Հարցազրույցներ
«Փաշինյանի ստերի շահառուն այս անգամ ուսուցիչներն են. նրանց խաբում են». Հասմիկ Ափյան
14.11.2022
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարության նպատակադրումն է՝ Հայաստանում ուսուցիչները ստանան 800 հազար, 900 հազար, 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ, և ըստ Փաշինյանի՝ կամավոր ատեստավորման համակարգը դա կարող է թույլ տալ: «Ուսուցիչները կարող են իրենք որոշում կայացնել իրենց աշխատավարձերի կրկնապատկման և նույնիսկ եռապատկման մասին»,- շեշտել էր Նիկոլ Փաշինյանը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ՀՀԿ խորհրդի անդամ Հասմիկ Ափյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը ականջահաճո հայտարարություններ անելու մեծ վարպետ է և դրանք անում է հասարակության լայն շերտերի ոգևորելու համար:
«Այս անգամ նրա ստերի շահառուները ուսուցիչներն են: Փորձելով մանիպուլացնել ուսուցիչներին՝ Փաշինյանը հայտարարել է, որ նրանք հնարավորություն կունենան ատեստավորում անցնելուց հետո իրենց աշխատավարձը դարձնել 800 հազարից մինչև մեկ միլիոն դրամ: Որպեսզի ՀՀ յուրաքանչյուր ուսուցիչ ստանա 800 հազարից մինչև 1 մլն դրամ աշխատավարձ, անհրաժեշտ է, որ ՀՀ հանրակրթության բյուջեն կազմի 288-300 մլրդ դրամ: Ի՞նչ պատկեր է այսօր. 2021-23թթ. հանրակրթության բյուջեն աճել է 23 տոկոսով՝ 103 մլրդ դրամից նախատեսելով դառնալ մինչև 127 մլրդ դրամ: Այսինքն՝ որպեսզի ՀՀ յուրաքանչյուր ուսուցիչ ստանա 800 հազար դրամ աշխատավարձ, անհրաժեշտ է, որ հանրակրթության բյուջեն աճի 280 տոկոսով: Եթե երկու տարում աճում է 23 տոկոսով, ապա պարզ է դառնում, որ առնվազն 10-12 տարի է պետք, որպեսզի ուսուցիչները ստանան առնվազն 800 հազար դրամ աշխատավարձ, ինչը հեքիաթ է թվում: Նման բան հնարավոր է միայն տնտեսական հրաշքների պարագայում, իսկ աղետալի վիճակում գտնվող երկրի դեպքում խոսել տնտեսական հրաշքներից, կարծում եմ, մեղմ ասած, անիրականանալի է: Սա հերթական սուտ հայտարարությունն է»,- ասաց նա:
Հասմիկ Ափյանի համար պարզ է, թե ինչ նպատակով են նման հայտարարություններ արվում. «Այս ամենը չվերլուծող քաղաքացիներին կարող է թվալ, թե ուսուցիչների աշխատավարձը դառնում է 800 հազար դրամ, ուրեմն՝ պետք է այնպես անել, որ նա շարունակի ղեկավարել երկիրը, ոչինչ, որ նա երկիրը տանում է կործանման, ոչինչ, որ մենք արդեն անդունդի եզրին ենք, կարևորը՝ նա մնա, որպեսզի ուսուցիչների աշխատավարձը դարձնի 800 հազար դրամ: Ոնց կանի, կարվի դա, թե ոչ, սա արդեն մնում է այլ հարթությունում: Նման բան առաջարկվում է, որ ուսուցիչների գլխի տակ էլ փափուկ բարձ դրվի»:
Փաշինյանը նշել էր, որ Հայաստանում արդեն կան 100-ավոր ուսուցիչներ, որ այդ կրկնապատկված, անգամ եռապատկված աշխատավարձը ստանում են, միևնույն ժամանակ դեռ կան 1000-ավոր ուսուցիչներ, որոնք այդ հնարավորությունից չեն օգտվել։
Հասմիկ Ափյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են ուսուցիչները խուսափում ատեստավորումից, որո՞նք են դրա ծուղակները:
