Հարցազրույցներ
Ես ավելի վատ բանից եմ վախենում․ Էդուարդ Շարմազանով
29.10.2022
« Հրապարակի» զրուցակիցն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
- Պուտինի երեկվա հայտարարությանը հաջորդեց Փաշինյանի՝ ռուսական կողմի տարբերակը ստորագրելու մասին հայտարարությունը։ Փաշինյանն այլևս այլընտրանք չունի՞, թե․․․
Փաշինյանը շպագատ է նստել և ճղվում է արևմտյան, ռուսական և միգուցե նաև թուրքական կողմերին տված իր խոստումների մեջ։ Որովհետև, եթե Փաշինյանն ասում է, որ դեռևս սեպտեմբերի սկզբին հայտարարել էր, որ ինքը կողմ է ռուսական առաջարկին, ապա ո՞նց հասկանանք, որ սեպտեմբերից մինչև հիմա՝ նոյեմբերն է գրեթե, Փաշինյանն ու իր ամբողջ թիմը հակառուսականություն են քարոզում, խիստ հակառուսականություն՝ պետական մակարդակով։ Հաճախակի հանդիպումներ է կազմակերպում` հակառուսական, Ռուսաստանի Դաշնության նախագահին նույնիսկ անձնական վիրավորանքներ հնչեցնող գործիչների հետ՝ իբրև թե արտախորհրդարանական ուժերի անվան տակ, ինքն անձամբ համառուսական քարոզ է անում կառավարության նիստին` հայտարարելով, որ մեր դաշնակցին հարյուրավոր միլիոնավոր դոլարներ ենք տալիս՝ մենք զենք չունենք, Ռուսաստանը մեզ զենք չի տալիս, դրանից հետո Պուտինը կանգնեցնում է սեպտեմբերի 13 -14-ի ագրեսիան, իրենք կանգնում ասում են` շնորհակալություն Միացյալ Նահանգներին։ Բա, եթե ռուսական առաջարկին համաձայնել էիր՝ գնում էիր Պրահա ի՞նչ էիր հանդիպում։ Էնտեղ կանգնեիր ասեիր՝ մենք Վաշինգտոնի առաջարկը չենք ընդունում, բա Շառլ Միշելի հետ ի՞նչ ես հանդիպում, Բլինքենի հետ ի՞նչ ես խոսում։
- Կարծում եք` չստացվե՞ց երկու աթոռների վրա միաժամանակ նստել։
- Ինձ թվում է ինքը փորձելու է էլի խույս տալ և ռուսական տարբերակից, և արևմտյանից։ Ես ավելի վատ բանից եմ վախենում, որ ինքը հասկանում է մի բան, որ եթե Արևմուտքին ասի ոչ՝ կպատժի Ռուսաստանը, եթե Ռուսաստանին ասի ոչ՝ կպատժի արևմուտքը, եթե երկուսին ասի ոչ՝ մերժի թուրքերին, ես չեմ բացառում, որ ինքը Էրդողանին ինչ-որ բաներ խոստացած լինի․ իր բանավոր պայմանավորվածությունները շատ ավելի վտանգավոր են, քան գրավոր՝ պատժի Թուրքիան։ Չեմ բացառում, որ պայմանավորված ռազմական էսկալացիա գնա իր կառուցողական գործընկերոջ հետ։
- Մինչև Սոչիի հանդիպո՞ւմը։
- Մինչև Սոչիի հանդիպումը չեմ կարծում, բայց Սոչիի հանդիպումից հետո․․․Նիկոլ Փաշինյանը 44-օրյա ամբողջ պատերազմի ընթացքում խաբել է։ Մեկ Պուտինի հետ հեռախոսազրույց է ունենում՝ հետ կանգնում ասում է՝ ես Մակրոնի հետ կխոսեմ։ Մեկ ասում էր՝ Պուտինն առաջարկում էր հոկտեմբերի 19-ին կանգնեցնել պատերազմը, ես պատրաստ եմ կանգնեցնել պատերազմը, բայց չէր կանգնեցնում՝ հաջորդ օրը կանգնում ասում էր Սարդարապատ և Պուտինը շատ հստակ ասեց չէ՝ наши американские партнеры, իբր շփոթվեց։ Շփոթվելը ո՞րն է՝ մոնտաժ կանեին։ Սա է խնդիրը, շատ վտանգավոր խաղի մեջ է մտել, ես չեմ կարող ասել` ինչ է, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն է, որևէ լավ բան չկա։
- Մտավախություններ ունեք, որ լայնածավալ ռազմական գործողություննե՞ր կլինեն։
- Քանի Նիկոլ Փաշինյանը կա, ես մտավախություններ ունեմ միայն Հայաստանի ու Արցախի համար՝ միայն ու միայն վտանգների։
- Հնարավոր համարո՞ւմ եք մինչև նոյեմբերի 9-ը պատերազմական գործողությունների վերսկսում։
- Չեմ կարող ասել, բայց մի տարբերակ կա՝ մեր հույսը Աստվածն է և որ մեր ռուս գործընկերները, դաշնակիցները հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը դա Հայաստանը չէ։
- Չե՞ն հասկանում։
- Համենայնդեպս այս քննարկումները ցույց են տալիս, որ մեր դաշնակիցները ամբողջական չեն պատկերացնում իրավիճակը։ Գիտեք, այն, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր է՝ դա փաստ է, մենք առաջին օրվանից էինք ասում։ Բայց, կարծեմ, իրենք էին ասում 44-օրյա պատերազմից հետո, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չի և ես ասել եմ շատ հստակ, որ Նիկոլ Փաշինյանը մնացել է իշխանության 44-օրյա պատերազմից հետո բացառապես Ռուսաստանի աջակցությամբ։ Հետո երբ սկսվեց Ուկրաինան՝ ինքը փորձեց գցել Ուկրաինան, Նիկոլ Փաշինյանը չունի իզմեր, չունի հայեցակարգ, ինքը չունի որևէ արտաքին քաղաքական կողմնորոշում, ինքը ունի մի կողմնորոշում՝ իր աթոռը։ Իր աթոռը ձեռք կտա` Էրդողանի հետ եղբայր լինել, կլինի Էրդողանի հետ, ռուսակա՞ն՝ ռուսական, ինքը թքած ունի հազար ու մի Հայաստանի սուվերենության վրա։ Ինքն ասում է ինքիշխանություն, բայց ինչից մարդը շատ է խոսում՝ նա թքած ունի դրա վրա։ Ասեց` Արցախը Հայաստան է և վերջ, Ալիևն իր ներկայությամբ կանգնում ասում է` Արցախը Ադրբեջան է, ինքը ծպտուն չի հանում։ Ասեց` ինքնիշխանությունն ինձ համար սուրբ արժեք է՝ թուրքը շվշվացնելով մտավ Հայաստան՝ 127 քկմ տվեց, որևէ կոնկրետ բան չարեց այն ժամանակ։ Հիմա դրա համար եմ ասում, որ Ռուսաստանում իրենց սխալները պիտի գիտակցեն՝ մենք մեր սխալները գիտակցում ենք, իրենք իրենց սխալները պիտի գիտակցեն և չպետք է մտածել՝ а куда они денуться։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ հայ-ռուսական դաշնակցությունն ինձ համար այլնըտրանք չունի, ես հայ-ռուսական դաշնակցության կատաղի ջատագով եմ, բայց որտեղ հարգվում է Հայաստանի անկախության գաղափարը և Արցախի ինքիշխանության գաղափարը։
Հայկա Ալոյան
hraparak.am