Հարցազրույցներ

«Փաստաթղթերը, որոնց հղում է անում Փաշինյանը, գաղտնի են. դրանց սահմանափակ թվով մարդիկ են տիրապետում»

09.07.2022

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 27-ի առցանց մամուլի ասուլիսում արցախյան հակամարտության կարգավորման մասին պնդումների հիմնավորվածության շուրջ «Առավոտը» զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, 2017-2020թթ. Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

– Պարոն Աբրահամյան, Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե Լաչինի միջանցքի լայնությունը չի նշվել բանակցային փաստաթղթերում։ Ընդ որում՝ ասաց, թե բանակցային նախորդ փաստաթղթերը կարելի է ուղղակի փնտրել ու գտնել համացանցում։ Իրականում փաստաթղթերի մակարդակում ի՞նչ է հայտնի Բերձորի միջանցքի լայնության մասին։

 

– Փաստաթղթերը, որոնց հղում է անում Նիկոլ Փաշինյանը, գաղտնի են, եւ դրանց սահմանափակ թվով մարդիկ են տիրապետում։ Բայց Բերձորի միջանցքի հետ կապված հարցը քննարկվել է ոչ միայն քաղաքական մակարդակներում՝ միջնորդների ներկայությամբ, այլեւ փորձագիտական հարթակներում, որոնց մասնակցել են մասնագետներ ՀՀ-ից եւ Ադրբեջանից։ Բացի այդ, ստեղծվել է իրավիճակ, երբ ներկայիս իշխանությունը հնարավորություն ունի փաստաթղթերից օգտվելու, մինչդեռ շատ դեպքերում հղումներ է անում ինչ-որ գաղտնիության մասին տարբեր կետերի, ասում՝ դե գիտեք, սարսափելի բաներ կան, չենք կարող հրապարակել։ Եթե սարսափելի բաներ կան, որոնք կապված են այս կամ այն մարդու պատասխանատվության հետ, ապա դա ենթադրում է նաեւ իրավական գործընթաց։ Եթե որեւէ մեկի հանդեպ իրավական գործընթաց չկա, ապա դրանց հղումներ անելն ու հանրությանը մոլորեցնելը բոլորովին այլ խնդիր է։ Համենայնդեպս, փորձագիտական քննարկումների մասնակիցները մշտապես նշել են, որ մինչեւ 30 կմ-անոց միջանցքը քննարկման առարկա է եղել տարբեր ժամանակներում։ 5 կմ-անոց հատվածի մասին ես երբեք չեմ լսել։ Նվազագույնը եղել է 10 կմ, բայց 10-30 կմ-ի մասին քննարկումներից անձամբ տեղյակ եմ։

– Փաշինյանը պնդեց, թե նախորդ իշխանության բանակցած «Մադրիդյան սկզբունքներով» նախատեսվելիք՝ Արցախի կարգավիճակի հանրաքվեն անորոշ տեղ, ժամկետ ու մասնակիցներ պետք է ունենար։ Նրա մեկնաբանությամբ՝ երբ նախորդ իշխանությունն արձանագրել է, որ Արցախի կարգավիճակը պիտի որոշվի ապագայում՝ կողմերի համաձայնությամբ (այդ հանրաքվեն համապատասխանելու էր միջազգային չափանիշներին-հեղ.), ապա այդպես ընդունել է, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախում կայացած հանրաքվեն որոշիչ չէ։


