Հարցազրույցներ

«Հրապարակ». այսինքն, սաղ ՀՀԿ-ն անի, վերջում մի հատ պոլի փետ բերենք-դնենք, ասե՞նք էս ա մեր ղեկավարը

23.04.2022

 Հարցազրույց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ

 
- Վերջին օրերին ընդդիմությունը պայքարի է դուրս եկել, բայց խոստացած համատեղ պայքարն ուշանում է, ասում են` ձեր ներսում էլ է պայքար գնում լիդերության համար։ Մյուս կողմից՝ հանրության մի զգալի հատված Նիկոլ Փաշինյանին մերժելուն հավասար մերժում է նաեւ նախկին նախագահներին: Դուք կարո՞ղ եք երրորդ նախագահի անունից հայտարարել, որ եթե այս պայքարը հաջողությամբ պսակվի, Սերժ Սարգսյանը չի հավակնի վարչապետի պաշտոնին։
 
- Ի՞նչ կարիք կա, որ ես երրորդ նախագահի անունից ասեմ, եթե մարդը հրապարակային հազար անգամ ասել է, որ ինքն այլեւս պետական, բարձրագույն պաշտոնի հավակնություն չունի, բացեք նայեք` ալամ աշխարհը տեսել է։ Կարո՞ղ է առավոտից երեկո երդում ուտենք։ Մենք քանիցս ասել ենք, որ ՀՀԿ-ն իշխանափոխության հարց չի դրել, այլ դրել է այս կապիտուլյանտ, ապազգային, թուրքերի ու ադրբեջանցիների օրակարգով շարժվող ռեժիմից ազատվելու խնդիր։ 4 տարի է՝ դա ենք ասում։ Երկիրը կործանվում է, մենք իշխանության կռի՞վ պիտի անենք։ Մենք մյուսների հետ գործ չունենք։ Մեր օրակարգը մնում է նույնը՝ սա ռեւանշի պայքար չէ, սա իշխանության պայքար չէ, սա Հայաստանը փրկելու պայքար է, պետք է կանգնեցնել Հայաստանի գահավիժումը, Հայաստանն ունի արտաքին սպառնալիք` ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի, եւ ունի ներքին սպառնալիք՝ ի դեմս Նիկոլի ու իր խունտայի։
 
- Տեղեկություն ունեինք, որ Սերժ Սարգսյանը հայտարարություն է պատրաստում` մյուս նախագահների հետ համատեղ, որ պատրաստ են թողնել քաղաքական ասպարեզը երիտասարդներին։
 
- Կարող եմ ասել, որ ես առնվազն նման տեղեկություն չունեմ։ Բայց ես կարծում եմ, որ նախկին նախագահներն իրենց խոսքը կասեն սրա մասին, մի բան փաստ է, որ նախկին երեք նախագահները գտնում են, որ էդ մարդը պիտի հեռանա։ Հիմա ամեն մեկն ինքն է որոշում` ոնց անի, ինչ անի։ Մենք մեր փոխարեն կարող ենք ասել․․․ բայց երկրորդ նախագահն էլ է իր հարցազրույցներից մեկում ասել․․․ Կոնկրետ ՀՀԿ-ի համար սա իշխանության պայքար չէ, հայրենիքը հակապետական ուժերից ազատելու խնդիր է։
 
- Ուզում եք ասել, որ ընդդիմության մեջ առաջնորդության խնդիր դրվա՞ծ չէ։
 
- Ընդդիմության առաջնորդ չեն նշանակում, ընդդիմության առաջնորդ դառնում են։
 
- Ե՞վ․․․
 
- Մենք պայքարը կանենք, թող ժողովուրդը որոշի։ Եթե մենք մտածենք, թե ով պետք է լինի Նիկոլից հետո հաջորդը, Նիկոլը չի գնա, որովհետեւ Հայաստանում տարբեր քաղաքական ուժեր կան, տարբեր առաջնորդներ, տարբեր ճաշակի տեր մարդիկ, ամեն մեկը մեկին կուզի։
 
- Այսինքն՝ ամեն մեկն իր տեղում պայքարի, ցույց տա՝ ինչքան ժողովուրդ է հանում փողոց: Բայց եթե միասնական պայքար չլինի, ո՞ր իշխանությունը կվախենա ու կհեռանա։
 
- Ո՞վ է ասում, որ միասնական պայքար չկա։
 
- 5 օր է՝ Վանեցյանը նստացույց է անում, մյուսները չկան` Քոչարյանը երթին է մասնակցելու, դուք 25-ից եք սկսելու․․․
 
- Լավ են անում, ՀՀԿ-ն էլ է մասնակցելու երթին․․․
 
- Ես ուզում էի ասել, որ ամեն մեկդ առանձին-առանձին, մասնատված պայքարով հաջողության կհասնե՞ք։
 
- Ես չեմ կարծում, որ ապակենտրոն շարժումը նշանակում է մասնատված։ Ես կարծում եմ, որ պետք է նախեւառաջ ապակենտրոն շարժումը զարգացնել, հետո լինի բոլոր ուժերի միավորումը։
 
