Հարցազրույցներ

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԹԵ՛ ՄԱՆԴԱՏՆ Է ԻՆՔՆ ԻՐԵՆՈՎ ԳՈՐԾԻՔ, ԵՒ ԹԵ՛ ՄԱՆԴԱՏԸ ԴՆԵԼՆ Է ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾԻՔ

07.07.2022

Հարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանի հետ 
 
 
- Ձեր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարվեց մանդատից, հետո դուք հրաժարվեցիք խորհրդարանական պաշտոններից։ Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում մանդատը դնելու Վանեցյանի որոշումը եւ ի՞նչ կասեք այն հանրային ակնկալիքների մասին, թե դուք՝ մյուս ընդդիմադիր պատգամավորներդ եւս պետք է  դնեք մանդատները։
 
 
- Նախ՝ հարգանքով եմ վերաբերվում պարոն Վանեցյանի որոշմանը, շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար, կարծես հրապարակային ես դրա մասին դեռ չեմ խոսել։ Ինչ վերաբերում է փոխնախագահի պաշտոնից իմ հրաժարականին՝ տեքստում հստակ նշված է, ես համարում էի, որ դա հնարավորություն կտա՝ ծառայեցնել որպես խորհրդարանական դիվանագիտության գործիք մեր երկրին։ Բնականաբար, հաշվի առնելով իշխող խունտայի պահվածքը, ես հրաժարվել եմ վարչական պաշտոնից, բայց դա որեւէ կերպ չի ազդելու իմ՝ խորհրդարանական դիվանագիտության գործունեության վրա։ Ինչ վերաբերում է մանդատը դնելուն, մանդատը մեզ համար ընդամենը գործիք է։ Էսպես ձեւակերպեմ․ թե՛ մանդատն է ինքն իրենով գործիք եւ թե՛ մանդատը դնելն է որոշակի գործիք։ Դրանցից յուրաքանչյուրի կիրառումն անհրաժեշտ է պատեհ պահի։ Իսկ, որպես այդպիսին, թե ինչպես եմ վերաբերվում մանդատին, ճիշտն ասած՝ ինձ համար շատ ավելի կարեւոր են ժողովրդի, մեր ընտրողների, մեր քաղաքացիների վստահությունը, հարգանքը, ուստի էն վայրկյանին, երբ որ մանդատը՝ որպես գործիք, այլեւս օգտավետ չլինի, եւ երբ մենք համարենք, որ մանդատը դնելը որպես գործիք կկարողանանք օգտագործել, նույն վայրկյանին դա անելու ենք։ Այսինքն՝ խոսքն էստեղ պատեհ պահի մասին է ընդամենը։
 
- Կարծում եք` Արթուր Վանեցյանը, հետո՝ նաեւ Արթուր Ղազինյանը ո՞չ պատեհ պահի են դրել մանդատները, եւ իրենց բերած փաստարկները հիմնավոր չէի՞ն, ըստ Ձեզ։
 
- Ես նման բան չասացի, ես թե՛ պարոն Վանեցյանի եւ թե՛ պարոն Ղազինյանի որոշումները հարգելով՝ իրենք գուցե ունեն որոշակի պլանավորում, օրինակ՝ պարոն Վանեցյանը բացահայտել է իր պլանավորումը, պարոն Ղազինյանը՝ կարծես դեռեւս ոչ։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, յուրաքանչյուր քաղաքական ուժ կառուցում է իր գործողությունների տրամաբանությունը, հարգանքով եմ վերաբերվում երկուսի որոշմանն էլ։
 
- Վանեցյանը, մանդատը դնելով, հայտարարեց, որ դրանով «Պատիվ ունեմ» դաշինքը, ըստ էության, այլեւս չի գործում։ Կարո՞ղ ենք ասել, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ընտրություններից հետո կարճ կյանք ունեցավ եւ փլուզվեց։
 
- Ոչ, չեմ ասի։ Կարճն ու երկարը մի քիչ դժվար է համեմատել: Համեմատած Դաշնակցության 132 տարվա հետ՝ դա կարճ էր, համեմատած որոշ այլ դաշինքների հետ՝ ոչ, երկար էր։ Համենայնդեպս, որեւէ գաղտնիք, որեւէ թաքուն բան, որեւէ լարվածություն, որեւէ նման տրամաբանություն «Պատիվ ունեմ» դաշինքի մեջ թե՛ պարոն Վանեցյանի՝ այնտեղ եղած ժամանակ, թե՛ հիմա, չկա։ Այսինքն՝ մենք շարունակում ենք մնալ լավ գործընկերներ։
 
- Դուք ասում եք` երբ մանդատը պատեհ պահի պետք գա, կօգտագործեք։ Հիմա երկու պատգամավոր արդեն դրել են մանդատը՝ փաստացի հասկանալով, որ մանդատներն այլեւս չեն ծառայում որեւէ օգտակար բանի։ Ղազինյանն էլ ասում է՝ առնվազն ազնիվ չէ պահելը: Հիմա Դուք ի՞նչ հույսեր եք կապում այդ մանդատի հետ, որը մինչ այս պահն առանձնապես մի օգտակար բանի համար չեք կարողացել ծառայեցնել։  
 
