Հարցազրույցներ
«Եթե Փաշինյանը 5000 մեր եղբայրներին չխղճաց, նա ոչ մի ոստիկանի չի խղճա, բոլորին կտանի կործանման». Հենրիխ Դանիելյան
04.06.2022
![](http://www.hhk.am/files/n_pics/22766_s.jpg)
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն այն կարծիքին է, որ ոստիկանությունը, Նիկոլ Փաշինյանի հրահանգները կատարելով, փորձում է վախեցնել ժողովրդին և ճնշել օր օրի մեծացող շարժումը:
«Նիկոլ Փաշինյանը սեր և խաղաղություն քարոզելով և խաղաղության քողի տակ եկավ իշխանության, հանձնեց Արցախը, մեր 5000 եղբայրներին սպանեց, որից հետո ասաց, որ կարող էր լինել նույն բանը, բայց առանց զոհերի, և այլն: Այսօր Նիկոլ Փաշինյանը հենվում է միայն ոստիկանության վրա, ոստիկանության մի մասն էլ կատարում է նրա անօրինական հրահանգները: Ոստիկանության մեջ կա հստակ շերտ, որը չի կատարում Փաշինյանի հրահանգները, այսինքն՝ նրանք հարգում են իրենց ուսադիրները, իրենց պետությունը: Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ հետո մենք ականատես կլինենք այդ ստի և խաբեության բուրգի ամբողջական փլուզմանը, և ոստիկանությունը կսկսի ընդհանրապես չկատարել Փաշինյանի հրահանգները, որովհետև նրա համար ո՛չ քաղաքացին արժեք ունի, ո՛չ ոստիկանը: Երեկ հստակ սադրանք է տեղի ունեցել, սադրել են ոչ թե քաղաքացիներն ու այդտեղ կանգնած ոստիկանները, այլ ինֆորմացիա կա, որ սադրիչներ են եղել իշխանության կողմից ուղարկված, ովքեր ինչ-որ բաներ են նետել ոստիկանների վրա, ոստիկանների կողմից էլ բաներ են նետել քաղաքացիների վրա, որի արդյունքում էլ բախում է ստեղծվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա ընդգծեց, որ ոստիկանները կին և երեխա հաշվի չեն առել և ահավոր ծեծի են ենթարկել ժողովրդին. «Հնարավոր է՝ եղած լինեն դեպքեր, որ մեկի մորը կամ քրոջը ոստիկանը հարվածած լինի, այդ կնոջ զավակը կամ եղբայրը աֆեկտի տակ ինչ-որ բան արած լինի ոստիկանին: Բայց հիմնականում եղել են սադրիչներ, ովքեր հստակ ուղղորդված եկել են, որպեսզի սադրեն:
Ընդհանրապես հատուկ միջոց կիրառելու կարիք չկար, որովհետև ընթանում էր խաղաղ ցույց՝ հստակ պահանջով: Ոչ մի սպառնալիք չի եղել: Իշխանությունները վախենում են իրենց սեփական շողքից, որովհետև ժողովրդական ասացվածք կա՝ գող՝ սիրտը դող. Իրենք գիտեն, որ դավաճան են, խաբեբա են, որ իրենց ուսերին կա մեծ պատասխանատվություն, և նրանք հայտնվելու են պատմության աղբանոցում, և ամեն գնով փորձում են դա թույլ չտալ: Այդ պատմության աղբանոցում հայտնվելու է նաև այն ոստիկանը, որը ժողովրդի վրա ձեռք է բարձրացնում:
Այն մարդիկ, ովքեր մահակներ են բարձրացնում կամ կրակում են ժողովրդի վրա, օրենքի ողջ խստությամբ պատասխան են կրելու և դատվելու են, այդ մարդկանց ուզում եմ կոչ անել՝ զգոն լինել, որովհետև, երբ իրենք այսօր ասում են՝ տուն ենք պահում, վաղն էլ պետք է կարողանան այդ տունը պահել, իսկ եթե լինեն դատված, չեն կարողանալու այդ տունը պահել: Դրա համար պետք չէ Փաշինյանի հրահանգները լսել, եթե նա 5000 մեր եղբայրներին չխղճաց, նա ոչ մի ոստիկանի չի խղճա, նա բոլորին կտանի կործանման»:
Հենրիխ Դանիելյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահելու համար ոչնչի առաջ կանգ չի առնի. «Իսկ մենք կանգ չենք առնի, որպեսզի մեր պետականությունը պահպանենք: Մեր շարքերն օր օրի ավելանում են: Եթե փողոց դուրս գա 100 հազար մարդ, ուժայինները ֆիզիկապես ոչինչ չեն կարող անել, որովհետև այդ 100 հազարի մեջ լինելու են ոստիկանների մայրերը, քույրերը, եղբայրները, և ոստիկանը իր հարազատի վրա ձեռք չի բարձրացնի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am