«Մարշալ Խանփերյանցի անվան ինստիտուտը, բացի ավիացիոն եւ ՀՕՊ ոլորտի կադրեր պատրաստելուց, ուներ նաեւ անօդաչու ավիացիայի զարգացման կարողություններ եւ գործառույթներ: Վախենամ, թե այս նոր քյանդրբազությամբ վտանգելու են նաեւ այդ գործընթացը»,- «Առավոտի» զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: -Խորհրդարանն ընդունեց ՊՆ-ում կառուցվածքային փոփոխությունների փաթեթը, ըստ որի, ԳՇ պետը դառնալու է նախարարի առաջին տեղակալ: Նախագծի հիմնավորումներում ասվում է, որ այս փոփոխությունն էականորեն փոխելու է կառավարման ուղղահայացը ՊՆ-ում եւ ԶՈւ-ում. «Սա թույլ կտա համակարգը դարձնել ավելի սահուն եւ կառավարման օղակը դարձնել վերից վար»։ Իբրեւ օրինակ, բերվում է 2016-ի ապրիլյան պատերազմը եւ 44-օրյա պատերազմը, որոնց ժամանակ, ըստ իշխող ուժի ներկայացուցիչների, ակնհայտ դարձավ պատասխանատվության լղոզվածության հարցը եւ ցայսօր պարտության պատասխանատուները հայտնի չեն: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փոփոխությանը եւ իշխանության բերած հիմնավորումներին. կա՞ն դրանցում իրականությունն արտացոլող մտահոգություններ:
-Նախ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրինակը բոլորովին տեղին չէ, որովհետեւ այդ ժամանակ ՀՀ-ում չի հայտարարվել ռազմական դրություն եւ ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ ՀՀ ԶՈՒ-ն կամ ամբողջ պաշտպանական համակարգը խնդիրներ է ունեցել որեւէ օրենսդրական կարգավորման պատճառով: Ապրիլյան քառօրյա պատերազմի հաղթանակը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, ԼՂՀ ՊԲ եւ Հայաստանի կամավորական միավորումների ու հայ ժողովրդի միասնական գործողությունների արդյունք են եղել: Բացի այդ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ամբողջությամբ վերանայվել է 2017թ. նոյեմբերին եւ համապատասխանեցվել է ՀՀ նոր սահմանադրության պահանջներին: Ինչ վերաբերում է 2020թ. 44-օրյա պատերազմին, ապա պետական հաստատությունների պատասխանատվության լղոզվածությունը հենց իրենց իշխանության անպատասխանատվության եւ քաղաքական տգիտության մեջ պետք է փնտրեն: Ես հիմա էլ եմ վստահաբար ասում, որ մեր զինված ուժերն ու պաշտպանական կառույցները կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները: Բոլոր պրոբլեմները պետք է փնտրել նրանում, որ խաղաղ իրավիճակից պատերազմական իրավիճակին անցման փուլում պետական կառույցները չեն կատարել իրենց պարտականությունները եւ չեն կայացրել իրավիճակից բխող ռազմաքաղաքական որոշումներ, ինչն էլ բերել է այս ծավալի ողբերգությունների: Խաբեություն է, որ իրենց պարտության պատճառները գցում են օրենքի վրա: Արցախյան առաջին պատերազմում ոչ Հայաստանում եւ ոչ էլ Արցախում չկային պաշտպանական ոլորտի նորմալ իրավակարգավորումներ, չկային բավարար ռեսուրսներ, բայց մենք ունեցել են անվիճելի հաղթանակ: Իսկ 2020թ. իշխանություններն ունեին ամեն ինչ հաղթանակը պահելու համար, բացի ամենակարեւորից՝ քաղաքական կամքից: Այն շարունակվում է նաեւ այսօր, իրենց վարած ապաշնորհ արտաքին եւ ներքին քաղաքականությամբ: Իսկ նոր ընդունված օրենքը մեծ հաշվով ոչ մի հարց չի լուծում, այլ ընդհակառակը՝ նոր խառնաշփոթ է առաջացնում պետական ինստիտուտների իրավասությունների եւ որոշումների կայացման գործառույթների մեջ:
-Հանձնաժողովում, հարցի քննարկումների ժամանակ, Սուրեն Պապիկյանն անդրադարձավ քննադատություններին, որ փորձ է արվում Զինված ուժերը ենթարկել նախարարին եւ հայտարարեց. «Զինված ուժերը ենթարկվում են նախարարին, դա փորձ չէ, շատ հստակ քայլ է։ Այո, Զինված ուժերը պետք է ենթարկվեն պաշտպանության նախարարին եւ գերագույն հրամանատարին։ Որպեսզի տարընթերցումներ ու այլ հարցեր չառաջանան, ես շատ հստակ եմ ասում, այո, ժողովուրդը արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իշխանությունը իրացնել ամբողջությամբ։ Եվ մենք պատրաստվում ենք մեր իշխանությունն իրացնել ամբողջությամբ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նախարարի այս հայտարարությունը:
-Հայաստանում Զինված Ուժերը միշտ էլ ենթարկվել են Պաշտպանության նախարարին խաղաղ ժամանակ եւ երկրի ղեկավարին՝ պատերազմական իրավիճակում: Այստեղ չկա եւ չի եղել որեւէ տարընթերցում: Այս օրենքով, հերթական անգամ փորձում են խուսափել 2020թ. պատերազմի արդյունքների քաղաքական պատասխանատվությունից: Այնպես, որ ոչ մի հարց չի լուծվում նրանով, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե ՊՆ 1-ին տեղակալ է, թե ոչ: Միեւնույն է, նա մնալու է, որպես ՀՀ ԶՈՒ գլխավոր զինվորական պաշտոնյա, եւ պատասխանատվություն է կրելու ԶՈՒ զարգացման, կիրառման եւ նրա առջեւ դրված խնդիրների լուծման համար: Մնացածն աչքակապություն է, օդից վերցված բացատրություններ: Իսկ ժողովրդի անունն անընդհատ շահարկելն ու նույն ժողովրդի համար ծայրահեղ վտանգավոր իրավիճակներ ստեղծելը՝ քաղաքական հանցանք է, որի հետեւանքները դաժան հետք են թողել Արցախի եւ Հայաստանի վրա: Նույն ժողովուրդը նրանց մանդատ էր տվել Արցախի հարցում խաղաղ եւ հայանպաստ լուծումներ համար, ի՞նչ արեցին: Նույն ժողովուրդն իրենց մանդատ էր տվել Հայաստանի անվտանգության, խաղաղության եւ զարգացման համար, ի՞նչ արեցին: Իրենք են խոստովանում, որ պատերազմի ռիսկերն ավելացել են, Հայաստանի սահմաններում թշնամու ոտնձգություններն ավելացել են, Հայաստանի ինքնիշխան տարածքները գտնվում են օկուպացիայի տակ: Սրա համա՞ր են մանդատ տվել:
-Ի դեպ, հանձնաժողովում պարզ դարձավ նաեւ, որ այս փոփոխություններն արվում են ՌԴ ԶՈՒ համապատասխան մասնագետների հետ սինխրոնացված. այդ մասին թե Անդրանիկ Քոչարյանը, թե Սուրեն Պապիկյանն ասացին. ո՞ւր ենք գնում ԶՈՒ բարեփոխումներով, դեպի Խորհրդային միությու՞ն:
-Հայաստանն այլեւս մեծ կախվածության մեջ է ՌԴ-ից, հատկապես ռազմա-քաղաքական առումով: Անհրաժեշտ է ընդլայնել ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցության ոլորտները՝ ի նպաստ Հարավային Կովկասում կայուն իրավիճակի եւ ՀՀ պաշտպանունակության ռեսուրսների ավելացման: Բայց դրա համար էլ քաղաքական խելք եւ ունակություններ են պետք: Դա միայն ասելով չէ: Կապիտուլյանտների արտաքին քաղաքականությունը վստահություն չի ներշնչում նաեւ մեր արտաքին գործընկերների մոտ եւ պատահական չէ, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն ու Արցախը քաղաքականապես մնացին մեն-մենակ՝ Ադրբեջանի ու նրա անթաքույց սատարողների դիմաց: -Հայտնի դարձավ, որ ԶՈՒ-ում բարեփոխումների շրջանակում, միավորվում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան եւ Ռազմաավիացիոն համալսարանները. այս հարցում ի՞նչ մոտեցում ունեք:
-Սա կրկին վկայում է այն մասին, որ ՀՀ ԶՈՒ-ը չունեն զարգացման հստակ ռազմավարություն, եւ հենց այնպես աննպատակ «օպտիմիզացիաներ» են իրականացնում: ՊՆ համակարգում, յուրաքանչյուր ռազմաուսումնական հաստատություն ունի իր կոնկրետ գործառույթը եւ ժամանակին խելացի ու բանիմաց մասնագետները պատահական չէ, որ ներդրել են կադրերի պատրաստման եւ ՌՈՒՀ-երի զարգացման այդ համակարգը: Նրանք ճիշտ կանեն մեծացնեն գրավչությունը ռազմական կրթության նկատմամբ, ոչ թե նոր խառնաշփոթ ստեղծեն կրթական այդ համակարգում: Բացի այդ, Մարշալ Խանփերյանցի անվան ինստիտուտը, բացի ավիացիոն եւ ՀՕՊ ոլորտի կադրեր պատրաստելուց, ուներ նաեւ անօդաչու ավիացիայի զարգացման կարողություններ եւ գործառույթներ: Վախենամ, թե այս նոր քյանդրբազությամբ վտանգելու են նաեւ այդ գործընթացը: Եթե հիշում եք, ապագա կապիտուլյանտները 2019թ. մարտ ամսին փորձ արեցին տեղափոխել Դիլիջանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմաուսումնական վարժարանը, որպեսզի շինություններն օտարեն, բայց հետագայում հասկացան, որ մեծ սխալ են անելու եւ հրաժարվեցին այդ գաղափարից: Հուսով եմ, որ հիմա եւս կգտնվեն մարդիկ, ովքեր հետ կպահեն այս գաղափարից:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
aravot.am