Հարցազրույցներ

Նիկոլին թույլ չենք տալու ունենալ իր երազած ընդդիմությունը․ Աննա Մկրտչյանը՝ խորհրդարան վերադառնալու մասին

11.11.2022

 Ամիսներ տեւած բոյկոտից հետո Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը եկող շաբաթ կվերադառնա խորհրդարան։ Այս առնչությամբ MediaHub-ը զրուցել է խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ։

-Տիկին Մկրտչյան, ինչո՞ւ «Պատիվ ունեմը» որոշեց վերադառնալ Ազգային ժողով, ի՞նչ հարց է լուծելու խորհրդարանում։ 

-Մեր խմբակցությունը նախորդ շաբաթ էլ եղել է խորհրդարանում՝ քվեարկությունների ֆորմատով։ Մեզ համար ԱԺ մանդատը գործիքակազմ է՝ հնարավորություն չտալու Նիկոլին ունենալ իրեն հարմար խորհրդարան, հարմար ընդդիմություն, ինչպես, օրինակ, 7-րդ գումարման Ազգային ժողովն էր։ Այնտեղ մարդիկ էին, որոնք չէին ասում Նիկոլին, որ դավաճան է, կապիտուլյանտ է։ Այնպես չէ, որ մեկ տարի առաջ խորհրդարան էինք գնացել իրենց հետ աշխատելու, որովհետեւ դավաճանների հետ աշխատել նշանակում է աշխատել դավաճանների համար։

Հետեւելով վերջին մեկ տարվա մեր գործունեությանը, կհասկանաք, որ ԱԺ-ում էինք՝ դրանց դեմքին ասելու, թե ովքեր են, ինչո՞ւ են իշխանությունը զավթել։ Մենք իրենց հնարավորություն չենք տալու ունենալ իրենց երազած ընդդիմությունը։

-Իշխանության հեռացման պահանջով է հասարակությունը ընդդիմությանը քվե տվել, արդյո՞ք խորհրդարանում ՔՊ-ականներին «դավաճան» ասելով կարդարացնեք ձեր ընտրողների սպասելիքները։ 

-Խորհրդարանում այդ իմաստով ոչինչ չի փոխվելու, չեմ էլ կարծում, որ կգտնվի 20 ուսապարկ (նկատի ունի ՔՊ-ական պատգամավորներին- Լ.Ս.), որ այնքան հայրենասիրություն, կամք կունենան մանդատները վայր դնելու։ Կրկնում եմ՝ այս քայլով թույլ չենք տալու, որ Նիկոլը կարողանա ձեւավորել իր երազած Ազգային ժողովի ընդդիմության հատվածը։ Մեր փոխարեն կարող է, օրինակ, հատուկ հանձնակատար Էդմոն Մարուքյանը գա ընդդիմություն աշխատի, որն, ըստ օդում կախված լուրերի, ամեն նիկոլահպատակ կամ թուրքահպատակ հայտարարության համար, ինչպես, օրինակ, որ «Հայաստանն այլեւս ռեսուրս չունի Արցախը պահելու», Վահագնի թաղամասում նոր տուն է ստանում։ Մենք չենք ուզում, որ այս մարդիկ խորհրդարանային ընդդիմություն դառնան։ 
Մարդիկ ովքեր մեզ հավատացել են մայիսյան պայքարի ընթացքում, տասնյակ հազարավոր հայեր, ովքեր ամիսներ շարունակ մեզ հետ գաղափարի համար պայքարել են, վստահ եմ, որ կրկին մեր կողքին կկանգնեն։ Մտայնությունը, որ գնում ենք խորհրդարան ամեն ինչ ուղղելու, այդպես չէ, դրանց միայն վռնդելով է հնարավոր որեւէ բան ուղղել։ 

-Արդյո՞ք Ազգային Ժողով վերադառնալով ընդդիմությունը դադարեցնելու է փողոցային պայքարն ու հանրահավաքները։ 

-Բացարձակ։ Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը խորհրդարանի աթոռներին նստելով պիտի սահմանափակվի։ Դա ամենեւին էլ պայքարի արդյունավետ ձեւ չի, կրկնում եմ՝ նպատակը մեկն է՝ դրանց զրկել հունվարին իրենց պլանավորված գործողությունները իրագործելուց։

 -Ի՞նչ են պլանավորել հունվարին։ 

-Հունվարին լրանում է ԱԺ հերթական նստաշրջանը, որը հնարավորություն է տալիս նիկոլենց ընդդիմադիրներին զրկել մանդատներից։ 

Լիա Սարգսյան

mediahub.am

 

← Վերադառնալ ցուցակին