Հարցազրույցներ
Ալիևը կարող է նոր տեղային կռիվներ սկսել. փորձում է զիջումներ կորզել՝ ասելով, թե Սևանի ափ դուրս կգա
11.11.2022
Ալիևը միջազգային հանրության մոտ տպավորություն է ձևավորում, որ իրավիճակը պատային է, եթե Հայաստանը զիջումների չգնա, ինքը նոր ռազմական գործողությունների կդիմի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Ալիևը պաշտոնական հայտարարություններում նշում է Սևանի ափ դուրս գալու հարցը ուժային ճանապարհով լուծելու մասին, ինչը ենթադրում է մի քանի հատվածներով տեղային գործողություններ, որն էլ, հավանական է՝ կվերածվի լայնամաշտաբ գործողությունների»,- ավելացրեց նա:
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի տարածքում գտնվող մեր զինծառայողների մարմինները դուրս բերելու վերաբերյալ թշնամու արգելքին՝ պատգամավորը նշեց, որ զինվորական ղեկավարությունը չպետք է թույլ տար, որ դիերը մնային թշնամու տարածքում, կարող էր ռազմական օպերացիա իրականացնել և դիերը դուրս բերել:
«Սեպտեմբերյան զոհերի մարմինները առաջնագծից ոչ շատ մեծ հեռավորության վրա են գտնվում, բառացիորեն մեր աչքի առաջ են և չենք կարողացել դուրս բերել: Դա ոչ միայն մարդկային ողբերգություն է, այլև հարված է զինված ուժերի հոգեբանական վիճակին:
Ոչ այդքան ինտենսիվ մարտերի պարագայում ադրբեջանական հատվածներում այդքան մարմիններ թողնելը խնդրահարույց է: Դիերի դուրսբերումը երկրի և բանակի ղեկավարության համար պետք է արժանապատվության հարց լիներ»,- ավելացրեց Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
24news.am