Հարցազրույցներ

«ՊՆ-ի որոշումը ֆիզիկապես կյանքի կոչել գրեթե անհնարին է, իսկ այս իշխանության պարագայում՝ արդեն անհնարին է». Տիգրան Աբրահամյան

18.10.2022

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

 Պարո՛ն Աբրահամյան, պաշտպանության նախարարության որոշումը, որ եռամսյա հավաքները կդառնան 25-օրյա ու պարտադիր, ի՞նչ ռիսկեր է պարունակում։

– Սկսենք այն հանգամանքից, որ գործող օրենսդրությամբ որևէ տեղ սահմանված չէ, որ վարժական հավաքները պետք է տևեն երեք ամիս, օրենքն ընդամենը սահմանում է, որ դրանք կարող են տևել մինչև երեք ամիս, այսինքն՝ Կառավարության որոշումը այս կամ հաջորդ հավաքը 25-օրյա ժամկետում անցկացնելու որևէ հոդվածային փոփոխություն չի ենթադրում։

Հավանաբար իշխանությունը փորձում է հասարակությանը ցույց տալ, որ ինքը գնում է կոմպրոմիսների, իրականության մեջ շատ ավելի քիչ ժամկետով է հավաքները կազմակերպում, բայց այս ամենի տակ շատ խոշոր մանիպուլյացիա կա։ Մարդիկ, որոնք խոսում են այն մասին, որ պետք է ամբողջ մոբիլիզացիոն ռեսուրսը գնա ու մարտական հերթապահություն կրի, արդյոք պատկերացնում են՝ ի՞նչ թվի մասին է խոսքը։

Բնականաբար, Կառավարությունը, ՊՆ-ն կամ համապատասխան ստորաբաժանումները պետք է իրենց պաշտոնից բխող իրավասությունների շրջանակներում տիրապետեն թվերին: Իհարկե դա գաղտնի թիվ է համարվում, բայց խոսքը մի քանի հարյուր հազար մարդու է վերաբերում, այսինքն՝ համարել, որ այս իշխանությունը, եթե նույնիսկ շատ ցանկանա, ունակ է մի քանի հարյուր հազար մարդու, չեմ էլ դիտարկում հանգամանքը, որ Հայաստանում մշտական սպառնալիքներ են ու պատերազմի վերահաս վտանգ, կկարողանա անհրաժեշտ պատրաստություն իրականացնել՝ անհավանական է։

Չեմ խոսում այս իշխանության գաղափարական, մասնագիտական, կազմակերպչական ու մնացած մյուս պրոբլեմատիկ ունակությունների մասին, էլ չեմ խոսում այն մասին, որ այս իշխանությունը, ըստ էության, նպատակային ձևով բանակը և նրա ուժային բլոկի կառույցները տանում է կազմալուծման։

Ես խոսեցի միայն տեխնիկական-իրավիճակային բաներից, այսինքն՝ սա ներկայացնել ռեֆորմ, մարտունակության բարձրացմանը ուղղված որոշում՝ աբսուրդի ժանրից է։

– Նկատի ունենալով անգամ այդ տեխնիկական խնդիրները՝ մտավախություն ունե՞ք, որ այս որոշումը մի բան էլ կխանգարի մարտունակության բարձրացմանը։

– Ֆիզիկապես դա կյանքի կոչել գրեթե անհնարին է, իսկ այս իշխանության պարագայում՝ արդեն անհնարին է։ Դրա համար մեզ նման երկրներում, առհասարակ զինված ուժերում, կան տարբեր մեթոդիկաներ, ուղղություններ, որոնց միջոցով տեղի են ունենում ՄՕԲ ռեսուրսի կատարելագործումը, մարտունակության բարձրացումը, կանոնավոր զորքերի հետ նրանց ներդաշնակեցումը, որովհետև փաստաթղթային առումով, ցանկացած զորամասի համար կա խաղաղ ժամանակների և պատերազմական ժամանակների հաստիքացուցակ, որը ենթադրում է անձնակազմի մեծացում:

Այսինքն՝ դու պետք է վերցնես այն իրական թիվը, որն ունես, ոչ թե ամբողջական ռեսուրսը, աշխատես այդ ռեսուրսի վրա, որոնք այս կամ այն սցենարային զարգացման դեպքում քեզ համար առաջնային կարևորություն ունեն, նոր հետո զբաղվես ամբողջական ռեսուրսով։ Մինչև ամբողջական ռեսուրսով զբաղվելը պետք է սելեկցիա կատարվի զորակազմերին կցագրված անձնակազմի մասով, ըստ մասնագիտությունների, ըստ առաջնային ուղղությունների, որից հետո նոր միայն մտածել մոբիլիզացիոն ողջ ռեսուրսը համապատասխան մարտական վիճակի պատրաստության բերելու համար։

