Հարցազրույցներ

ՀՀ-ն գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ, Պուտինի մեսիջները ուղղված էին հայ ժողովրդին․ Աբրահամյան

28.10.2022

 Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները շատ դժվար է մեկնաբանել այն առումով, որ վերջին չորս տարիները ցույց են տվել, որ իշխանությունները ասում են մեկ բան, անում` ճիշտ հակառակը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում և ի պատասխան դրա՝ Նիկոլ Փաշինյանի կատարած գրառմանը։

 
«Փաշինյանի հայտարարություններից դժվար է ենթադրել, թե Հայաստանը ո՞ր ճանապարհով կգնա։ Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը գնում է պայմանական ռուսական սցենարին հակառակ ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախի ճակատագրի հետ կապված որևէ քննարկումներից։ Սցենարային առումով Հայաստանը համաձայնություն է տվել այն զարգացումներին, որը ենթադրում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում»,- ասաց Աբրահամյանը։
 
 
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հիմք չեն հասկանալու, թե Հայաստանը որ ուղղությամբ է շարժվելու։ Նիկոլ Փաշինյանի, նրա թիմակիցների հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանց առաջնային նպատակն է հնարավորինս արագ ձերբազատվել Արցախի հարցից ու, լավագույն դեպքում, սահմանափակվել հումանիտար բնույթի հարցերի բարձրաձայնմամբ», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
 
Աբրահամյանի գնահատմամբ՝ ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը տիրապետում է այն իրական զարգացումներին ու ուղղվածությանը, որն այսօր ունի Հայաստանի իշխանությունը. «Ես կարծում եմ՝ նրա հայտարարություններն ավելի շատ ուղղված էին հայ ժողովրդին՝ գիտակցելու իրավիճակի լրջությունը, վտանգավորությունը, բայց փաստացի ամրագրումն այն էր, որ Հայաստանի իշխանությունները գնում են մի ճանապարհով, որը և՛ Հայաստանի, և՛ Արցախի  շահերը տրորում է», - ընդգծեց նա։
 
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը և կաջակցի հայ ժողովրդի և ղեկավարության կողմից ընտրված ցանկացած տարբերակի։
 
«Բայց մենք ոչինչ չենք պարտադրելու: Մենք չենք կարող և չենք պատրաստվում ոչինչ թելադրել Հայաստանին: Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գտնեն, որ պետք է ընտրել այս խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ… Վաշինգտոնը, որքան ես պատկերացնում եմ, հասկանում եմ, դա նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ, եթե Հայաստանը այդպես է մտածում, լավ, խնդրեմ», - ընդգծել էր Պուտինը։
 
news.am
 

← Վերադառնալ ցուցակին