Հարցազրույցներ

«Սուրեն Պապիկյան, Դուք պաշտպանության նախարա՞ր եք, թե՞ գուժկան». Ինեսսա Բարսեղյան

07.07.2022

 «Առհասարակ «Դիմադրություն» շարժումն ասոցիացվում է ընդդիմության կողմից Ֆրանսիայի հրապարակում վրանների տեղադրմամբ, որի հետ միաժամանակ իրականացվում էին անհնազանդության ակցիաներ՝ օրվա տարբեր ժամերին և քաղաքի տաբեր հատվածներում՝ հնարավորություն տալով քաղաքացիներին մասնակցել հայրենիքի փրկության գործընթացներին»,- «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի անդամներից Ինեսսա Բարսեղյանը՝ հավելելով, որ վրանները հավաքելուց հետո անցել են պայքարի նոր ձևաչափի:

«Փոխվեցին գործիքակազմերն ու ձևաչափերը, սակայն օրակարգը մնաց անփոփոխ: Փողոցային պայքարի կամ տարբեր գործիքակազմերի միջոցով այս իշխանությունների հեռացումը և դրա միջոցով եղածը պահելը, հետագայում նաև լրջագույն քայլերի  միջոցով կորցրածը կամ հանձնածը վերադարձնելը»,- հավելեց նա:

ՀՀԿ խորհրդի անդամներից Հովհաննես Խաչատրյանն էլ նշեց. «Շարժումը երբևէ չի մարել: Երբ մարի այս շարժումը՝ դա կլինի հայ ժողովրդի պարտությունը: Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ գրեթե երկրորդ մեծ շարժումն է: Շարժումը շուտով հասնելու է իր նպատակին, առջևում շատ անակնկալներ են սպասվում այս կապիտուլյանտ ռեժիմին»:

Ինեսսա Բարսեղյանը, շարունակելով գործընկերոջ խոսքը, հավելեց. «Ես խաղաղությունը չեմ պատկերացնում ամենօրյա կրակոցներով, մարդկային կամ տարածքային կորուստներով: Ինչպե՞ս են հանդգնում խոսել խաղաղությունից, երբ ընդամենը 2 օր առաջ թուրքերը ՀՀ սուվերեն տարածքի Վայոց Ձորի Խաչիկ վարչական շրջանի նկատմամբ 10 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացում, ու ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը լուրջ կեցվածքով հայտարարում է, թե պատերազմի վտանգ եղել է և կա, կրակել են, կարող են էլի կրակել, բայց պետք չէ դա խնդիր դարձնել: Ես հարց ունեմ, Սուրեն Պապիկյան, Դուք պաշտպանության նախարա՞ր եք, թե՞ գուժկան»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Կարապետյան

168.am

 

/p>

← Վերադառնալ ցուցակին