Հարցազրույցներ

«Տարօրինակ է, որ ՀՀ իշխանությունը մատակարարումների մասին խոսում է այն ժամանակ, երբ երկիրը սպասում է նոր հարվածի»

30.09.2022

 «Ավելի ճիշտ կլիներ, որ ՌԴ-ի հետ նորմալ աշխատեին, խոսեին, բանակցեին եւ հասկանային: Իսկ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված խնդիրների պարագայում, Հայաստանը ավելի վաղ պետք է փնտրեր այլընտրանքային մատակարարումներ, հատկապես, որ դրանք քիչ չեն՝ սկսած Հնդկաստանից, վերջացրած Իրանով»,- «Առավոտի» զրուցակիցն է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

– «Տեղյակ եք, որ մենք զինված ուժերի բարեփոխումների լայն գործընթաց ենք սկսել: Ադրբեջանը նման սադրանքներով պարզ փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել զինված ուժերի բարեփոխումներ: Բոլոր այն ուղղություններով, այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն: Ինչպես հնարավոր է՝ փորձում են այնպես անել, որ ՀՀ-ին զենք, ռազմամթերք չմատակարարեն»,- երեկ կառավարության նիստում՝ նախօրեին ադրբեջանական հերթական սադրանքն այսպես բացատրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության՝ ԶՈՒ բարեփոխումների արդյունքում, պարզվեց, որ 44-օրյա պատերազմից հետո, օրինակ, Ջերմուկում կամ Վարդենիսում բնագծեր չունենք: Ի՞նչ անտեսանելի բարեփոխումների մասին է խոսքը, այդ «բարեփոխումներից» էլ ի՞նչ կորուստներ սպասել:

– Հայաստանի զինված ուժերում կառավարությունն, ըստ էության, որեւէ լուրջ բարեփոխում չի իրականացրել: Նույնիսկ այն ծրագրերը, որոնց մասին հայտարարել էին, դրանք կամ նախնական փուլում են, կամ դրված են բոլորովին սխալ հիմքերի վրա: Եվ ակնկալել, որ վերջում կարող ենք ստանալ բարեփոխում, ուղղակի բացառելի է: Բնական է, որ դիմակայության պայմաններում, քո նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները, փորձելու են կանխել՝ ինչպես մատակարարումներդ, այնպես էլ բարեփոխումներիդ գործընթացը, բայց դա եղել է անցած երեք տասնամյակի ընթացքում: Նույնը կարող էր անել նաեւ Հայաստանը, եթե կար այդպիսի ճնշման հնարավորություն: Այնպես որ, արդարացնել ԶՈՒ-ում առկա իրավիճակն Ադրբեջանի խանգարելու մոտիվացիայով, բավական անհեթեթ դատողություն է: Դրանով Նիկոլ Փաշինյանը փորձում է արդարացնել անվտանգության համակարգում եւ զինված ուժերում առկա այս խնդրահարույց իրավիճակը:

– «Դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա ցավալի իրողություն է, եւ խորապես այս իրադրությունը պետք է վերլուծենք»,- նաեւ ասաց Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ՝ իշխանամերձ քաղաքական ուժերից մեկի ղեկավարը հայտարարել էր, որ Հայաստանը ՌԴ-ին վճարել է զենքի համար եւ չի կարողանում այն ստանալ: Ի՞նչ սպասել վարչապետի կողմից նման հայտարարություն հնչեցնելուց հետո:

– Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի ակնարկը վերաբերում էր ՌԴ-ին, որովհետեւ դաշնակցային հարաբերություններ ունենք բացառապես Ռուսաստանի հետ, էլ չեմ ասում, որ Հայաստանին զենքի մատակարարումների առյուծի բաժինը պատկանում է ՌԴ-ին: Իհարկե, պատճառների մասին բավականին երկար կարելի է խոսել՝ սկսած հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված ճգնաժամային իրավիճակից մինչեւ ուկրաինական ճգնաժամ, որտեղ ռուսական ռազմարդյունաբերական հիմնարկները մեծ ակտիվությամբ աշխատում են ռուսական զինված ուժերն ապահովելու ուղղությամբ: Բայց, որքան ես եմ տեղյակ, հետպատերազմյան ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո, ամեն դեպքում, ՌԴ-ից գնումներ եղել են: Ի՞նչ ծավալով՝ դժվար է ասել: Ինձ հետ քննարկումներում, ՊՆ-ի հետ առկա գրագրությամբ, գոնե ես տեսել եմ, որ եղել են գնումներ եւ տարօրինակ է, որ ՀՀ իշխանությունը մատակարարումների մասին խոսում է այն ժամանակ, երբ երկիրը սպասում է նոր հարվածի: Եթե նման խնդիրներ եղել են, ինչո՞ւ ավելի շուտ չի բարձրաձայնվել: Ավելի ճիշտ կլիներ, որ ՌԴ-ի հետ նորմալ աշխատեին, խոսեին, բանակցեին եւ հասկանային: Իսկ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված խնդիրների պարագայում, Հայաստանն ավելի վաղ պետք է փնտրեր այլընտրանքային մատակարարումներ, հատկապես, որ դրանք քիչ չեն՝ սկսած Հանդկաստանից, վերջացրած Իրանով: Բայց, այս պայմաններում, իմ տպավորությամբ, Հայաստանի իշխող ուժի ղեկավարը միայն արդարացումներ է փնտրում եւ նրա քննադատությունների, արդարացումների հիմքում զուտ Հայաստանում ստեղծված եւ Հայաստանի տարածքային ամբողջականությանը հասցված հարվածներն արդարացնելն է:

– Նիկոլ Փաշինյանն ասաց՝ փող ունենք, զենք չեն վաճառում մեզ:

– Եթե ոչինչ չենք կարողանում անել՝ ռեֆորմներից, անվտանգության համակարգից, դիվանագիտությունից եւ մնացած բոլոր ուղղություններում, ապա պարզապես պետք է թողնեն ու գնան: Թող գան այն մարդիկ, ովքեր կարող են:

– Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրդվելի է, ասում է, որ Ադրբեջանը չի հասնելու իր նպատակին եւ ՀՀ-ի անկախությունից, ինքնիշխանությունից եւ տարածքային ամբողջականությունից իր ղեկավարած իշխանությունը չի հրաժարվելու, թեեւ, նախօրեին ՀՀ առաջին նախագահը հայտարարեց, որ Հայաստանի կապիտուլյացիան այլընտրանք չունի:

– Որքան Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում ՀՀ ինքնիշխանությունից եւ տարածքային ամբողջականությունից, դա հանրության համար շատ ավելի սարսափելի է թվում. ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է այդ թեմայով, Հայաստանը նոր մարդկային եւ տարածքային կորուստներ է գրանցում: Եվ փաստացի, նրա հայտարարությունները որեւէ արժեք այլեւս չունեն: Հայաստանը աստիճանաբար կորցրել է իր կենսունակությունը եւ արտաքին սպառնալիքներին դիմակայելու որեւէ լուրջ հնարավորություն չի ցուցաբերում:

– Իշխանամերձ շրջանակները սկսել են ակտիվորեն օրակարգում պահել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու թեման: Այդպես է հիմնավորվում Արեւմուտքից զենք գնելու հնարավորությունը: Որտե՞ղ են մեզ սպասում, ՀԱՊԿ-ին ի՞նչ այլընտրանք ունենք. թեպետ ՀԱՊԿ-ը մեզ անգամ այս պահին շատ բանով չի օգնում, բայց ինչպե՞ս կարող է խանգարել, եթե այդ կառույցում չլինենք:

– ՀԱՊԿ-ը Հայաստանի համար, նախեւառաջ, հայ-ռուսական հարաբերությունների դրասեւորում է եւ հաշվի առնելով հանգամանքը, որ ՀԱՊԿ-ն ավելի շատ քաղաքական բաղադրիչ ունի, քան ռազմական ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայությունը պայմանավորված է ՌԴ-ի հետ ունեցած հարաբերություններով, ապա պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալն ինքնին կնշանակի հայ-ռուսական հարաբերություններին հասցնել ծանր հարված: Սա առաջին հերթին պետք է նայել հայկական շահերի տեսանկյունից, որովհետեւ պետք է վերջնական գնահատել՝ ի՞նչ է մեզ տալու այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալը՝ թե այլընտրանքային ռազմաքաղաքական դաշինքի, թե այդ դաշինքում որեւէ կերպ ընդգրկված չլինելու պարագայում: Համենայնդեպս, այսօր Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է մի կողմից արագացնել ձեռնարկվող քայլերը՝ Հայաստանի վերականգնման առումով, իսկ իրականում դա առաջին հերթին ենթադրում է Հայաստանում քաղաքական արմատական փոփոխություններ: Մյուս կողմից, պետք է հասկանալ՝ ցանկացած կտրուկ շարժ կարող է շատ ավելի ծանր հետեւանքների բերել, քան մենք ունենք այսօր:

– Հայաստանի անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիայի գործընթացում Իրանն ի՞նչ տեղ ունի: Այդ երկրի տարբեր պաշտոնյաներ ամենօրյա ռեժիմով հայտարարություններ են անում՝ տարածաշրջանում սահմանների անխախտելիության մասին, սակայն ՀՀ իշխանությունում հավանաբար շարունակում են ի գիտություն ընդունել կուսակից Հայկ Կոնջորյանի երկու տարի առաջ արած հայտարարությունը, որ Իրանն ավտորիտար երկիր է, քանի որ Իրանի հետ հարաբերությունների սերտացման քայլեր նկատելի չեն:

– Իրանն այս տարածաշրջանում մեր բնական դաշնակիցներից է եւ բարեկամ երկիր: Այս պարագայում էլ Իրանի հետ ունենք բավական ընդհանուր շահեր՝ եւ ադրբեջանական, եւ թուրքական տարածաշրջանային ամբիցիաները զսպելու առումով: Ակնհայտ է, որ Իրանի հետ աշխատելու շատ տեղ կա՝ եւ ռազմական, եւ քաղաքական, եւ տնտեսական հարաբերությունների մասով: Իրանի՝ գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող հայտարարությունները բխում են այդ երկրի՝ այս տարածաշրջանում ունեցած շահերից եւ կրկնում եմ, դրանք մեծապես համընկնում են Հայաստանի շահերի հետ: Հայաստանի ցանկացած իշխանության խնդիրը պետք է դառնար Իրանի հետ հարաբերությունների առավելագույնս կարգավորումը՝ բոլոր ուղղություններով, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն զսպել թուրք-ադրբեջանական նկրտումները: Այս իշխանության պարագայում, բնականաբար, որեւէ սպասելիք չկա, որովհետեւ այս իշխանությունը ոչ միայն քանդել է եղածը, այլ ավելի մեծ խնդիրներ ստեղծել եւ տարածաշրջանում, եւ միջազգային տարբեր դերակատարների հետ հարաբերություններում: Բոլոր սպասելիքները՝ Իրանի, տարածաշրջանային եւ միջազգային դերակատարների հետ կարող է իրականություն դառնան միայն այն դեպքում, երբ Հայաստանում ունենանք բոլորովին այլ որակի, այլ ուղղվածության եւ այլ հասունության իշխանություն:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

aravot.am
 

← Վերադառնալ ցուցակին