Հարցազրույցներ
«Դու ո՞ւմ ես պետք». Հենրիխ Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին
11.10.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ասել է, որ պարզել են Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդար։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթած բեռնատարի ղեկին կարող էր լինել մեքենայի սեփականատիրոջ հորեղբայրը՝ 51-ամյա Մահիր Յուսուբովը, որը ծնունդով Վրաստանից է, ազգությամբ ադրբեջանցի:
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը դեպքի հետ կապված հարցեր ունի իշխանություններին՝ ինչպե՞ս է այդ բեռնատարը մտել Հայաստան, ինչո՞ւ չի ստուգվել, եթե ստուգվել է, ո՞վ է եղել ստուգողը, եթե ստուգվել է ու չի արձանագրվել, որ մեջը պայթուցիկ կա, ո՞վ է եղել անցակետի այդ օրվա պատասխանատուն:
«Մեր բախտն ուղղակի բերել է, որ այդ բեռը չի տրաքել ՀՀ տարածքում: ԱԱԾ-ն մինչև հիմա Փաշինյանի հրամանով սատանա է փնտրում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դանիելյանի խոսքով՝ իշխանություններից պետք չէ սպասել այնպիսի լուծումներ, որոնք կբխեն ՀՀ պետական շահերից. «Նրանք իրենց ողջ ռեսուրսն օգտագործում են, որպեսզի կարողանան մարդկանց հրամցնել, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, որ ՀԱՊԿ-ը մեզ խանգարում է և այլն: Նրանք ոչ թե օգտագործում են «և՛-և՛» սկզբունքը, այլ՝ «կա՛մ-կա՛մ», այսինքն՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ Արևմուտք: ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան այսօր Թուրքիայի հետ բանակցություններ են իրականացնում, թե ինչ պետք է լինի Հայաստանի ճակատագիրը, իսկ Նիկոլ Փաշինյանն այնտեղ սպասավորի կարգավիճակում փորձում է ՀՀ-ում իր իշխանությունը պահպանել: Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերություններում աննախադեպ առճակատումներ են, Փաշինյանն արդեն ուղիղ տեքստով թե՛ ՄԱԿ-ում, թե՛ կառավարության նիստերի դահլիճում մեղադրում է ՌԴ-ին՝ քայլեր չանելու մեջ՝ փորձելով ժողովրդին մանիպուլացնել և խաբեությամբ ներկայացնել այլ իրավիճակ: Եթե դու երկրի ղեկավար ես, ունես ՊՆ, բանակ, դու ինչո՞ւ պետք է մեղադրես այլ երկրի, որը քեզ չի պաշտպանում, բա դու ո՞ւմ ես պետք»:
Դիտարկմանը՝ ասում են՝ Ռուսաստանը պարտավորություններ ունի, որոնք չի կատարում, նա արձագանքեց. «Առաջին պարտավորությունն ունես դու, որ կարողանաս պահպանել քո սուվերեն տարածքը: Եթե դու չես կարողանում պահպանել քո սուվերեն տարածքը, ո՞նց ես պատկերացնում քո անկախությունը, քո սուվերեն լինելը: Նրանք փորձում են վեկտոր փոխել, գնալ դեպի Արևմուտք: Անդրկովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Թուրքիան է, այսինքն՝ մենք Ռուսաստանին ասում ենք՝ ցտեսություն, Թուրքիային ասում ենք՝ ողջո՞ւյն: Եթե դու ենթակառուցվածքները բացում ես, լավ ես անում, ո՞վ է պահելու այդ ենթակառուցվածքները, հայ-թուրքական սահմանն ո՞վ է պահելու, եթե դու Ռուսաստանին հեռացնում ես: Սրանք հարցեր են, որոնք առաջիկայում լուրջ խնդիրներ են