Հարցազրույցներ

Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր կապիտուլյանտ ռեժիմը, թուրքերի առջև ծնկի եկած ռեժիմը ճանապարհելն է

20.12.2021

 Մեր զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

 
 Պարոն Շարմազանով, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ էլ ՀՀԿ-ն չեն ընկրնելու, զրո հուսահատություն, զրո ամբիցիա: Ի՞նչ պետք է հաջորդի այս հայտարարություններին, չե՞ք գերագնահատում ՀՀԿ-ի հնարավորությունները:
ՀՀԿ-ն այս 2,5 տարվա ընթացքում երբեք իր հնարավորությունները, իր գաղափարական ու մարդկային ռեսուրսը երբեք չի գերագնահատել: Միգուցե թերագնահատել է, բայց չի գերագնահատել: Թերագնահատել են բոլոր նրանք, որոնք 2018 թվականից հետո ՀՀԿ-ին համարում էին այլևս դերակատարում չունեցող կուսակցություն: Այնինչ ՀՀԿ-ն իր ոչ մարտական կազմով դարձավ խորհրդարանական  ընդդիմություն: Իսկ թե ինչ քայլեր կհաջորդեն, ժամանակը կգա, կերևա: Հանրապետական կուսակցությունը 3,5 տարի շարունակ կոշտ ընդդիմություն է այս ազգակործան ռեժիմին, և շարունակելու ենք մեր կոշտ ընդդիմության կեցվածքը հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն Արցախի:
 
Բայց մենք տեսնում ենք, որ ՀՀԿ-ն իր անունով չի ներկայանում խորհրդարանում, անգամ այս դեպքում ընտրվեց այլ անուն ունեցող դաշինքով հանդես գալու տարբերակը:
Ի՞նչ է նշանակում իր անունով չէ: ՀՀԿ-ն դաշինք է կազմել: Դաշինքը կազմված է երկու կուսակցություններից, որոնցից մեկը ՀՀԿ-ն է: Իսկ շատ մարդկանց կխնդրեմ չմտահոգվել ՀՀԿ ճակատագրով, այլ մտահոգվել Հայաստանի ու Արցախի ճակատագրով, որ այս իշխանությունը եթե մնա, փուռն է տալու և Հայաստանը, և Արցախը ամբողջությամբ, ինչն արել է այս 3,5 տարիներին, երբ Հայաստանը գործող իշխանությունների պատճառով դարձել է Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգ սպասարկող և որևէ բան չորոշող պետություն: Իսկ մնացածը, օրը կգա, բարին հետը: ՀՀԿ-ն իշխանության համար չի պայքարում, ՀՀԿ-ն պայքարում է Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը վերականգնելու համար:
 
Պարոն Շարմազանով, 523 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը: Փորձե՞լ եք պարզել, թե ով է համարձակվել դեմ քվեարկել Սերժ Սարգսյանին:
 
Չենք փորձել պարզել, պարզելու ցանկություն էլ չկա: Հանրապետականն ազատ է, մարդիկ ոնց քվեարկում են, իրենց խնդիրն է: Չեմ կարծում, որ Հայաստանում այսօր հարցերի հարցն այն է, թե քանի հոգի է կողմ  կամ դեմ քվեարկել ՀՀԿ նախագահի կամ գործադիր մարմնի անդամների թեկնածուներին: Հայաստանի թիվ մեկ խնդիրն այսօր կապիտուլյանտ ռեժիմը, թուրքերի առջև ծնկի եկած ռեժիմը ճանապարհելն է, և այն ավտորիտար հալածանքները, որն անում են նրանք ցանկացած այլախոհի նկատմամբ: Իսկ ՀՀԿ-ի մասին մի մտահոգվեք, թե քանի հոգի է դեմ կամ կողմ կուսակցության նախագահին, դա մեզ համար երկրորդական հարց է:
 
lragir.am

← Վերադառնալ ցուցակին