Հարցազրույցներ

«Պատգամավորի մանդատ մեզ հայ ժողովուրդն է տվել, այլ ոչ թե ՔՊ-ականները, որ մեզ դրանից էլ զրկեն կամ չզրկեն». Հայկ Մամիջանյան

13.07.2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը

 – Պարո՛ն Մամիջանյան, Ազգային ժողովի խորհուրդը մշակել է նախագիծ, որով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով: Ինչպե՞ս եք վերաբերվում խորհրդարանի ձեր գործընկերների այս որոշմանը:

– Ժպիտով, որովհետև պատգամավորի մանդատ մեզ հայ ժողովուրդն է տվել, այլ ոչ թե ՔՊ-ականները, որ դրանից էլ մեզ զրկեն կամ չզրկեն: Բազմիցս արտահայտել ենք մեր վերաբերմունքը մանդատի՝ որպես պաշտոնի նկատմամբ, բնականաբար, այդ կեղծ օրակարգը մեզ հետաքրքրել չի կարող:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՍԴ-ն որոշի ձեզ զրկել մանդատներից: Այդ դեպքում ցուցակում եղած մարդիկ վերցնելո՞ւ են մանդատները:

– Չեմ էլ մտածում, չեմ էլ վերլուծում հնարավոր ու անհնար տարբերակները: Դա մեր գործողությունների, օրակարգի վրա որևէ կերպ չի ազդելու: Թող ՍԴ-ն որոշումը կայացնի, հետո կտեսնենք՝ պատասխանն ինչ կլինի ընդդիմության ու հայ ժողովրդի կողմից:

– Իսկ որ իշխանական խմբակցությունը մանդատներից չի զրկելու Թագուհի Թովմասյանին ու Իշխան Զաքարյանին, ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ոչ մի կերպ չեմ վերաբերվում դրան ու, ընդհանրապես, այդ ամբողջ գործընթացին:

– Պարո՛ն Մամիջանյան, տևական ժամանակ է՝ ինչ խորհրդարանն աշխատում է միայն իշխանական խմբակցության ներկայությամբ, սա ենթադրո՞ւմ է, որ խորհրդարանում ճգնաժամ կա:

– Հայաստանի քաղաքական դաշտում է առկա ճգնաժամ, ու իշխող թիմի անդամները տեսնեն, չտեսնեն, and արձանագրեն, չարձանագրեն՝ դա փաստ է:

– Իսկ այդ ճգնաժամն ընդդիմությունն ինչպե՞ս է պատրաստվում վերացնել:

– Բացառապես իշխանափոխությամբ: 

– Հնարավոր համարո՞ւմ եք դա, որովհետև կան… 

– Ես նմա՞ն եմ մարդու, որը զբաղվում է ինչ-որ բանով, ինչը հնարավոր չի համարում: 

– Դե, ընթացող պայքարը ցույց տվեց, որ գոնե այս փուլում չկարողացաք հասնել, նկատի ունեմ՝ ընդդիմությունը՝ իշխանափոխության, պարո՛ն Մամիջանյան:

– Գիտեք, նպատակն այնքան կարևոր է երկու հայկական պետության ապագայի համար, այնքան առանցքային, որ էական չէ, թե քանի անգամ փորձելուց հետո կհաջողվի դրան հասնել, պարտադիր պայման է դրան հասնելը:

– Եվ ընդդիմությունը շարունակո՞ւմ է այդ նպատակին հասնելու համար քայլեր անել:

– Բնականաբար:

– Պարո՛ն Մամիջանյան, երեկ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինայնի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հեռախոսազրույցը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ես ողջ գործընթացի մասով կասեմ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ի սկզբանե, ինչպես և ասել էինք և զգուշացրել, տեղի է ունենում մի մասը ադրբեջանա-թուրքական տանդեմի նախապայմանների փաստացի կատարման պայմաններում, իսկ նոր նախապայմաններն առաջ են քաշվում, դրանք կան, ազդում են գործընթացների վրա: Դեկլարատիվ մակարդակում Թուրքիայի այն հայտարարությունները, թե նախապայմաններ չկան, կարծես բավարար են այս խունտայի համար: Գործընթացը տեղի է ունենում հստակ նախապայմաններով ու չի կարող որևէ լավ արդյունք ունենալ հայ ժողովրդի համար:

– Հստակ նախապայմանները կնշե՞ք:

– Թուրքական կողմի նախապայմանները դեռևս տասնամյակներ առաջ կային ու հիմա էլ նույնն են՝ այս գործընթացի հետ կապված, բայց այս պարագայում առաջնային կնշեմ այն, որ այս գործընթացը չի զատվել հայ-ադրբեջանական և ղարաբաղյան հակամարտության գործընթացից, այսինքն՝ Թուրքիան հստակ հայտարարում է, որ այդ երկու գործընթացները զուգահեռաբար ու փոխկապակցված են ընթանում: 

Երկրորդ՝ պետական մակարդակով Հայաստանն արդեն չորս տարի է՝ փաստացի ձեռքերը լվացել է Ցեղասպանության ճանաչման գործընթացից: Առնվազն այս երկուսը, կարծում եմ՝ բավարար են:

– Ի վերջո, հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր լինելո՞ւ է, երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվե՞ն:

– Հայաստանը չէ, որ փակել է տրանսպորտային կոմունիկացիաները տարածաշրջանում, բայց թե՛ այս պայմանավորվածության, թե՛ հետագա պայմանավորվածությունների համատեքստում ինձ համար խիստ մտահոգիչ է փաստը, որ հավանաբար դրանք իրականություն են դարձել որևէ այլ բանակցային հարթակում, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային հարթակում՝ Հայաստանի կողմից անթույլատրելի զիջումների գնով:

Հիմնավոր կասկածի իրավունք ունեմ՝ հաշվի առնելով այս խունտայի բանակցային հետագիծը:

Պարո՛ն Մամիջանյան, Հայաստանի համար այսպիսի վտանգներ եք նշում, որոնք կան ու կարող են առաջանալ գործող իշխանության քայլերի հետևանքով, ընդգծում եք նաև, որ իշխանափոխությանը միտված քայլերը շարունակվում են: Իսկ եթե ընդդիմությանը հաջողվի իշխանափոխություն անել այն ժամանակ, երբ, այսպես ասած, արդեն ուշ կլինի, որքանո՞վ այդ իշխանափոխությունը կարևոր կլինի Հայաստանի ու Արցախի համար:

– Ձեր հարցի մեջ «եթե»-ները մի փոքր շատ էին, որպեսզի այդ հարցին պատասխանեմ, բայց արդեն ասել եմ, որ մեր թիվ մեկ նպատակը իշխանափոխության հասնելն է, մենք դրա համար ջանք, եռանդ ու ռեսուրս չենք խնայում, ու օր առաջ, րոպե առաջ այդ նպատակին հասնելը բխում է հայկական երկու պետության շահերից:

– Այդ նպատակին հասնելու համար ընդդիմությունը մարտավարական փոփոխություններ արե՞լ է, թե՞ ոչ:

– Եկեք ես հետագա անելիքների մասին դեռ չխոսեմ՝ հավելյալ ինֆորմացիայով իշխանությանը պատրաստվելու հնարավորություն չտալու համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

← Վերադառնալ ցուցակին