– Շատ տարօրինակ թեմա է առաջ քաշում…Մի իրավիճակում կա Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստան, որում հանրաքվեի եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը գոյություն չունի, եւ մեկ այլ՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանը Հայաստան, որում ինքնորոշման իրավունքի սկզբունքը եղել է բանակցային գործընթացի բաղկացուցիչ, ավելին՝ որպես աշխատանքային փաստաթուղթ այն ընդունվել է Ադրբեջանի կողմից։ Ինքնորոշման իրավունքի իրացման մեխանիզմների հետ կապված եղել են տարբեր քննարկումներ, բայց այն, որ Նիկոլ Փաշինյանը, որի օրոք ինքնորոշման իրավունքը գործընթացում այլեւս չկա, նրա իշխանությունն Արցախի ապագան տեսնում է Ադրբեջանի կազմում եւ դրա մասին հրապարակային ասում է. նման իշխանության հետ որեւէ քննարկում չկա այն բանի շուրջ, թե ինքնորոշման իրավունքի իրացումն ինչ մեխանիզմներով պետք է լինի, որովհետեւ մարդիկ, որոնք այդ սկզբունքը դուրս են մղել բանակցային գործընթացից, այսօր Արցախի հարցը բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում են քննարկումներ անում։ Նրանք որեւէ բարոյական-քաղաքական իրավունք չունեն այս թեմայով հարցադրումներ անել։

– Ի՞նչ էր պնդել նախկին իշխանությունն «ապագայում կայանալիք» հանրաքվեի հետ կապված։ Ինչո՞վ էր հիմնավորվում դրա կարեւորությունն ու անհրաժեշտությունը։

– Հանրաքվեի հետ կապված քննարկվել են նաեւ այդ մեխանիզմների ժամկետները, բայց այդ ժամանակ դա եղել է օրակարգային հարց, իսկ այսօր գոյություն չունի։ Հայկական կողմը հանրաքվեի գործընթացն ի սկզբանե դիտարկել է քաղաքական որոշումների շրջանակներում։ Եղել են զուգահեռ իրավական գործընթացներ 1988թ.-ից ի վեր՝ տարբեր ամրագրումներով, բայց բնական է, որ երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության հասնելու ճանապարհին քաղաքական որոշումներն ու գործընթացները ենթադրում են բանակցություններ տարբեր հարցերի շուրջ։ Մեր գլխավոր խնդիրը չի եղել այն, թե 1991թ.-ին ինչ է եղել ու դրանից հետո ինչ ենք քննարկել, որովհետեւ այն, ինչ քննարկվել է մինչեւ 2018թ.-ը, բխել է ինչպես անկախության հռչակագրից, այնպես էլ 1988թ.-ից սկսած վերածննդի գնացող մեր հայրենակիցների պահանջներից։ Նպատակը, բնականաբար, եղել է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման եւ դրա միջազգային ճանաչման միջոցով հասնելը արցախցիների՝ իրենց բնօրրանում երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության ամրագրմանը։

– Կհիշե՞ք նախադեպ, երբ ադրբեջանական կողմն է 1991թ.-ի հանրաքվեն կասկածի տակ դրել այն հիմքով, որով Նիկոլ Փաշինյանի մտքով անցավ դնել։

– Այնքան տհաճ է այս մասին խոսելը, որովհետեւ երբ սրա մասին խոսում է մի իշխանություն, որն ինքնորոշման իրավունքը եւ միջազգային հայտնի սկզբունքները դուրս է բերել բանակցային գործընթացից ու Արցախն, ըստ էության, հանձնել է Ադրբեջանին, նման պայմաններում քննարկել, թե նախկինում ինքնորոշման իրավունքի ինչ ձեւեր են եղել, ուղղակի խոսելու չի։ Սա հարց է, որը կարելի է քննարկել փորձագիտական մակարդակում եւ հաջորդ իշխանության հետ, որը չի կիսի այս իշխանության մոտեցումներն ու Արցախի հարցում կունենա արմատապես այլ մոտեցումներ։ Այդ ժամանակ միայն հնարավոր է քննարկել, թե որ կետում էինք կանգնել, թե ինքնորոշման իրավունքի իրացման ինչ ձեւեր են եղել եւ ինչպես է պետք առաջ շարժվել։ Գործող իշխանությունը, որն Արցախը համարում է ադրբեջանական տարածք, նրա հայտարարությունները մեկնաբանելը կամ խորը քննարկումների ենթարկելն ի՞նչ իմաստ ունի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

aravot. am


← Վերադառնալ ցուցակին