Հարցազրույցներ

Ու որն է թուրք Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի 4-րդ հանդիպումից ծնված «երրորդ երկիրը»

05.07.2022

 Վերնագրի շուրջ զրուցել են «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր,  «Պատիվ ունեմ» դաշինքով ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և Panorama.am-ի խմբագիր Անահիտ Ոսկանյանը։

 
Panorama.am. -  Պարոն Աբրահամյան, երկու հարց.
 
Իշխանական մեքենան, բավական անկեղծորեն, քանի որ սեփական էությունից չի խորշում, ինչպես խորշում է դրանից հասարակությունը, հրամցրեց ևս մի «դիվանագիտական առաջընթաց» Թուրքիայի հետ, որից, ի դեպ, միայն ինքն է հաճույք ստանում, քանի որ օրինակ Էդմոն Մարուքյանի մոտ լուրը հավաքել է 15 հավանում և 2 սրտիկ... Ինչևէ՝ նորության էությունը. «Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները...»։
 
Սա միակ պարտավորությունը չէ, որ ստանձնել են ամենասեղմ ժամկետներում ապահովել, բայց հիմա հարցս երրորդ երկրի մասին է։
 
Վրաստանը ու Իրանը, թեև սահմանակցում են Թուրքիային, ամենևին կարիք չունեն  Հայաստան հասնել Թուրքիայով։ Ով կա, որ հենց Թուրքիայով է ուզում Հայաստան հասնել. Իրա՞ք, Սիրիա՞, միգուցե՝ Բուլղարիայի՞ ու Հունաստանի դարդն է Թուրքիան։  Զավեշտ է։
 
Ով մնաց, որ մուտքը իր սահմաններ Թուրքիան երազում է, որ լինի Հայաստանի տարածքով։
 
Ադրբեջանը։
 
Ադրբեջանը, որ ՀՀ իշխանական տհաս քաղաքականության, թե խելացի թողտվության պատճառով շատ տեղերում  հատել է ՀՀ պետական սահմանը, առաջ խաղացել ու խորացել ՀՀ տարածք։ Հիմա մնում է մի պուճուր բան։ Ու այդ պուճուր բանը ապահովում է հենց Ռուբինյանը՝ սահմանախախտ, թշնամի Ադրբեջանի անցուդարձը մեր երկրով՝ դեպի իր եղբայր Թուրքիա։ Մեկ է՝ ում եղբայր՝ Ադրբեջանի, թե ռուբինյանենց։
 
Ես, որպես ՀՀ քաղաքացի,  այսպես եմ տեսնում իրավիճակը, պարոն Աբրահամյան։
Ինչ կասեք դուք՝ ձեր մասնագետ ու սառը դատող աչքով։
 
Տիգրան Աբրահամյան.- Ցանկացած պարագայում, երրորդ երկրների շարժի հետ կապված կա մեզ համար ամենաառանձնահատուկ իրավիճակը՝ դա Ադրբեջանն է։ Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականությունը, ինչպես արտաքին, պաշտպանական, քարոզչական, և մնացած հարցերում, վաղուց ինստիտուցիոնալ առումով համակարգված և ներդաշնակեցված է, և այս պարագայում չի բացառվում, որ Թուրքիայի գլխավորը խնդիրը՝ այդ երրորդ երկրի տակ Ադրբեջան հասկանալն է և ադրբեջանական բեռնափոխադրումների, նաև, իրականացումն է։ Բնականաբար՝ սա չի կարող նաև կապ չունենալ Հայաստանով անցնող ճանապարհի, որը Թուրքիա-Ադրբեջան միջանցք են համարում։
 
Հայաստանի իշխանությունը ցույց է տալիս, թե դեռևս պաշտպանվում է, իսկ Իրանը, ընդհանրապես՝ իր համար այդ միջանցքը իր ազգային շահերին հակասող գաղափար է համարում։
 
Համենայն դեպս՝ ադրբեջանական գործոնը այստեղ տեսանելի է, չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունները սրանով որոշակի... այսպես ասեմ՝ ծառայություն են մատուցում նաև Ադրբեջանին, ցույց տալով իրենց պատրաստակամությունը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում։
 
Panorama.am.- Հաջորդ հարցս  էլի «երրորդ երկրի» ու դրա  քաղաքացիների մասով է։
 
Սեղմ ժամկետներ, ինչպես հայտնում է ԱԳՆ-ն, ու՝ ԱԱԾ-ն կարող է արդեն լիարժեք արձակուրդ գնալ, ու դադարեցնել մանր-մունր, հեռախոսով ու մի քանի հազարով «պետական գաղտնիք» հայտնողների բռնելը (որը, ես այդպես էլ չհասկացա՝ ինչպես է հասու սովորական քաղաքացիներին կամ շարքային զինվորականներին։
Ի դեպ՝ այստեղ հիշեցնեմ՝ panorama.am-ի հարցմանը ԱԱԾ-ին, երբ կին ու տղամարդ ադրբեջանցիներ տեսանյութ էին հրապարկել ֆեյսբուքով,  թե՝ մենք Երևանում ենք, ինչ ուզում, անում ենք...։  այդպես էլ ոչ պատասխան ստացանք, ոչ դրանք բռնվեցին որպես դիվերսանտ...։ Հետո սկսվեց Պատերազմը՝ լավ տեղեկացված թշնամով)։
 
Այն դեպքում, երբ օրեր առաջ ընդամենը Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմ է հնարավոր Ադրբեջանի հետ,  հարցս՝ ու՞մ է պետք «երրորդ» երկրի համար անցուդարձ ապահովել Հայաստանով։
 
Տիգրան Աբրահամյան. - Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական ճնշումները աճելու են հատկապես այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները իրենց ռեսուրսներով ապահովում են ոչ թե Հայաստանի կենսունակության ապահովման կամ պաշտպանողական մակարդակի բարձրացման, արտաքին քաղաքական ճակատում արդյունավետ բանակցումների, այլ զուտ՝ իշխանության պահպանման  հարցերը, և ակնհայտ է, որ այս պարագայում Հայաստանի իշխանությունների համար ոչ թե արտաքին ճակատում  Ադրբեջանին դիմակայելն է, այլ՝ իշխանության ղեկին, որքան հնարավոր է՝ երկար մնալը։
 
Եվ այն իշխանությունը, որը հայտարարում է, թե՝ «Արցախի ապագան տեսնում է Ադրբեջանի կազմում», ապա այդ իշխանությունից  ենթադրել, որ այս համագործակցության մեջ ադրբեջանական շահեր չեն սպասարկվում՝ ... ուղղակի տրամաբանական չի լինի։
 
Ճանապարհի հետ կապված. Վերջին ժամանակներս Թուրքիան ու Ադրբեջանը  հայտարարություններ են անում միջանցքի ու ամեն գնով դրան հասնելու մասին, նաև խոսում են ուժի գործոնի ու տարածաշրջանում այդ միջանցքի դերի մասին։ Սա ըստ էության լրիվ սպառնալիք է առ այն, որ՝ եթե միջանցքի գաղափարը Հայաստանի կողմից չընդունվի,  ապա նրանք այդ միջանցքին կհասնեն ուժի կիրառման ճանապարհով։
 
Այս տեսանկյունից՝ կարծում եմ որ Հայաստանը քայլ է կատարել դրան ընդառաջ,  ցույց տալու իր որոշակի պատրաստակամությունը և որոշակիորեն մեղմելու  Ադրբեջանից հնչող հայտարարությունները «միջանքային տրամաբանության» վերաբերյալ։
 
panorama.am

← Վերադառնալ ցուցակին