Հարցազրույցներ

Ովքեր են կանգնած արգելոց-թանգարանում նկարահանված պոռնոսկանդալի հետեւում. պատմաբանը հորդորում է լրջանալ

01.08.2022

Այն, որ Հայաստան այցելած օտարերկրացի զբոսաշրջիկները «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել եւ տեղադրել ամենահայտնի միջազգային պոռնո կայքում, համացանցում լայն քննարկման առարկա է դարձել: Թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն «Իրավունքի» հետ զրույցում նշել է, որ ընդամենը երեկ է տեղեկացվել դրա մասին եւ արդեն իսկ դիմել է վերադասին` ոստիկանությանը դիմելու եւ դեպքի առթիվ ծառայողական քննություն իրակնացնելու համար: Ընդ որում՝ Մ. Բադալյանը չի բացառել, որ այս աղմուկը հնարավոր է կոնկրետ իր դեմ ուղղված միտում ունի: Մինչդեռ պատմաբան ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ այս ամենը բոլորովին այլ տեսանկյունից է դիտարկում եւ հորդորում սոցցանցերում թեմայի շուրջ զվարճացողներին ու զայրացողներին հարցին այդպես մակերեսային չմոտենալ:

- Պարոն Պետրոսյան, կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք, երբ ասում եք, որ պետք չէ այս թեմային մակերեսային մոտենալ:

- Այն, ինչ արել են երկու օտարերկրացի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում, կարող էր լինել ամենաթանկանոց հյուրանոցում կամ ամենաաղքատ խրճիթում: Հետեւապես, հարց է ծագում՝ ինչո՞ւ էր ընտրված հենց «էրեբունի» թանգարանը: Ըստ էության, դրանով փորձ է արվել նսեմացնել, անլրջացնել այս թանգարանի եւ մեր պատմամշակութային արժեքների դերն ու նշանակությունը, որը կա միջազգային հարթակներում: Ավելին՝ չեմ բացառում, որ հրապարակված տեսանյութի «հերոսներին» լավ վճարել են դրա համար: Ակնհայտ է, որ այդ տեսանյութը հրապարակվել է թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանի համար:

- Ձեր գնահատմամբ՝ ով կամ ովքե՞ր կարող էին կանգնած լինել այս ամենի հետեւում: Ի վերջո, ո՞ւմ էր ձեռնտու անարգելը մեր պատմամշակութային արժեքները:

- Այն, որ մենք բնիկներ ենք, թուրքերին ու ադրբեջանցիներին ապացուցելու եւ հիմնավորելու կարիք չկա, որովհետեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն՝ իր ունեցած պատմամշակութային մնայուն արժեքներով արդեն իսկ փաստում է, որ նրանցից հազարավոր տարիներով հին ենք: Սա գիտի նաեւ ամբողջ աշխարհը, ինչը հենց թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն կերպ փորձում է անլրջացնել: Այնպես որ, շատ հնարավոր է, որ այս ամենն իրենց կազմակերպածն է: Պետք է խնդիրը դիտարկել ավելի խորը եւ գլոբալ առումով:

Բայց թանգարանի տնօրենը մեր հետ զրույցում նշել է, թե չի բացառում, որ սա կարող է ուղղված լինել իր անձի դեմ, որովհետեւ նման նախադեպ էլի է եղել, երբ փորձել են ցեխ շպրտել իրենց գործունեության վրա:

- Թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն այն մարդն է, ով տարիների իր գործունեությամբ՝ գիտականորեն ապացուցում է հայերը դեռեւս վաղնջական ժամանակներից ապրում ու արարում են այս տարածքում: Նա ազգային մտածելակերպ ունեցող մարդ է: Չեմ բացառում, որ դրա համար էլ փորձ է արվում Միքայել Բադալյանին չեզոքացնել: Մինչդեռ նա կարողանում է այս ուղղությամբ աշխատել նաեւ տարբեր արտասահմանյան կառույցների հետ եւ մեր բազմադարյա պատմությունը փաստագրված ներկայացնել աշխարհին: Ի դեպ, նաեւ ասեմ, որ Միքայել Բադալյանի վաստակը չի սահմանափակվում միայն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանով: Նա շատ լուրջեւ  կայացած գիտնական է, ով զբաղվում է պեղումներով դեռեւս ուսանողական տարիներից: Միքայել Բադալյանի ներդրումը շատ մեծ է հատկապես Օձաբերդի պեղումների հետ կապված:

- Միքայել Բադալյանը նաեւ շեշտել է, որ, ըստ էության, իրեն շանտաժի են ենթարկել, զանգել են եւ ասել, որ առաջարկում են այդ տեսանյութը չհրապարակելու դիմաց, որպեսզի ինքը հարի ինչ-որ քաղաքական ուժի: Նա մերժել է, ինչից հետո էլ տեսանյութը մի քանի ժամ հետո հրապարակվել է: Ի՞նչ կասեք այս մասին:

- Քաղաքական ուժի մասով այդքան էլ լուրջ չեմ վերաբերում: Կարծում եմ՝ ինչ-որ մեկը  փորձել է կա՛մ առիթից օգտվել եւ շանտաժ անել, երբ արդեն իսկ այդ տեսանյութը հրապարակված էր, կա՛մ դրանով սլաքները միտումնավոր շեղում են, որպեսզի մեղադրանքներ չուղղվեն թուրք-ադրբեջանական տանդեմին, այլ մեր երկրի ներսում փնտրեն մեղավորներ: Շատ հավանական է, որ նման զանգ ու առաջարկ եղել է, իրական մեղավորների վրայից հետքը մաքրելու համար:

- Եթե անկեղծ լինենք, տպավորություն է, որ հանրային լայն շրջանակները ոչ թե մեղավորներ են փնտրում, ոչ թե անհանգստացած են պատմահնագիտական թանգարանի հեղինակությամբ, այլ հետաքրքրված են զուտ հայկական նման մասշտաբի պոռնոսկանդալով…

- Պոռնոտեսանյութերով  հետաքրքրվելու փոխարեն՝ առաջարկում եմ առերեսվել մեր պատմահնագիտական արժեքներին՝ այցելելով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ մշտապես այցելում են ինչպես զբոսաշրջիկներ, այնպես էլ աշակերտներ: Թանգարանը բացառապես շնորհիվ Միքայել Բադալյանի աշխատասիրության՝ այսօր շատ ավելի բարվոք է, ավելի կազմակերպված եւ դրական փոփոխություններն, ուղղակի, ակնհայտ են: Էլի եմ ասում՝ ուղղակի համոզված եմ, որ սա թուրք-ադրբեջանական տանդեմի լարած թակարդն էր, որպեսզի միջազգային հարթակներում կարողանան ամեն կերպ Հայաստանի դերը նսեմացնել, ինչի համար պատմահնագիտական նշանակության թանգարանն  անլրջացնում են, իսկ ազգային մտածելակերպ ունեցողներին՝ վարկաբեկում: Թույլ չե՛նք տալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

iravunk.com

← Վերադառնալ ցուցակին