՝ Հանրայինով»,- ամփոփեց Հայկ Մամիջանյանը:
Դավիթ Սարգսյան
168.am