Հարցազրույցներ

«Անիմաստ փոխատեղումներով փորձում են ձև տալ, թե պաշտպանության քաղաքականության նոր մոդել են մշակել». Արտակ Զաքարյան

07.07.2022

ԱԺ-ն հուլիսի 6-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, այն քվեարկությամբ ստացավ 58 ձայն:

Փաթեթով նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանվում են զորահավաքային պատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասությունները, Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը:

ԶՈՒ ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանն են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը նկատեց, որ խորհրդարանի մեծամասնության կողմից ընդունված օրենսդրական փաթեթը խճճել է և ավելի անհստակ է դարձրել ոչ միայն զինված ուժերի կառավարման գործընթացը, այլև ՀՀ պաշտպանական քաղաքականությունը:

 

«Կան լուրջ պրոբլեմներ, որոնք վերաբերում են որոշումների կայացման գործընթացին՝ մասնավորապես անհստակություն է մտցվել Անվտանգության խորհրդի լիազորությունների մեջ, Պաշտպանության նախարարի ուղիղ լիազորությունների մեջ, վարչապետի՝ որպես գերագույն հրամանատարի, լիազորությունների մեջ: Պարզ չի, թե պատերազմական և խաղաղ իրավիճակներում զորքերի կառավարման, զարգացման, արդիականացման խնդիրների բուն պատասխանատուներն ովքեր են, և որ մակարդակում ինչպիսի որոշումներ պետք է կայացվեն: Ընդհանուր առմամբ անհասկանալի է նաև Զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքական վերահսկողության խնդիրը»,- նշեց Զաքարյանը:

Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի պետին ՊՆ առաջին տեղակալ նշանակելու մասին հարցին, Արտակ Զաքարյանը կարծում է, որ դրա իմաստն անհասկանալի է, այն իմաստ կունենար, եթե ՊՆ ամբողջ ղեկավար կազմը լինեին զինվորականներ: Հատկապես, որ ԳՇ պետը, որպես առաջին տեղակալ, չի փոխարինելու նախարարին, նրան փոխարինելու է մյուս առաջին տեղակալը, որը քաղաքացիական ծառայող է և քաղաքական պաշտոնյա:

«Խառնաշփոթ են արել, անիմաստ փոխատեղումներով, և փորձում են ձև տալ, թե պաշտպանության քաղաքականության նոր մոդել են մշակել: Դա սուտ է, կեղծիք է և դրա փոխարեն շատ ավելի լավ կլիներ՝ քննարկեինք ԶՈՒ արդիականացման կամ զարգացման նոր հայեցակարգերը»,- նշեց Արտակ Զաքարյանը:

Աննա Դեմիրճյան

Մանրամասները՝ տեսանյութում

168.am

 

 

← Վերադառնալ ցուցակին