 Պարո՛ն Աբրահամյան, իսկ հնարավո՞ր է, որ սա դժգոհությունների տեղիք տա։

– Այս թեմայի մեջ մի շատ մեծ բաց կա, որը շատ քիչ է քննարկվում․ մի կողմից խոսվում է վարժական հավաքների մասին, մյուս կողմից ՊՆ կամ Կառավարության ղեկավարը խոսում է մարտական հերթապահության անցկացման մասին՝ ՄՕԲ ռեսուրսի ներգրավման միջոցով։

Վարժական հավաքը սահմանված է օրենքով, այն մարտական հերթապահություն չէ, երկշաբաթյա մարտական հերթապահության իրականացմամբ ՄՕԲ ռեսուրսի ապահովում չի իրականացվում, մաքսիմում այստեղ հրահանգավորում իրականացնես՝ անվտանգային կանոններից սկսած, վերջացրած այլ կանոններով, բայց մարտական հերթապահության երկշաբաթյա կրումը չի նշանակում ՄՕԲ ռեսուրսի կատարելագործում, ունակությունների բարձրացում, այսինքն՝ մեկ այլ խնդիր դրվում է, մեկ այլ խնդրի մասին խոսվում է, ու ո՛չ դրվածը, ո՛չ իրականացվողը իրենց նպատակին այս իրավիճակում, բնականաբար, չեն կարող ծառայել։

– Իսկ կանանց ներգրավվածությունը բանակում, որը ևս պատրաստվում է իշխանությունը կյանքի կոչել, ի՞նչ է տալու։

– Կանանց մասնակցություն զինված ուժերում կա և՛ սպայական, և՛ պայմանագրային անձնակազմում։ Որքան ես հասկանում եմ, խոսքը կամավոր հիմունքներով ներգրավվածության մասին է։ Հայաստանում կանանց հրաձգային ստորաբաժանումներ ձևավորելու փորձ կատարվել է, բայց վերջնարդյունքի մասին տեղյակ չեմ։ Առանձին ստորաբաժանումներ էլ կան՝ սկսած կապի հանգույցներից վերջացրած հատուկ նշանակության ստորաբաժանումներով, որոնցում կանանց ներգրավվածությունը եղել է, բայց այն, ինչի մասին խոսում է իշխանությունը, դեռևս ինձ համար անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, ու որտեղ է նախատեսվում կանանց ներգրավվածության մեծացումը, միայն դրանից հետո հնարավոր կլինի հստակ գնահատականներ հնչեցնել։

– Քանի որ դուք հաճախ եք լինում մարտական դիրքերում և տիրապետում եք այնտեղ առկա վիճակին, կխնդրեմ, որքան կարելի է, ներկայացնեք՝ ի՞նչ վիճակ է այնտեղ, գործադիրի ղեկավարը, օրինակ՝ ասում է, որ բանակում որևէ խնդիր առկա չէ։

– 44-օրյա պատերազմից հետո զինված ուժերում որևէ լուրջ ռեֆորմ տեղի չի ունեցել, ըստ այդմ էլ դա որևէ ազդեցություն չի ունեցել առաջնագծի վրա։

 Այդ դեպքում՝ ինչո՞ւ են նման հայտարարություններ անում, պարո՛ն Աբրահամյան։

– Ստում են պարզապես, փորձում են հասարակությանը մոլորեցնել, որևէ ձևով պատասխան չտալով, թե ինչպես է, թեկուզ ոչ այնքան ինտենսիվ ռազմական գործողությունների պայմաններում, զինված ուժերը 200-ից ավելի զոհ ու մեծաթիվ վիրավորներ ունենում, էլ չեմ խոսում գերեվարված անձանց և անհետ կորածների մասին։

– Այդ բարեփոխումների հնարավորությունը չունի՞ պետությունը, թե՞ ուղղակի չի արվում։

– Չկա քաղաքական կամք, չկան դերակատարներ, որոնք պետք է գնան նման խնդիրների իրացմանը, որովհետև զինված ուժերում ռեֆորմներ իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կամք, երկրորդը՝ կոնկրետ դերակատարներ, որոնք ունեն պրոֆեսիոնալիզմ ու հմտություններ, որոնց մեջքի հետևում կա պետություն, ու որի պայմաններում հնարավոր է ռեֆորմներ իրականացնել։ Այս իշխանության պարագայում դա բացառելի է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

← Վերադառնալ ցուցակին