Հարցազրույցներ

Փաշինյանին հեռացնել է պետք կոշտ ուժով. մեկ հարված ու մինչև վերջ. Մարգարիտ Եսայան

21.11.2022

 Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի ավարտին կազմակերպությունն ընդունել է բանաձև, որով աջակցություն է հայտնել Հայաստանին՝ մտահոգվելով տարածքային ամբողջականության խախտման առնչությամբ։

 
 
Բանաձևը համերաշխություն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանին և այս համատեքստում խորին մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի (Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայի), հատկապես դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։
 
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանի համոզմամբ՝ նմանատիպ բանաձի ընդունումը մեզ ոչինչ հիմա չի տալու: Քաղաքական գործիչը բանաձևը համարեց սոսկ մտահոգության դրսևորում և շեշտեց՝ հայկական շահի պաշտպանության տեսանկյունից շատ կարևոր էր, որ ընդգծվեր Արցախի ինքնորոշման իրավունքի անհրաժեշտության հարցը, ինչն ընդունված բանաձևում չկա։
 
«Հետևապես, իշխանափոխությունից հետո, երբ եկող իշխանություններն այդ բանաձևով ընդունված կետերը պաշտպանելու հարցով դիմեն այդ կառույցներին, այն ժամանակ նոր տեսանելի կլինի՝ արդյո՞ք սա միայն բանաձև է, թե՞ այդ կառույցները պատրաստ են իսկապես քննարկել և ընդունել այն, ինչը գրել են»,- ասաց Եսայանը՝ ընդգծելով՝ Փաշինյանի իշխանության պարագայում անհնար է ակնկալել, որ կարող է պաշտպանել հայկական շահը, որովհետև Հայաստանի այս իշխանությունը ոչ թե բանակցություններ է վարում՝ հիմնված հայկական շահի վրա, այլ՝ իրականացնում մանր չարչիություն՝ մաս-մաս հանձնելով Հայաստանն ու այդ ամենի արդյունքում պահպանելով սեփական իշխանությունը։
 
Եսայանը հրատապ համարեց հայկական շահի պաշտպանության նպատակով բանակցողի փոփոխությունը. կրկնեց՝ Փաշինյանին պետք է հեռացնել և չսպասել երբեք, որ նա դա կանի ինքնակամ։
 
«Որպես ընդդիմություն՝ նրան պետք է օր առաջ հեռացնենք, որպեսզի նոր բանակցողը քայլ առ քայլ հանուն Հայաստանի և Արցախի քայլեր նախաձեռնի։ Ինչպես հեռացել Փաշինյանին՝ հարցի հետ կապված ես ունեմ իմ անձնական համոզմունքը. Փաշինյան Նիկոլին պետք է հեռացնել կոշտ ուժով, կրկնում եմ՝ միայն ուժով, որովհետև որևէ այլ ճնշում նա չի ընդունի։ Իհա՛րկե, երբ ընդդիմությունը փողոցում էր, Փաշինյանը երազում էր բունկեր գտնել և մտնել մեջը, բայց չհեռացավ, որովհետև կան արտաքին ուժեր, որոնք նրան դեռ պահում են, ուստի երբ ասում եմ՝ կոշտ ուժ, ասում եմ՝ մեկ հարված, և վերջ։ Սա Մարգարիտ Եսայանի անձնական կարծիքն է»,- ասաց Եսայանը։
 
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան
168.am
 

← Վերադառնալ ցուցակին