Հարցազրույցներ

«Խայտառակ վիճակ է Գորիսում, Ջերմուկում. Փաշինյանի ձեռամբ թուրքական յաթաղանը հասավ նաև Հայաստան». Հենրիխ Դանիելյան

12.12.2022

 Այսօր Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ փակել է Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհը՝ փորձելով Արցախում ստեղծել հումանիտար աղետ։

Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության՝ ադրբեջանական գործողությունների հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, մնացել են ճանապարհին:

 

«Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, Իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ սպասողական վիճակում գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ: Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ»,- նշված է հայտարարության մեջ:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը, խոսելով հերթական անգամ Լաչինի միջանցքը փակելու ադրբեջանական անօրինականությունների մասին, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամիսներ շարունակ Հայաստանում իրենք փակում էին փողոցներ և ահազանգում հենց այսօրվա վտանգների մասին, բայց Հայաստանում ընդդիմության փակած ճանապարհները բացում են Փաշինյանին ծառայող բերետավորները։

«9 միլիարդ դրամ պարգևավճար ստացած ոստիականները՝ կարմիր և սև բերետավորերը, ջանասիրաբար բացում էին Արցախը Ադրբեջանի կազմում չտեսնողների փակած երևանյան փողոցները, բայց այսօր այդ նույն ոստիկանները՝ այդ կարմիր և սև բերետավորները, չեն բացում ադրբեջանցիների փակած փողոցները. սա է Փաշինյանի իշխանության  վերաբերմունքը Արցախի վերաբերյալ»,- ասաց Դանիելյանը։

Երիտասարդ քաղաքական գործչի գնահատմամբ՝ Արցախում ապրող հայ բնակչության անվտանգության ապահովման փոխարեն՝ Հայաստանի իշխանության ղեկավարը մտածում է սեփական իշխանության պահպանման մասին՝ հընթացս հայտարարելով, թե չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում։

«Ճիշտ է անում, որ չի նեղանում։ Փաշինյանի մտածելակերպն ու հռետորաբանությունն է թուրքական, ուստի թուրք բառից չի վիրավորվում, որովհետև դա նրա էությունն է»,- ասաց Դանիելյանը՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման վրա աչք փակողների շարքում դասելով նաև Փաշինյանին:

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավարն Արցախը Մայր Հայաստանին կապող ճանապարհի վրա դրված ադրբեջանական վրանների վրա հանգիստ նայող ՀՀ քաղաքացիներին կոչ արեց այդ վրաններին նայել ու պատկերացնել, որ վաղն էլ նման վրաններ դրվելու են հենց իրենց բակում։

«Այդ վրաններին նայեք՝ որպես ձեր տան դիմաց դրված վրանների. փաստ է, որ այսուհետև Սարյան փողոցում ապրողներն անգամ չեն կարող իրենց ապահով զգալ։ Թուրքական յաթաղանը Փաշինյանի թեթև ձեռամբ հասել է նաև Հայաստան։ Այն մարդիկ, որոնք քսան տարի շարունակ չեն իմացել այս կամ այն սահմանի գոյության մասին, հիմա իմանում են, որովհետև նախկինում այդ սահմանները պաշտպանվում էին, իսկ այսօր մենք ունենք խայտառակ իրավիճակ Ջերմուկում, Սևանում, Գորիսում, մինչդեռ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ժառանգություն էր թողնվել 50 հազար տոննա զենք, 300 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա գնելու պայմանագիր, Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանակցային ժառանգություն։ Նրանք այդ ամենը ոչնչացրել են ու այսօր պատրաստ են հանուն սեփական ամբիցիաների անգամ տալ Սևանա լիճը»,- ասաց Դանիելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան

168.am

 

← Վերադառնալ ցուցակին