առաջացնելու, և որոնց պատճառով չի կարող հօգուտ ՀՀ-ի ինչ-որ բանակցային ելք լինել: Մենք գործ ունենք գերտերությունների հետ, և ցանկացած գերտերության հետ ուղիղ առճակատման մտնելու դեպքում չես կարող չվնասվել: Նրանք ունեն սպասավորի հոգեբանություն և մտածում են՝ ո՞ւմ սպասավորը կարելի է լինել՝ Ռուսաստանի՞, Ֆրանսիայի՞, թե՞ ԱՄՆ-ի: Նրանք չեն հասկանում, որ դիվանագիտական հարաբերությունները ստեղծված են նրա համար, որ կարողանաս դիվանագիտական հմտություններ կիրառելով՝ բոլորի հետ ունենաս լավ հարաբերություններ՝ «և՛-և՛»-ի սկզբունքով»:
Հենրիխ Դանիելյանը շեշտեց՝ գործող իշխանությունների համար կարևորը սեփական անվտանգությունն է. «Գրեթե 9 մլրդ դրամ նրանք հատկացրել են ոստիկանությանը՝ որպես խրախուսանք և պարգևատրում: Այդ 9 մլրդ դրամով կարելի էր ամենալավ զրահաբաճկոններն ու սաղավարտները գնել մեր զինծառայողների համար, որպեսզի այսօր չունենայինք խնդիրներ: Նրանք լուծում են իրենց սեփական խնդիրները, հանգստանում են թանկարժեք վայրերում, գնում են այնպիսի երկրներ, որոնց մասին անգամ չեն լսել: Նրանք մոռացել են ՀՀ-ի մասին: ՀՀ-ն ունի ռեսուրս, հնարավորություն, բայց այն այսօր ղեկավարում են մարդիկ, որոնք ցանկություն չունեն ՀՀ-ի համար որևէ բան անել»:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հարց էր բարձրացրել, թե ինչո՞ւ կանոնավոր զորքերի վրա մարտական խնդիր չի դրվում սահմանագծի որևէ ուղղությամբ և առաջնահերթությունը տրվում է կամավորականին կամ ուսումնավարժական հավաքի մասնակիցներին, և հիշեցրել էր, որ և՛ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների, և թե՛ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ (որոշ վերապահումներով), ոստիկանության զորքերը մասնակցություն են ունեցել։
Հենրիխ Դանիելյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում՝ ինչո՞ւ ոստիկանությանը հիմա նման հրաման չի տրվում, թե՞ ոստիկանները Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու և ընդդիմադիրներին ասֆալտին փռելու համար են:
«Այո, շատ հարցեր են առաջանում. Այդ կարմիր բերետավորները, որոնք զոհված զինծառայողների մայրերին Եռաբլուրում քաշքշում էին, ինչո՞ւ նրանց չեն ուղարկում այնտեղ, որտեղ յաշմաներ կան, տղա՞ եք՝ գնացեք՝ իրենց քաշքշեք: Իհարկե, այնտեղ կան որոշակի տոկոսով իրական սպաներ, բայց այդ մարդիկ այսօր մարգինալ հատված են ուժային համակարգում»,- ի պատասխան՝ ասաց նա:
ՀՀԿ ԵԿ նախագահը նշեց, որ իրենց կուսակցությունը 24-ժամյա ռեժիմով աշխատում է, հանդիպումներ են կազմակերպվում կուսակցության երևանյան և մարզային գրասենյակներում. «Մենք վերհանել ենք բոլոր այն բացերը, որոնք կարելի է շտկել, և պայքարի ինչ-որ փուլում կարողանանք իրականացնել: Ուզում եմ վստահեցնել բոլորին՝ ՀՀԿ ներկայացուցիչների լեքսիկոնի մեջ չկա հանձնվել բառը, մենք չենք հանձնվելու, ետ քայլ չունենք, գնալու ենք մինչև վերջնական հաղթանակ, մենք խրամատը չենք լքել, չենք լքում և չենք լքելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am