Հարցազրույցներ

Այս իշխանությունը մեր գլխին նոր պատերազմ է բերելու. Տիգրան Աբրահամյան

27.06.2022

 Հետպատերազմյան ժամանակահատվածում և հատկապես 2021-ի նախընտրական արշավի ընթացքում պետական ողջ քարոզչությունը հիմնված էր նրա վրա, որ Նիկոլ Փաշինյանը բերելու է խաղաղություն, իսկ ընդդիմությունը` պատերազմ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ որևէ մեկն այդ օրերին չէր հարցնում, թե ինչի՞ վրա է հիմնված այդ պնդումը՝ ոնց են բերելու այդ խաղաղությունը:

 
 
«Այդ ժամանակ ասում էին՝ ամեն ինչ կտանք, խաղաղություն կբերենք: Եվ հետպատերազմյան պարտված, բարոյահոգեբանական ճգնաժամի պայմաններում մարդկանց լիարժեքորեն մոլորեցրին: Իսկ հիմա մարդիկ, որոնք խոսում էին խաղաղության դարաշրջանի, խաղաղություն բերելու մասին, այսօր ասում են՝ այդ խաղաղությունը մենակ մեզանից չի կախված: Էն օրն ասում է՝ մեզ ուզում են ոչնչացնել: Իսկ մեզ էլ մեղադրում էին՝ դուք պատերազմ եք բերելու: Երբ ասում էի՝ ինչի՞ ենք մենք պատերազմ բերելու, ասում էին՝ խոսում եք բանակի մարտունակության, անվտանգության համակարգի վերականգնման մասին: Հիմա էլ ենք խոսում, որովհետև գիտակցում ենք, որ մեր երկրում, մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ապահովման, թշնամիներին զսպման կարևոր գործոնը մարտունակ զինված ուժերն են, որոնք քանդեցին այս իշխանությունները»,- նշել է Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն ասում է, թե գնալու են այնքան, որքան դրա հնարավորությունը կլինի:
 
«Այս իշխանությունն առավելագույն հնարավորություն է ստեղծում, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն իրենց հավակնություններն անընդհատ ընդլայնեն, այլև նոր հանձնումների գործընթացի իրականացման գնան»,- շեշտել է Աբրահամյանը՝ օրինակ բերելով Փառուխի դեպքը, Սյունիքի, Գեղարքունիքի հատվածներում ադրբեջանական ներխուժումներն ու առաջխաղացումները:
 
 
Ըստ Աբրահամյանի՝ այս իշխանությունները մեր ժողովրդին՝ ՀՀ, Արցախ, խաղաղություն բերելու ոչ միայն կամք, կարողություն, պոտենցիալ չունեն (ինչը չի էլ մտնում նրանց ծրագրերի մեջ), այլև ավելին՝ նրանք «մեր գլխին նոր պատերազմ են բերելու»:
 
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Մարիամ Պետրոսյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին