Հարցազրույցներ

«Օրակարգում միայն մեկ խնդիր է՝ հեռացնել այս թրքահպատակ իշխանությանը,». Աննա Հովներ

10.06.2022

 ՀՀԿ մշակույթի հանձնաժողովի նախագահ, երգահան Աննա Հովներն այն կարծիքին է, որ իշխանությունները սակավամարդ ասելով՝ երևի իրենց աջակիցների կազմակերպած ակցիաները նկատի ունեն:

 
 
«Սակավամարդ է, օրինակ՝ իրենց Գնելի կազմակերպած կատակերգությունը, երբ Սասունցի Դավթի արձանի մոտ հավաքներ են կազմակերպում, որոնց մասնակցում է 50-100 մարդ, և դա անվանվում է սակավամարդ: Իսկ այն ակցիաները, որոնց հազարավոր մարդիկ են մասնակցում, ինչպե՞ս կարող են կոչվել սակավամարդ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
 
Աննա Հովների դիտարկմամբ՝ ոստիկանական զորքերի կուտակումը Երևանում վկայում է այն մասին, որ իշխանությունները վախեցած են:
 
 
Անդրադառնալով շոու-բիզնեսի, մշակույթի գործիչներից շատերի պասիվությանը, նա հիշեցրեց, որ նախկինում բոլորը ակցիաներին ակտիվ էին, կենդանի պատ էին կազմում ոստիկանների և ցուցարարների միջև, ակտիվ էին. «Ի՞նչ ասեմ, երևի իրենց համար տրանսպորտի թանկացումը և 7 դրամով էլեկտրաէներգիայի թանկացումն ավելի կարևոր էր, քան այն, ինչ այսօր կատարվում է: Իսկ այսօր մենք կորցնում ենք մեր պետականությունը, և մեզ ուզում են դարձնել թուրքական վիլայեթ: Այսօր իրենց կարիքը կա, չէ՞ որ նախկինում նրանք իրենց հետևից մարդ էին բերում, և հավաքների մասնակիցների մեծ մասը հենց նրանց կոչով էր գնում: Այսօր էլ, եթե իրենք գան, բազմաթիվ մարդիկ, ովքեր դեռ չեն այցելել Ֆրանսիայի հրապարակ, հաստատ կգան, բայց թե ինչու չեն գալիս, սա արդեն, չգիտեմ…»:
 
Երգահանն այս ընթացքում համակարգում է Ֆրանսիայի հրապարակի մշակութային միջոցառումները, և նշեց, որ այս ընթացքում զանգահարել է բազմաթիվ երգիչ-երգչուհիների՝ հրավիրելով Ֆրանսիայի հրապարակում կազմակերպվող համերգներին ելույթ ունենալու:
 
«100 տոկոսից հրապարակ եկել է 20 տոկոսը, որովհետև 80 տոկոսը տարբեր պատճառներ են բերում կամ ասում են՝ քաղաքականությամբ չենք զբաղվում: Ես իրենց ասում եմ՝ բայց ձեզ որևէ մեկը չի ասում՝ եկեք՝ քաղաքականությամբ զբաղվեք, ասում ենք՝ եկեք երգեք: 2018թ. երբ փողոցներից չէին գնում կամ մասնակցում էին սրանց մշակութային ծրագրերին, եթե դա կարելի էր մշակույթ անվանել, իսկ հիմա փաստորեն ավտոմատ կերպով ժողովրդին կիսում են սևերի և սպիտակների: Այն մարդիկ, ովքեր նիկոլական են, իրենք սիրով երգում են այդ մարդկանց համար, իսկ Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները փաստորեն մարդ չե՞ն, դուք ձեր աշխատանքն եք կատարում և պարտավոր եք գալ և երգել յուրաքանչյուր մարդու համար: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն արտիստներին, ովքեր սիրով համաձայնում են, անկախ եղանակային պայմաններից և ամեն ինչից՝ գալիս ու երգում են հայ ժողովրդի համար, և հաստատ պատմությունը նրանց հիշելու է»,- ընդգծեց նա:
 
Հարցին՝ հնարավո՞ր է, որ շատերը սպասում են՝ հենց իշխանափոխություն լինի, նոր գան և բարձրանան հարթակ, նա պատասխանեց. «Ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է: Բայց ժողովուրդն ամեն ինչ տեսնում է, և այն բոլոր մարդիկ, ովքեր այս ընթացքում եկել և ոգեշնչել են ժողովրդին, ժողովուրդը սա շատ բարձր է գնահատելու միշտ: Իսկ բոլոր նրանք, ովքեր մինչև այսօր չեն գալիս, վախենում են ֆեյքերից կամ մտածում են՝ իշխանափոխություն լինի՝ նոր գանք, իրենց խնդիրն է»:
 
Նա ընդգծեց, որ եթե այսօր ընդդիմությունը աթոռակռիվ տար, ապա արդեն վաղուց առաջնորդի անունը հայտնի կլիներ. «Բայց քանի որ այդ թեման նույնիսկ չի քննարկվում և օրակարգում միայն մեկ խնդիր է՝ հեռացնել այս թրքահպատակ իշխանությանը, բոլոր մարդիկ զբաղված են դրանով: Այստեղ գալիս են և՛ անկուսակցական մարդիկ, և՛ մարդիկ, ովքեր կորցրել են իրենց զավակներին պատերազմին, և վերադառնալով երգիչներին՝ ուզում եմ ասել, որ երբ դուք նշում եք, որ քաղաքականությամբ չեք զբաղվում, ժողովուրդ ջան, ուզում եք ասել, որ հրապարակում 50 հազարից ավելի մարդիկ բոլորը քաղաքական գործիչնե՞ր են: Մարդիկ պայքարում են, որովհետև չեն ուզում, որ վաղը թուրքը գա, և մենք թուրքական դրոշի տակ լինենք: Նույնիսկ երեխաներն են միանում պայքարին: Նրանք գալիս են ոչ թե, որ ծնողներն են ստիպում գալ, այլ այդ երեխաներն իրենք են ցանկանում գալ: Երբ մենք շաբաթ-կիրակի մշակութային միջոցառումներ ենք անցկացնում, դեպքեր կան, երբ ծնողներն իրենց բալիկին ասում են՝ այսօր շաբաթ է, քեզ ո՞ւր տանենք, երեխաները պատասխանում են, որ ուզում են Ֆրանսիայի հրապարակ գալ»:
 
Ինչ վերաբերում է ոստիկանների գործողություններին, նա նշեց, որ իրեն էլ են բերման ենթարկել, իր նկատմամբ էլ են ուժ կիրառել, բայց դա պայքարի դուրս եկածներին չի վախեցնում. «Շարժումը չի մարում, էլ ավելի մեծ թափ է հավաքում: Եթե շարժումը մարում է, ինչո՞ւ եք էլ ավելի շատ ոստիկաններ բերում: Մայիսի 1-ին այդքան ոստիկան չկար, բա ո՞նց է մարում շարժումը, եթե գնալով նրանք շատանում են, դուք հատուկ միջոցներ եք կիրառում: Չի եղել դեպք, որ ինչ-որ մեկին բերման ենթարկեն կամ մեկ ամսից ավելի պահեն, ու այդ մարդը դուրս գա պայքարից, ընդհակառակը՝ այդ մարդիկ ավելի ակտիվ են: Մի՞թե չեն հասկանում այս իշխանությունները, որ սրանով չեն վախեցնի: Կա մեկ խթան՝ հայկական Հայաստան, հայկական Արցախ, սրանից թանկ և կարևոր բան չկա: Այնպես որ, անիմաստ կատակերգություն է դա»:
 
 
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին