Հարցազրույցներ
«Լինելու է պատերազմ. սրանք պատերազմով են Սյունիքը տալու». Էդուարդ Շարմազանով
13.10.2022
Հոկտեմբերի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին և ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ շեշտել. «Շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ Հայաստանը ցանկանում է լսել ՌԴ հստակ դիրքորոշումը, մենք ցանկանում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը»։
Ի պատասխան Արարատ Միրզոյանի բարձրաձայնած ցանկության՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է՝ երբ Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ արտահերթ նիստ գումարել, այն կայացել է, Հայաստանն առաջարկել է դիտորդներ ուղարկել, ինչի համար ընդամենը պահանջվում է ՀԱՊԿ նախագահողի՝ Հայաստանի կողմից խորհրդի որոշում։
«Այնպես որ, հենց ժամանակ ունենանք մենք, պատրաստ ենք. այդ առաքելությունը կարող է սկսել իր աշխատանքը»,- ասել է Լավրովը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Միրզոյան-Լավրով երկխոսությունը դիվանագիտական լեզվից թարգմանելով՝ նշեց.
«Այս երկխոսությունը ցույց է տալիս այն ողորմելի վիճակը, որի մեջ է Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Լավրովն Արարատ Միրզոյանին ասաց՝ ձեր սեպարատ պայմանավորվածությունները, որոնց գնում եք Արևմուտքի միջնորդությամբ, Ալիևի և Էրդողանի հետ, գցել ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի գրպանը։ Լավրովն ասաց, որ դուք ձեր պարտականությունները չեք կատարում, հարայ-հրոցով դա ուզում եք բարդել Ռուսաստանի վրա։ Լավրովն ասաց նաև, որ Հայաստանը, որպես Հայաստանի սահմանների երաշխավոր պետություն, իր պարտականությունը չի կատարում»,- ասաց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ այն քաղաքականությունը, որը վարում է Հայաստանի իշխանությունը, հանգեցնում է նրան, որ Հայաստանի դռները բացվում են թուրք-ադրբեջանական միացյալ բանակների առջև, սրանից բացի, Արևմուտքի միջնորդությամբ Ռուսաստանի թիկունքում Արցախն Ադրբեջանին հանձնելու բանակցություններ են վարում։
«Արցախից բացի, այս մահաբեր իշխանությունը փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը՝ դրա համար սերմանելով արհեստական հակառուսականություն։ Այս իշխանությունը նաև մոտեցնում է պատերազմը Հայաստանի սահմաններին. սա լինելու է 44-օրյա պատերազմի նման թուրք-ՆԱՏՕ-ական ուժերի կողմից և այս իշխանության լռության ներքո։ Այս իշխանությունը պատերազմով տալու է Սյունիքը և Հայաստանը դարձնի թուրքական ֆուռերի համար ճանապարհ»,- ասաց Շարմազանովը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
Աղավնի Սուքիասյան
168.am