Հարցազրույցներ

Մեր խնդիրն է` կանխել Ադրբեջանի հետ որևէ փաստաթղթի ստորագրում․ Տիգրան Աբրահամյանը՝ հանրահավաքի մասին

04.04.2022

 Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից առաջ տեղի են ունեցել մտահոգիչ գործընթացներ, դրանք կապված են ոչ միայն նրա հետ, որ ՀՀ-ում միայն մի իշխանություն է, որը պատրաստակամ է մինչև վերջ զիջումների գնալ միայն սեփական իշխանությունը պահելու մղումով, այլ գործընթացների հետ ևս։ Այս մասին Աժ-ում MediaHub-ի հետ զրույցում ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 
«Մինչև հանդիպումը Ադրբեջանը ներկայացրել է առաջարկություններ, ՀՀ–ն տվել է համաձայնություն՝ ներկայացնելով ինչ-ինչ վերապահումներ։ Ունենք իրավիճակ, որ Ադրբեջանի ծայրահեղ վատ, ոչ հայանպաստ փաստաթղթին ՀՀ-ն արձագանքել է դրական, դա ինքնին նոր սպառնալիքներ է ստեղծել և ԱՀ-ի և ՀՀ-ի համար։ Եթե ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր մտածում են, որ այստեղ միայն Արցախի հարցն է և Արցախը հանձնելով, կամ Արցախի ճակատագիրը այլ երկրների որոշումներին թողնելով լուծելու են ՀՀ անվտանգության խնդիրը, ապա միանշանակ սխալվում են»,-ասաց նա։
 
Տիգրան Աբրահմյանն ընդգծեց, որ ՀՀ-ն և Արցախը անվտանգային միևնույն համակարգում են։ Պատգամավորը շեշտեց, որ վաղը ընդդիմության միասնական հանրահավաքին ուղերձներ են փոխանցվելու թե ՀՀ-ի քաղաքացիներին, թե Արցախի, ինչպես նաև իշխանություններին և թե միջազգային հանրությանը։
 
«Խնդիր ունենք կանխելու Ադրբեջանի կողմից առաջ քաշած խայտառակ փաստաթղթի ստորագրումը, կամ դրա շուրջ որևէ ձևի պայմանավորվածության ձեռքբերումը»,-ասաց նա։ Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց՝ որևէ ձևով չի ամրագրվում Արցախի ինքնորոշման սկզբունքը, որը 10 տարուց ավելի եղել է բանակցությունների հիմքում։
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
Անի Գևորգյան
 
 
 
 

mediahub.am

← Վերադառնալ ցուցակին