Հարցազրույցներ

Մեր ժամանակ ոստիկանն անգամ խեթ նայելու իրավունք չուներ

17.05.2022

 «Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն է:

 
- Ոստիկանների կողմից բռնություն է իրականացվում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ: Ակնառու է, որ ուժայինները վահանի պես կանգնած են Նիկոլ Փաշինյանի թիկունքին, սակայն, օրինակ, 2018-ին այս նույն ոստիկաններն ուժ չէին կիրառում հեղափոխականների նկատմամբ։ Անգամ այն ժամանակ երբ նրանք Հանրային ռադիոյի դռներն էին ջարդում, մայր բուհ ներխուժում։
 
 
- Դա պայմանավորված է նրանով, որ 2018-ին վերևից նման հրահանգ չկար, իսկ հիմա տարբեր հրահանգներ են իջեցվում: Ոստիկանները խաղաղ ակցիա իրականացնողների դեմ նման բիրտ ուժ են կիրառում հիմնականում այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի ցանկանում պոկվել վարչապետի աթոռից: Ամենուր մենք հայտարարում ենք, թե ժողովրդավարության բաստիոն ենք, Փաշինյանն ինքն առաջին հերթին, իբրև ձեռքբերում առաջ է քաշում այն թեզը, թե իբրև Հայաստանը տարածաշրջանում ամենաժողովրդավարն է, սակայն ինչպես բոլոր հարցերում այստեղ ևս խոսքն ու գործը հականիշներ են, ճիշտ հակառակն է: Հայաստանը տարածաշրջանի ամենաավտորիտար երկիրն է: Հայաստանում անգամ չի կարելի խոսել ժողովրդավարության մասին: Խաղաղ ցուցարարներն ընդամենը օրենքի սահմաններում խաղաղ ակցիաներ են իրականացնում, սակայն մենք տեսնում ենք դեպքեր, կադրեր, որտեղ կիրառվում են այնպիսի բռնության տեսարաններ, որ բանական մարդու գլխում պարզապես չի տեղավորվում, թե ինչպես կարելի է այսպես վարվել: Սա պարգևավճարների արդյունք է: Փողից ոստիկանները ոգևորվում են ու գնում են նման քայլերի, բայց այս մարդիկ պետք է հիշեն, որ վաղն իրենց երեխաները ամոթ են ապրելու: Ինչպե՞ս են նրանք նայելու իրենց երեխաների աչքերին: Պարզ երևում է այդ ոստիկանների դեմքը: Սա ամենատոտալիտար և ավտորիտար ռեժիմ ունեցող երկիրն է:
 
- Եթե այս ամենը լիներ Ձեր իշխանության ժամանակ, զանազան ՀԿ-ներ, իրավապաշտպաններ կաղաղակեին, որ խախտվում է մարդու իրավունքները, քաղաքացին չի կարողանում ազատ արտահայտվել: Հիմա որտե՞ղ են այդ ՀԿ-ները:
 
 
- Չորս տարին բավականին երկար ժամանակ էր հասկանալու համար, թե այդ քամիները որտեղից և ինչու էին փչում: Մեր իշխանության ժամանակ շաքարավազը թանկանում էր, էնպիսի մի վայնասուն էր բարձրանում, որ ասելու չէ: Հիմա ամեն ինչն է թանկացել, ինչո՞ւ չկա որևէ ձայն, որևէ բողոք: Այն ժամանակ ոստիկանն անգամ խեթ նայելու իրավունք չուներ, եթե մի փոքր խեթ նայեր, այդ նույն հասարակական կազմակերպությունները և իրավապաշտպանները, որոնք այսօր իջել են «ջրի հատակը» մի էնպիսի աղմուկ կբարձրացնեին, որ ասելու չէ: Այսօր նրանց ձայնը դուրս չի գալիս: Դա նշանակում է, որ այն ուժերը, որոնք այս իշխանությանը բերել են Հայաստան, բերել են մեկ նպատակով` այդ նպատակը Հայաստանն ու Արցախը հանձնելն է: Իսկ այդ ՀԿ-ներն ու իրավապաշտպաններն էլ լռում են, որովհետև իրականում ոչ թե Հայաստանում առկա խնդիրներով մտահոգված մարդիկ են, այլ պարզապես` դրսից ֆինանսավորվող օղակներ են, որոնք դրսի պատվերներն են կատարում:
 
- Ակտիվ լուրեր են շրջանառվում, որ հիմա էլ Տավուշից են ինչ-որ տարածքներ նվիրելու թշնամուն:
 
- Հերթական «ժողովրդավարության» ակտն է: Ամեն բան արվում է բացարձակ գաղտնի: Ազգային ժողովը որևէ պայմանավորվածությունից տեղյակ չէ: Կայացվում են միանձնյա և գաղտնի որոշումներ: Իսկ իշխանական խմբակը պաշտպանում է վարչապետին: Բավականին երկար ժամանակ է նման խոսակցություններ կան: Արցախյան երկրորդ պատերազմից, այդ խայտառակ կապիտուլյացիայից հետո հիմա էլ լծվել են Հայաստանը թշնամուն հանձնելու գործին: Անկախ ամեն ինչից, նա հասցնում է իր սև գործն անել: Պարզապես կուզեի, որ հասարակության այն շերտը, որը դեռ չի հասկանում, թե ինչ է կատարվում իրականում, գոնե լսեն, հասկանան, թե նախկինում ինչ տեսակ երկրում էինք ապրում, այսօր ինչ երկրում ենք ապրում: Կարելի է փաստերը համադրել: Այդ դեպքում կարիք չի լինի որևէ մեկին կանչել հանրահավաքի: Եթե մարդիկ ուղղակի մտածեն և հասկանան, թե Հայաստանն ինչպես է ամեն օր գահավիժում, միահամուռ դուրս կգան փողոց: Այդ վտանգը կախված է բոլորի գլխին: Այսօր չկա այլ ելք, պետք է օր առաջ այս իշխանություններից ազատվել:
 
- «Դիմադրության» շարժումը` Ձեր կարծիքով կարձանագրի՞ հաջողություններ:
 
- Եթե մտածենք, որ չի լինի արդյունք ոչինչ չենք անի: Ձեռքներս ծալած կնստենք ու կսպասենք, իսկ դա կարծում եմ որևէ հային հարիր չէ: Եթե զգում ես վտանգ և չես բարձրաձայնում այդ մասին, ուրեմն հայրենիքիդ ու հողիդ հանդեպ ես անտարբեր:

Հայկ Գևորգյան
 
hraparak.am

← Վերադառնալ ցուցակին