Հարցազրույցներ

Թուրքիան ու Ադրբեջանը ատամներով պահում են Նիկոլին

18.11.2022

 Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանն է:

 
Այս իշխանությունը շարունակում է իր գործելաոճը․ ընդդիմադիր հայտնի քաղաքական գործիչներին լռեցնելու համար անհեթեթ քրեական գործեր են սարքվում։ Բոլոր այն ազգային ընդդիմադիր գործիչները, որոնք խոսում են փաստարկված, որոնք երկրի համար այս ծանրագույն իրավիճակում իրենց բոլոր հնարավորությունները, միջազգային կառույցների հետ ունեցած իրենց կապերը օգտագործում են Հայաստանի Հանրապետության պետականությունը փրկելու, Փաշինյանի ձեռքով Արցախի ամբողջական հանձնումը ադրբեջանին կանխելու համար՝ նրանք այս իշխանության կողմից թիրախավորվում են։ Այդ գործիչներից է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
 
Սամվել Նիկոյանը, խոսելով Արմեն Աշոտյանի դեմ սարքվող՝ փողերի լվացման շինծու գործին, ասաց հետևյալը։
 
«Նախ նշեմ, որ խոսքը չի վերաբերում Արմեն Աշոտյանի՝ 7 տարի նախարար աշխատած ժամանակահատվածին։ Այդ տարիների հետ կապված այս իշխանությունը որևէ բան չի կարողացել գտնել, չի կարողացել ինչ-որ բան կպցնել։ Չնայած 4 տարի շարունակ մանրադիտակով ուսումնասիրել է, որպեսզի ինչ-որ բան ստեղծի, և ահա որոշել են կենտրոնանալ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ եղած շրջանի վրա։
 
Աշոտյանը եղել է Բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը։ Ես շատ լավ պատկերացնում եմ կառավարման խորհուրդների դերն ու նշանակությունը, նրա նախագահի գործառույթները, քանի որ ինքս երկար տարիներ եղել եմ Պոլիտեխնիկական համալսարանի խորհրդի նախագահը, և հիմա պետք է ասեմ հետևյալը։ Որպես անկախ մարմին բուհերին է տրված ֆինանսների տնօրինումը։ Այդ հարցերը լուծելու համար բուհն ունի կառավարման խորհուրդ, որին ռեկտորը ներկայացնում է իր առաջարկները։ Դրանք քննարկվում են կառավարման խորհրդում, ապա արժանանում հավանության։ Այնպես, ինչպես Կառավարությունն է բյուջեն բերում է Ազգային ժողով ու վերջինս քննարկում է, հավանության արժանացնում, այդպես էլ արվում է բուհերի կառավարման խորհրդում։ Հիմա, պատկերացրեք, որ Կառավարությունը ինչ-որ ծրագիր լավ չի կատարել և դրա համար մեղադրում են ԱԺ նախագահին։ Սա աբսուրդ է, չէ՞։ Նույն կերպ աբսուրդ է, երբ մեղադրում են կառավարման խորհրդի նախագահին ինչ-որ ենթադրյալ ոչ նպատակային ծախսերի համար։ Սրա պատասխանատուն բուհն է՝ ռեկտորատը, ոչ թե կառավարման խորհուրդը»։
 
«Որքան տեղյակ եմ՝ այս դեպում խոսքը վերաբերում է բուհի դասախոսների ու ուսանողների ամառային հանգստի համար նախատեսված սենյակների տրամադրմանը, ինչը լավագույն ձևով օգտագործվել է, հազարավոր դասախոսներ, ուսանողներ հանգստացել են։ Հիմա ասում են՝ թանկ է եղել գնումը, բայց ի՞նչը, ինչի՞ հետ եք համեմատում, երբ ասում եք՝ թանկ եք գնել․․․ Սա անհասկանալի է։
 
Եվ ընդհանրապես, եթե կա անարդյունավետ ծախսի խնդիր, ինչի մեջ նպատակ ունեն մեղադրելու (Արմեն Աշոտյանին-Խմբ․), ապա կա մեկ պետական մարմին, որը սահմանադրությամբ լիազորված է նման գնահատականներ տալու, դա Հաշվեքննիչ պալատն է։ Այս մարմինն է, որն ունի իրավունք, գործառույթ մասնագիտորեն գնահատելու, թե այս կամ այն գնումները արդյունավետ են եղե՞լ, թե ոչ։ Հիմա այդ մարմինը չկա, և հանձնարարել են ինչ-որ մի փորաձագետի, որը չգիտես ինչը ինչի հետ համեմատելով՝ ասել է թանկ են գնել»։
 
«Այս իշխանությունը մի բան շատ լավ է հասկացել, որ Արմեն Աշոտյանի հնարավորությունը, ինտելեկտը, քաղաքական կրթվածությունը, թրծվածությունը շատ ավելին է, քան իրենց ամբողջ թիմը միասին վերցրած։ Իրենք դա շատ լավ են հասկանում։ Մի պահ մտածենք այս իշխանության դիրքերից՝ սրանք որևէ ձևով պետք է Արմենին լռեցնեն։ Նիկոլն ամեն օր մի սուտ է ասում ու ամբողջ ընդդիմադիր դաշտը սկսում է ստերը մեկնաբանել, ապացուցել։ Արմենը լինելով ինտելեկտուալ անձնավորություն՝ դա անում է շատ ավելի փաստարկված։ Դրա համար իշխանությունը պետք է ինտելեկտին լռեցնի, ու գնում է նման քայլի»։
 
«Պատերազմի ժամանակ Արմեն Աշոտյանին զորակոչեցին բանակ, նա ծառայում էր Սիսիանի հոսպիտալում՝ հոսպիտալի ղեկավարի տեղակալն էր։ Աշոտյանը, բացի իր մասնագիտական կարողությունից, բժիշկ լինելով, նա կարողանում էր նաև Եվրոպայում, միջազգային կազմակերպություններում ունեցած իր կապերը օգտագործել ու Ադրբեջանին դատապարտող հայտարարություն կորզել։ Ընդ որում, Աշոտյանը ծառայության ժամանակ միայնակ շատ ավելին կարողացավ անել, քան ամբողջ իշխանությունը իր բոլոր կառույցներով, այդ թվում Խորհրդարանով։ Բայց նրա գործը սրանց դուր չեկավ, Աշոտյանի նկատմամբ կար վերահսկողություն՝ և՛ ԱԱԾ-ի, և՛ ռազմական ոստիկանության կողմից։ Նաև Աշոտյանի ձեռքից վերցրել էին հեռախոսը, որպեսզի նա չկարողանա աշխարհի իր կապերը օգտագործել ի նպաստ մեր պետության, մեր ազգի։ Հասկանո՞ւմ եք, և դա պատերազմի ժամանակ»։
 
Սամվել Նիկոյանը անդրադարձել է նաև խորհրդարանական ընդդիմության քայլերին, և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։
 
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։
 
livenews.am
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին