Հարցազրույցներ

«Նիկոլ Փաշինյանին 2018-ի ապրիլի 25-ին պետք էր արդեն հեռացնել». Հայկ Մամիջանյան

07.10.2022

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը

 – Պարո՛ն Մամիջանյան, որպեսզի կոնկրետ չանդրադառնանք երկու օր առաջ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերին, կխնդրեմ ընդհանուր գնահատական հնչեցնել իշխանության ներկայացուցիչների նմանօրինակ հայտարարություններին։ Նկատի ունենալով նրանց կողմից հնչեցվող նման հայտարարությունները՝ կարո՞ղ եք ասել՝ ինչ քաղաքականություն է որդեգրել գործող իշխանությունը։

– Փաշինյանի ելույթը խորհրդարանում իր մշտական ամպլուայի, այն է՝ պաթոլոգիկ սուտասանի ամպլուայի մեջ էր, նրա ամբողջ խոսքը պարունակում էր սուտ, մանիպուլյատիվ տեղեկություններ, ու ես կխոսեմ դրանցից յուրաքանչյուրի մասին առանձին։

Կետ համար առաջին․ Մադրիդյան սկզբունքները ներառվել են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երեք կառավարությունների ծրագրերի մեջ 2018, 2019 և 2021 թվականներին։ Եթե դրանք այդքան վատ սկզբունքներ էին, ինչի՞ համար է նա դրանք ներառել իր կառավարության ծրագրում։

Երկրորդ՝ այն ցնդաբանությունը, երբ ասում է, որ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը վատն է, եկեք մի քանի կետով պատասխանեմ.
1․ Փաշինյանն ինքն իր բերանով է ասել, որ Կազանյան փաստաթուղթը լավագույն տարբերակն էր, որը կարող էր ստանալ Հայաստանը: Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը Կազանի փաստաթուղթն է նաև, հիմա՝ լավագո՞ւյնն էր, թե՞ վատագույնը։
2․ Սերժ Սարգսյանի թողած ժառանգության մաս էին կազմում նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք հնարավորություն էին տալիս մշտադիտարկման առաքելություն իրականացնել արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով։

Փաշինյանի իշխանության գալուց հետո որևէ անդրադարձ չի եղել այդ համաձայնագրերին, ու առաջին անգամ 2019-ի դեկտեմբերին Զոհրաբ Մնացականյանը դրա մասին խոսեց։ Այսինքն՝ փաստացի շուրջ մեկուկես տարի ոչինչ չի արվել դրանց իմպլեմենտացիայի համար:

Համեմատականի համար ասեմ, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած Բայրամով-Միրզոյան հանդիպման արդյունքներից մեկն էլ այն էր, որ սկսեցին քննարկել արդեն հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով մշտադիտարկման առաքելությունը, այսինքն՝ չորս տարվա ընթացքում իրենք մեր թողած, կնքած, հաստատված համաձայնագրերը հասցրել են նրան, որ հիմա ընդամենը սկսում են դրա մասին խոսակցություն, ու եթե մեր ժամանակ խոսվում էր արցախա-ադրբեջանական շփման գծի մասին, իրենք խոսում են հայ-ադրբեջանական շփման գծի մասին։

Երբ Փաշինյանը խոսում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, անում է մի շարք հակահայկական գործողություններ․
1․ վկայակոչելով ԱՊՀ անդամության ու ԱՊՀ փաստաթղթի վավերացումը՝ չի նշում, որ ՀՀ Սահմանադրական դատարանը դրա հետ կապված վերապահում է արել, ու Հայաստանը վավերացրել է այդ փաստաթուղթը վերապահումով, իսկ վերապահումը վերաբերում է հենց ղարաբաղյան հակամարտության խնդրին։
2․ ԱՊՀ անդամ երկրներ կան, որոնք իրար հետ տարածքային խնդիրներ ունեն։
3․ ՄԱԿ-ի անդամ երկրներ կան, որոնք իրար հետ տարածքային խնդիրներ ունեն, Ճապոնիան ու Ռուսաստանը մինչև հիմա իրար հետ տարածքային վեճ ունեն, միջինասիական երկրների մեծ մասն իրար հետ տարածքային վեճի մեջ է։ Եվ ամենակարևորը՝ ղարաբաղյան հակամարտությունը տարածքային ամբողջականության խնդիր, վեճ չէ, այն ազգերի ինքնորոշման կոնֆլիկտ է։

Հաջորդ կետը, որը Փաշինյանն անընդհատ մեջբերում է, որը ևս հակահայկական է, 2010 թվականի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին հղումն է` Վարչատարածքային բաժանման ներպետական օրենսդրությունը չի կարող միջազգային իրավունքի գործոն, կռվան լինել։ Այդ տրամաբանությամբ՝ հիմա, եթե Հայաստանի ԱԺ-ն օրենք ընդունի, որ Բոսֆորը Հայաստանին է պատկանում, վե՞րջ, միջազգային իրավունքի տեսանկյունից դա դառնալու է վիճելի տարա՞ծք։

Իմ համեստ կարծիքով ու ուսումնասիրությամբ՝ ադրբեջանական կողմն այս տարիների ընթացքում ո՛չ 2010 թվականի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն է բերել որպես կռվան, ո՛չ երբևէ ԱՊՀ-ի այդ ասպեկտը։ Այսինքն՝ իր հակահայկական մանիպուլյատիվ հայտարարությունների պատճառով, երբ փոխվի Հայաստանի հիմնական բանակցողը, ու լինի նորմալ մարդ, այդ ամեն ինչը Հայաստանի առաջ դնելու են։ Այսինքն՝ ինքն Ադրբեջանի համար կռվաններ է ավելացրել։

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ հիմնական բանակցողի փոփոխությունը օրհասական անհրաժեշտություն է նաև այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը վստահաբար կաշկանդված է ու Հայաստանին էլ կաշկանդել է բանավոր խոստումներով ու պայմանավորվածություններով, այնպես, ինչպես եղել է Սյունիքից զորքերի հետքաշման հրամանով, որի հիմքը մինչև հիմա ՊՆ-ն չի կարողանում տրամադրել։

– Իսկ նման հայտարարություններն ի՞նչ նպատակով են արվում։

– Շատ պարզ տրամաբանություն է․ թե՛ խորհրդարանում արտահայտած այդ մտքերը, թե՛ այդ հավաստի աղբյուրով հրապարակումները հետապնդում են մեկ պարզ նպատակ․ Փաշինյանն ունի մեղավորներ նշանակելու ու սեփական կաշին ու աթոռը փրկելու ցանկություն, ընդ որում՝ մեղավորներ նշանակելն իր մոտ էվոլյուցիա է ապրել. սկզբում նախկիններն էին մեղավոր, հետո իր նշանակած ԱԱԾ, գլխավոր շտաբի պետերը, պաշտպանության նախարարները, հետո՝ գերտերություններն ու համաշխարհային ուժային կենտրոնները, հիմա հասել է նրան, որ երևույթներն են մեղավոր, օրինակ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում որ աշխարհում ոչ մի երկիր մեզ գործուն աջակցություն չի ցուցաբերել՝ մեղավորը քովիդն էր։

Այս հայտարարություններով ու հավաստի աղբյուրներով նա ևս մեկ խնդիր է լուծում․ այսպես ասած Օվերտոնի պատուհան է բացում, այսինքն՝ հանրային, հասարակական-քաղաքական դիսկուրս նետել այն ահասարսուռ ու աղետալի բանակցային վիճակը, որն առկա է այս պահին, ու որոշ ժամանակ անց այդ թեման ծամվելով ու քննարկվելով՝ մեղմել ժողովրդի ցասումն այդ ամենի վերաբերյալ։

Գումարած սրան իր վերջին ինքնահարցազրույցը, այլ կերպ չեմ կարող դա անվանել, ուղղված էր նաև իր թիմակիցներին, որոնք, ըստ իմ տեղեկությունների, անդադար նրանից պահանջում են ակտիվություն, խոսք ու խոր անհանգստություն ունեն Փաշինյանի գործողությունների հետ կապված, այնպես որ, նա վստահություն չունի նաև իր թիմակիցների շրջանում։

– Պրահայում տեղի ունեցած հանդիպումներից ի՞նչ ակնկալիքներ ունեք, պարո՛ն Մամիջանյան։

– Եթե Փաշինյանը նույնիսկ Լիխտենշտեյնի ղեկավարի հետ հանդիպի, իմ միակ մտավախությունն այն է, որ Հայաստանը կկրի տարածքային կորուստներ․ ինքն ում հետ էլ հանդիպի՝ չարիք է։

– Իսկ այդ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր համարո՞ւմ եք, թե՞ ոչ։

– Էականը ոչ թե կնքելու հնարավորությունը կամ անհնարինությունն է, այլ այդ պայմանագրի բովանդակությունը։ Այն նարատիվը, որը որդեգրել են Փաշինյանն ու իր թիմը, այն է՝ դիվերսիֆիկացնել, զատել հայ-ադրբեջանական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտությունից, նշանակում է այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ասում ենք` Փաշինյանի ղեկավարած Հայաստանը «ձեռքերը լվանում է» Արցախից ու անհնարին է դարձնում արցախյան հակամարտության հայանպաստ լուծումը, որովհետև միջազգային հարաբերությունների պատմության մեջ ես չգիտեմ ազգերի ինքնորոշման հակամարտության լուծման առնվազն մեկ դեպք, երբ ինքնորոշվող սուբյեկտը բանակցել է ուղիղ մետրոպոլիայի հետ, առավելևս, երբ մենք խոսում ենք Արցախի այժմյան վիրավոր վիճակի մասին։

Խաղաղության պայմանագիր կոչվածի այդ մեկ սկզբունքն են ասել, որն աղետ է։

– Իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը Նիկոլ Փաշինյանի նշած 29800 քառակուսի կիլոմետր տարածքով։ Ձեր խոսքում ասացիք նաև, որ Փաշինյանը Ադրբեջանի կռվաններն է ավելացնում իր տարատեսակ հայտարարություններով, միտումնավո՞ր է անում։

– Իր նշած թվով խոսակցությունները հետագայում հղի են մեծագույն խնդիրներով, որովհետև այդ թիվը վերհանում է անկլավների հարցը, որը շատ խոցելի ու վտանգավոր է։ Կապ չունի՝ դա միտումնավո՞ր է անում, թե՞ գիտակցված, արդյունքն այն է, որ դա դավաճանություն է։ Եթե միտումնավոր է արել՝ դավաճան է, եթե դա միտումնավոր չի արել՝ իր միակ աշխատանքն էր դա իմանալը։

– Պարո՛ն Մամիջանյան, խոսենք նաև ընդդիմության գործողությունների մասին, որովհետև հանրության մի զգալի մաս սպասում է, որ ընդդիմությունը, այդ թվում՝ ձեր քաղաքական ուժը, կոնկրետ գործողություններ կանի, որոնց արդյունքը շոշափելի կլինի։

– Առկա իրավիճակից դուրս գալու հնարավոր բոլոր ներքաղաքական լուծումները ունեն մեկ ընդհանրություն՝ դրանց բոլորի համար անհրաժեշտ է լայն հասարակական կոնսոլիդացիա, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է հասարակությանը տեղեկացնել այն գործընթացների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում, այն, ինչով մենք զբաղվում ենք այս պահին։

Հասկանում եմ, որ այս իշխանություններից հասարակությունն ակնկալիք չունի ու ակնկալիքներ ունի ընդդիմությունից, բայց ընդդիմության գործիքակազմը խիստ սահմանափակ է, այսինքն՝ ներառում է բացառապես իշխանափոխությունը այս պարագայում։

– Իսկ այդ կոնսոլիդացիայի համար ի՞նչ եք անում, պարո՛ն Մամիջանյան։

– Այդ թվում հիմա դրանով եմ զբաղվում՝ ձեզ հարցազրույց տալով, իսկ եթե ավելի մանրամասն՝ ամբողջ գործիքակազմը՝ ԶԼՄ-ներից մինչև հանդիպումներ ու առանձնազրույցներ մեր քաղաքացիների հետ, կիրառվում է դրան հասնելու համար։

– Ընդդիմությունը մտավախություն չունի՞, որ մինչև այդ կոնսոլիդացիան լինի, մինչև Հայաստանում հնարավոր լինի իշխանափոխություն իրականացնել, ինչպես ասում են՝ արդեն բանը բանից անցած կլինի։

– Եկեք ընդդիմության անունից չասեմ, իմ անունից ասեմ՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար նույնիսկ ապրիլի 25-ն էր ուշ, 2018-ի ապրիլի 25-ին նրան արդեն պետք էր հեռացնել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

← Վերադառնալ ցուցակին