- Անկեղծ ասեմ՝ որեւէ հույս, ակնկալիք… նման տրամաբանությամբ էս բառերը ես, իհարկե, չէի օգտագործի, ես կօգտագործեմ, որ պատգամավորի կարգավիճակը որոշակի հնարավորություններ է տալիս՝ սկսած մի քիչ կենցաղային, բայց մեզ համար թիմային տեսակետից շատ կարեւոր, մեր ընկերներին, քաղբանտարկյալներին այցելելուց, հասկանում եք՝ ինչ եմ ասում, վերջացրած հարցադրումների, տարածելիության, միջազգային որոշակի շփումներով, նաեւ վերահսկողական որոշակի ֆունկցիա ունի, մեր՝ Եվրոպայի եւ Ռուսաստանի որոշ գործընկերների հետ ավելի պաշտոնական կապի ապահովման միջոց է։ Մի խոսքով, եւս մի գործիք է, էլի, էսպես ասեմ։ Բայց էդ գործիքը չի կարող ավելի բարձր գին ունենալ, քան քաղաքական մեր նպատակները, ուստի էն վայրկյանից, երբ մեր քաղաքական, ազգային նպատակների համար անհրաժեշտ կլինի դա վայր դնել, նույն վայրկյանին էդպես կլինի։
 
- Թագուհի Թովմասյանի հարցը շատ քննարկվեց, բոլորդ հրաժարվեցիք ձեր զբաղեցրած պաշտոններից, իսկ տիկին Թովմասյանը շարունակում է պահպանել հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ձեզ համար ընկալելի՞ է նրա վարքը։
 
- Ես որեւէ բան չունեմ ավելացնելու տիկին Թովմասյանի հայտարարությանը։
 
- Ձեր խմբակցությունում, սակայն, կարծես բացասաբար են վերաբերվում այդ որոշմանը, օրինակ` Աննա Մկրտչյանն իր բացասական վերաբերմունքն արտահայտել է, եւ խոսում են, որ ձեր դաշինքի ներսում այդ առումով լարվածություն կա։
 
- Նախ՝ Թագուհի Թովմասյանը ՀՀԿ-ական չէ, անկուսակցական է, եւ ես պատրաստ եմ կիսել պատասխանատվություն առաջին հերթին իմ կուսակից ընկերների գործողությունների եւ խոսքերի համար։ Սա ֆիքսենք։ Երկրորդը․ դաշինքի ներսում լարվածության մասին ես նման հայտարարություններ չէի անի միայն այն պատճառով, որ մեր աշխատանքային քննարկումները ես երբեք չեմ բացահայտում։ Երրորդ․ տիկին Թովմասյանի որոշման հետ կապված՝ ամեն ինչ ասված է իր հայտարարության մեջ, ես որեւէ կերպ մեկնաբանելու պլաններ չունեմ։
 
- Սեպտեմբերից կսկսվի Ազգային ժողովի նոր նստաշրջանը, ունե՞ք որոշում՝ վերադառնալո՞ւ եք խորհրդարան, թե՞ ոչ, կամ՝ ի՞նչ տարբերակով եք վերադառնալու։ 
 
- Ճիշտն ասած՝ էս պահին անձամբ ես շատ ավելի շատ մտածում եմ ամռան ամիսներին յուրահատուկ տրամաբանության մեջ փողոցային ակցիաների ֆորմատի եւ հետագայում՝ սեպտեմբերին արդեն, նոր թափով եւ նոր ձեւաչափով պայքարի մասին։ Ճիշտն ասած՝ պառլամենտ վերադառնալ-չվերադառնալու հարցը, իմ անունից եմ ասում, ես չեմ էլ դիտարկել։ Ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ էս երկու ամիսներին ամռանը բնորոշ ֆորմատով ակցիաները շարունակենք, եւ դրանք օգտավետ ու արդյունավետ լինեն, եւ հիմիկվանից արդեն ավելի պլանավորված լինի սեպտեմբերին պայքարը։
 
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ իշխանությունը կարող է նախաձեռնել նաեւ ձեզ մանդատներից զրկելու գործընթաց։ 
 
- Երբեւէ կյանքում ինձ դա չի հետաքրքրել, իրենք ինչ գործընթաց ուզում են, թող նախաձեռնեն, բայց մանդատը մենք ստացել ենք ժողովրդից։ Մեզ շատ ավելի հուզում է, որ երբեք մեզ ընտրած եւ մեզ վստահող քաղաքացիներից որեւէ մեկը չհիասթափվի մեզնից։
 
- Նկատի ունեմ՝ եթե ձեզ մանդատից զրկեն, դուք որեւէ պրոցես կսկսե՞ք, օրինակ՝ կդիմե՞ք ՍԴ։
 
- Ճիշտն ասած՝ մի քիչ լավ չեմ պատկերացնում, եթե երկու գործընթացի խնդիր կա, գործընթաց` Արցախի հետ կապված, եւ գործընթաց` պատգամավորի կարգավիճակի պահպանման, կարծում եմ՝ առաջինն էնքան ժամանակ եւ ջանք պիտի տանի, որ երկրորդի համար արդեն ժամանակ չմնա։
 
Վահե Մակարյան
 
hraparak.am
 

← Վերադառնալ ցուցակին