Հարցազրույցներ

«Հետաքրքիր ու կարևոր է, թե միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա ինչ ծավալով կլինի». Հայկ Մամիջանյան

21.12.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս գիշեր տեղի ունեցած նիստին, որը վերաբերում էր Լաչինի միջանցքի բացման հարցին, նշեց՝ պետք է կրկնի այն միտքը, որը հաճախ ասում է միջազգային գործընկերներին։

««Հայաստանի Հանրապետության» կողմը բռնելը Ղարաբաղյան հակամարտության կամ հայ-ադրբեջանական այս կամ այն տարաձայնության ձևաչափում միջազգային կառույցների կամ պետությունների համար շատ հեշտ է, որովհետև դա արդարության կողմն է իրականում։ Այնպես որ, առկա՞ է կոնսենսուս միջազգային հանրության շրջանակներում արդարության շուրջ՝ կարող ենք ասել, որ այո։ Վիճարկել նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված կետի հստակությունը, վիճարկել այն փաստը, որ իբր «էկոլոգները» կազմակերպված են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ այս ամենն անհերքելի փաստեր են։ Հետաքրքիր ու էական է, թե միջազգային ճնշումներն Ադրբեջանի վրա ինչ ծավալով կլինի և արդյո՞ք դրանք կհանգեցնեն խնդրի լուծման, այստեղ արդեն ՀՀ իշխանությունների աշխատանքի խնդիրն է»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի՝ աշխարհում, բացի թուրքերից, չի վիճարկվում այն փաստը, որ եղել է Հայոց ցեղասպանություն, ավելին՝ տարբեր երկրներ այն փաստացի ընդունում են, սակայն այս կամ այն շահերից ելնելով՝ չեն կարողանում տալ պետական ճանաչման կարգավիճակ։ Նույնը վերաբերում է նաև այս խնդրին։

«Փաստի արձանագրման տեսանկյունից, այո, կոնսենսուս կա, թե ինչ գործուն քայլեր կհետևեն դրան, դա արդեն կտեսնենք»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

168.am

 

← Վերադառնալ ցուցակին