- Հասկացա` ով շատ մարդ փողոց հանի, նա էլ կդառնա լիդեր: Այսինքն, եթե պայքարի արդյունքում ժողովրդի համակրանքին Սերժ Սարգսյանն արժանանա, ինքը կարո՞ղ է հետ կանգնել իր հայտարարությունից ու հավակնել վարչապետի պաշտոնին։
 
- Մենք «եթե»-ներով հարցերին չենք պատասխանում, կրկնում եմ՝ մեզ համար թիվ մեկ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Դուք հասկանո՞ւմ եք, թե ուր ենք հասել, պետությունը գահավիժում է, այս մարդն էլ հնարավորինս արագ ուզում է թուրքերի ու ադրբեջանցիների հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։
 
- Մենք հասկանում ենք, բայց նաեւ տեսնում ենք հանրության զգալի հատվածի վերաբերմունքը նույն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ, եւ դրանով են բացատրում իրենց պայքարի դուրս չգալը։
 
- Կներեք, էլի, նախկին նախագահներից շատ ո՞վ ձայն ունի, դե թող գնան պայքարեն: Ով նախկին նախագահներին, վարչապետներին, առհասարակ՝ նախկիններին փնովում է, թող գնա ինքնակազմավորվի ու գա ապացուցի, որ ինքն ավելի լավն է։
 
- Խոսքը կոնկրետ անձերի մասին է, իսկ գուցե էստաֆետը ձեզ՝ երիտասարդների՞դ հանձնեն։
 
- Թողեք մենք որոշենք` էստաֆետն ով ում է հանձնելու։ Մենք առաջիկա 5 տարվա համար մեր կուսակցության նախագահ ենք ընտրել Սերժ Սարգսյանին։
 
- Դրանով ամեն ինչ ասվա՞ծ է։
 
- Ոնց որ այն ժամանակ էի հպարտ, հիմա էլ եմ հպարտ դրա համար, իսկ Սերժ Սարգսյանն ասել է՝ Նիկոլը գնա էլ, ես այլեւս պետական որեւէ պաշտոնի չեմ հավակնում, մարդն ասել է, չէ՞։
 
- Անցյալում էլ էր ասում, որ վարչապետ չի դառնալու, բայց դարձավ, չէ՞։
 
- Ըտենց չի ասել, ասել է՝ չեմ հավակնում։ Եվ վերջապես, քաղաքականությունը մրցակցություն է, ի՞նչ է նշանակում` զիջեք։ Տրամվա՞յ է, ի՞նչ է, որ Քոչարյանը զիջի կամ Լեւոնը, կամ Սերժ Սարգսյանը, կամ էն մեկը։ Եթե էդքան չկաք, որ դուք դառնաք, ինչի՞ պիտի մեկը զիջի: Էսօր զիջեն, վաղը երկիրը կզիջեն։
 
- 21 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ երկրորդ ու երրորդ նախագահները չհաջողեցին։
 
- Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուժերը երկրորդ եւ երրորդ ուժերն են։ Եթե մենք հիմա սկսենք մտածել՝ ով է լավը, ով՝ վատը, կռիվը գնաց ընդդիմության մեջ, լավ չի լինի: Դա ձեռնտու է միայն Նիկոլին։
 
- Բայց չեք կարող անտեսել, որ կան մարդիկ, ովքեր ասում են` եթե Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը պիտի հետ գան, թող Նիկոլը մնա։
 
- Գլուխները պատով են տալիս, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թուրքին են հաղթել` Նիկոլը կզել է: Եթե կան մարդիկ, որ ասում են՝ Նիկոլն ավելի լավն է, քան նախկին նախագահները, ուրեմն արժանի չեն․․․․ Թող գնան ինքնակազմակերպվեն։ 21 թվին նախկին նախագահներին չէին ուզում, թող էն 20-26 կուսակցությանը ձայն տային: Այնպես չի եղել, որ ընտրությունը միայն Նիկոլի ու իրենց միջեւ էր։ Կոնկրետ մեր կուսակցությունն ո՞ւմ է խանգարել: 7 ամիս միտինգ է եղել` խելոք՝ ժողովրդի մեջ կանգնել ենք, ո՛չ բեմ ենք բարձրացել, ելույթ ենք ունեցել, ո՛չ վերմակը մեր վրա ենք քաշել, ո՛չ ասել ենք՝ մենք ենք գալու։ Հիմա ի՞նչ են ակնկալում՝ ՀՀԿ-ն իր ռեսուրսը տանի դնի մեկի տակ, սաղ ՀՀԿ-ն անի, վերջում մի հատ պոլի փետ բերենք, դնենք, ասենք` է՞ս ա մեր ղեկավարը։ Եթե էդ մարդը չունի էդքան հեղինակություն, թիմ, ինքը ո՞նց կարող է պետություն ղեկավարել։ Քաղաքականությունը մրցակցություն է, թող այդ դաշտում լիդերներն ի հայտ գան: Թե չէ՝ մեղադրում ենք նախագահներին, որ իրենք պայքարում են։

Լուսինե Շահվերդյան

hraparak.am

← Վերադառնալ ցուցակին