Հարցազրույցներ
Փաշինյանի 2018-ի գունավոր հեղափոխությունը նոր ժամանակների Հոկտեմբերի 27-էր՝ նույն նպատակով. Գագիկ Մինասյան
27.10.2022
Այսօր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է. ոճրագործություն, որը, եթե չլիներ, չէր կասեցվի անկախությունից հետո Հայաստանի զարգացման մեծ ընթացքը, ինչը բերելու էր նրան, որ Հայաստանը դառնալու էր ինքնիշխան և ժողովրդավար երկիր, իսկ նման երկիրն ակնկալելի էր Հայաստանի թշնամիների համար։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ շարունակելով.
«Այդ խորը մտածված տեռորիստական ակտը մեր պետականության դեմ իրականացված ոճիր էր՝ ուղղված մեր ինքնիշխանության դեմ»։
Ըստ Մինասյանի՝ հասկանալու համար, թե 1999 թվականի ոճրագործությունից հետո շարունակաբար ի՞նչ են փորձել անել Հայաստանի ինքնիշխանության հետ, նախ պետք է արձանագրել, որ Հայաստանի պետականության դեմ ուղղված քայլերը շարունակվել են 99-ից հետո՝ 2003-ին, 2008-ին, 2016 թվականին և 2018 թվականին։
«Այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ 2018 թվականին, դրանով սկսվեց մեր պետականության բոլոր հիմնասյուների հետևողական ոչնչացումը, որն ուղեկցվեց ձեռքբերումների վարկաբեկմամբ, որին հասել էինք 30 տարվա ընթացքում։
Փաշինյանի 2018 թվականի գունավոր հեղափոխությունը նոր ժամանակների Հոկտեմբերի 27-էր՝ նույն նպատակով՝ ինքնիշխանության վերացում, սակայն 2018 թվականն ավելի լավ էր նախապատրաստված. եթե 1999 թվականի Հոկտեմբերի 27-ը մեկ ակտով պլանավորած գործողություն էր, ապա 2018 թվականի գունավոր հեղափոխությունը ավելի մտածված էր ու դարձավ գունավոր հեղափոխության 4-րդ փորձը։ Պետք է նշեմ, որ այլ հետխորհրդային երկրներում գունավոր հեղափոխությունները առաջին փորձերից էլ հաջողել էին ու բերել տարածքային ու մարդկային կորուստներ»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ ընդգծելով՝ Հայաստանը կանգնած է՝ պետական ինստիտուտների, իսկ Արցախը՝ ամբողջությամբ Ադրբեջանին հանձնվելու եզրին, ինչն անելու մասին ոչ մեկ անգամ ասում է Նիկոլ Փաշինյանը՝ տգիտությամբ հայտարարելով, թե Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ նախորդ իշխանությունները Արցախը տվել են Ադրբեջանին։
«Մինչդեռ Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ ամբողջ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ն ընդունել են, որ Արցախը ինքնորոշման ընթացքի մեջ գտնվող պետություն է։ Ընդունել են, որ ԼՂԻՄ-ը ոչ թե Ադրբեջանի, այլ ինքնորոշվող ժողովրդի կամքով որոշվող տարածք է։ Կրկնում եմ՝ սա ընդունել են ԵԱՀԿ անդամ պետությունները, Հայաստանն ու անգամ Ադրբեջանը։
Հարց է առաջանում՝ լավ, այս մասին վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը չգիտի՞, միթե՞ այդքան տգետ է։
Պատասխանը պարզ է՝ սա ասելու նպատակը մեկն է՝ որպեսզի համոզի ժողովրդին, թե ինքը մեղսակցություն չունի, նախորդ իշխանության կողմից ստեղծված իրավիճակ է, որը ջարդվել է իր գլխին, իսկ իրականում այդպես ասելու պատճառն այն է, որ այս իշխանությունը թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություն է»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
Աղավնի Սուքիասյան
168.am