«Ատեստավորումից խուսափելու պատճառներից մեկն այն է, որ չկա հավատ ու գիտակցում, թե ինչին է այն ուղղված, և այդ ատեստավորումն անցնելով՝ ինչ վերջնարդյունքի նրանք կհասնեն: Իրականում, Հայաստանում ուսուցիչների, դասախոսների ստացած աշխատավարձը շատ ցածր է, և վճարելով նման աշխատավարձ՝ խոսել կրթության որակի մասին, անիմաստ է: Իրականում, մեր ուսուցիչները կարծես հերոսներ լինեն, ովքեր չնայած այդ ցածր աշխատավարձին, իրենց գործը անձնուրաց կատարում են դպրոցներում»,- ի պատասխան՝ ասաց նա:
Հարցին՝ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ ինչո՞ւ չէիք բարձրացնում ուսուցիչների աշխատավարձերը, նա պատասխանեց. «Այո, ուսուցիչների աշխատավարձը տևական ժամանակ է, որ նման գումար է կազմում, բայց վստահաբար քայլեր էին արվում, որ այդ աշխատավարձը ներկայանալի լիներ, այնպես էր արվում, որպեսզի ուսուցիչները լինեին պետության հովանու ներքո, ոգևորեին, գնահատեին և կարևորեին նրանց աշխատանքը: Իսկ այս պարագայում ո՛չ մեկն է արվում, ո՛չ մյուսը, չի արժևորվում ուսուցիչը: Ի տարբերություն ներկայիս իշխանությունների՝ նախկինները ստահոդ հայտարարություններ չէին անում՝ ասելով, որ դա կանեին, հույսեր տային և այդ հույսերը չիրականացնեին»:
Նրա խոսքով՝ ատեստավորումը ուսուցիչներին բարձր աշխատավարձ վճարելը հետաձգելու միջոց է. «Մենք բազմիցս տեսել ենք, որ նրանք ամպագոռգոռ հայտարարություններ են անում, բայց տակը ո՛չ բովանդակություն կա, ո՛չ չափանիշներ կան, ո՛չ մասնագետների կարծիք է հաշվի առնվում, և այլն»:
Անդրադառնալով բուհական համակարգի խնդիրներին, ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսանողների և դասախոսների նկատմամբ ճնշումներին, նա ընդգծեց. «Բարձրագույն կրթության ոլորտն անմխիթար վիճակում է, թե՛ նախարարությունը, թե՛ իշխանություններն իրենց ամենօրյա քայլերով ամեն ինչ անում են բարձրագույն կրթության և գիտության վերջին տարիներին արդեն իսկ փլուզված և խարխուլ ոլորտը վերջնականապես կազմաքանդելու համար:
Շատ վատ ու բացասական երևույթներ են տեղի ունենում, քաղաքականությունն ամբողջապես ներթափանցել է բուհեր, և բազմաթիվ են այն օրինակները, թե ինչպես տարբեր դասախոսներ, որոնք լուրջ մասնագետներ են, դուրս են թողնվում բուհերից՝ միմիայն քաղաքական հայացքների պատճառով: Այս կտտանքներին ենթարկվում են նաև բուհերի տարբեր աշխատակիցներ, որոնք իրենց աշխատանքային պարտականությունները գերազանց կատարելուց զատ, ստիպված են, օրինակ՝ սպասարկել տվյալ իշխանությունների՝ կրթության հետ աղերս չունեցող նպատակները և տեղավորվել տվյալ իշխանության մոտ: Քաղաքական հետապնդումների հետևանքով՝ շատ աշխատակիցներ և դասախոսներ հայտնվել են բուհական համակարգից դուրս: Բուհերում հիմա շատ են ոտնահարվում ուսանողների իրավունքները: Ինչպես ռեկտորներն են դարձել իշխանությունների քաղաքական որոշումները դակողներ, այնպես էլ ուսանողական ինքնակառավարման մարմիններին են դարձրել գործիքներ և օգտագործում են՝ ինչպես կարողանում են: Կրթական համակարգի հետ ոնց ուզում՝ վարվում են»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am