Հարցազրույցներ

Փաշինյանը քաղաքական դիակ է. հուղարկավորությունը ժամանակի հարց է. Հայկ Մամիջանյան

27.11.2021

Նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը։

 
Այս հանդիպմանը նախորդել էին նախօրեին նախ՝ Բաքվում, ապա՝ Երևանում ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի այցերը և պաշտոնական հանդիպումները: Սոչիում հանդիպումից առաջ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 4 տարբեր հեռախոսազրույց է ունեցել՝ Տաջիկստանի, Ռուսաստանի, Իրանի ու Իսրայելի ԱԳ նախարարների հետ: Բոլոր հանդիպումների և հեռախոսազրույցների օրակարգում եղել է իրավիճակը Հարավային Կոկասում։
 
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընթացող եռակողմ բանակցություններից առաջ հանդիպումներ է ունեցել ՌԴ Կառավարության որոշ անդամների հետ:
 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հանդիպումից առաջ խոսել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, որը զբաղվում է տրանսպորտային ապաշրջափակման հարցերով, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԱՎԴ-ի ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հետ, որոնց ենթարկվում են սահմանապահ ծառայությունները:
 
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը ու դրան նախորդած հանդիպումներին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ Մամիջանյանը նշեց, որ հայ ժողովրդի համար գերկարևոր պետք է լինի, թե ի՞նչ օրակարգով և ի՞նչ է փորձում բանակցել իր անունից վարչապետի աթոռը զբաղեցնող պաշտոնյան։
«Այն պարտվողական դիրքերը, այն ուժի ակնհայտ սպառնալիքը, որի տակ գտնվում է Հայաստանը այս պահին, մեզ թույլ չեն տալիս մուտք գործել սահմանագծման և սահմանազատման գործընթաց։ Պետք է հստակ արձանագրել՝ սահմանագծմանն ու սահմանազատմանը դեմ չէ որևէ մեկը, սակայն անհեթեթ է այդ գործընթացին գնալը, երբ Հայաստանն այսպիսի վիճակում է, իսկ Հայաստանի անունից բանակցողը Նիկոլ Փաշինյանն է. նա պարզապես չի կարող լինել բանակցող իր անհեռատես և ապիկար քաղաքականության պատճառով. բերեմ վերջին թարմ մեկ օրինակ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանը ագրեսիայի էր դիմել Սյունիքի մարզում, Փաշինյանի պատգամավորական կորպուսը, դեռ փաստացի ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ի հետ ունեցած հայ-ռուսական համաձայնագրերին չդիմած, միանգամից հակառուսական հիստերիա էր բարձրացրել։ Մարդն առնվազն միջազգային հարաբերություններից իդիոտ պետք է լինի, որպեսզի նման տարբերակով շանտաժի ենթարկի գերտերությանը։ Կա նաև մեկ կարևոր կետ՝ Փաշինյանն իր խայտառակության գագաթնակետ համարվող, պատրաստված հարցերով ու նման խոցելի պատասխաններով ասուլիսի ժամանակ ասաց, որ ինքը նոյեմբերի 9-ին օնլայն եռակողմ հանդիպումը չեղարկեց՝ վատ սիմվոլիզմի պատճառով, փաստ է այն, որ դրան հաջորդեց նոյեմբերի 16-ի ռազմական ագրեսիան Սյունիքում, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և գերիներ։ Ակնհայտ է, որ այդ վիճակին հասանք նրա մանևրի արդյունքում։ Արդյունքում՝ այսօր գնաց Սոչի»,- ասաց Մամիջանյանը։
 
Ինչ վերաբերում է փաստաթղթի ստորագրմանն առնչվող հարցին՝ ընդդիմադիր պատգամավորը կարծիք հայտնեց, որ առհասարակ որևէ բան էլ նախատեսված չէ այսօր ստորագրել։ «Ես բացառում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որևէ բան չստորագրել՝ պայմանավորելով դա հայկական շահին դեմ լինելով։ Այս տարբերակը բացառում եմ, որովհետև Նիկոլ Փաշինյան և պետական շահ բառերը նույն նախադասության մեջ իրար հակասում են»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով, որ եթե Փաշինյանը որևէ բան թշնամի երկրին մերժած լիներ, ապա առավոտյան չէինք իմանա, որ Ադրբեջանն այսօր երկու գերի է վերադարձրել Հայաստանին։
 
«Ուստի՝ Նիկոլ Փաշինյանը կգնա այն ճանապարհով, որը նրան հնարավորություն կտա շրջանցել ՍԴ-ն և Ազգային ժողովը. ինչ-որ հայտարարության նման մի բան կլինի։ Բայց խնդիրը ոչ թե բուն ստորագրությունն է, այլ այն, որ Հայաստանը մուտք է գործում բանակցային հերթական փուլ՝ մեծ թվով անորոշություններով։ Սահմանագծում և սահմանազատումը կարող է լինել միաժամանակ և՛ տասնամյակների աշխատանք, և՛ շատ կարճ գործընթաց, եթե իրականացվի այնպես, ինչպես պարտադրում է Ադրբեջանը»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ Փաշինյանը որևէ խաղաթուղթ չունի իր ձեռքում հայանպաստ որևէ որոշում սեղանին դնելու համար, ու դրա պատճառը պարզ է:
 
«Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, նրա հուղարկավորությունը ժամանակի հարց է, իսկ քանի որ դիակները հեռահար արտաքին քաղաքականության նպատակներ չեն ունենում, որևէ բան չարժե փորձել հասկանալ, պարզապես խնդիրն այն է, որ հաջորդ բանակցողն է կանգնելու շատ լուրջ խնդիրների առաջ»,- ասաց Մամիջանյանը։
 
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան

168.am
 
 

← Վերադառնալ ցուցակին