Հարցազրույցներ

Կոալիցիա «Քաղաքացիական պայմանագրի» հետ Մասիսում բացառված է.Գյումրու նման չի՛ լինելու.Համբարձումյան

09.11.2021

Մասիս համայնքի ղեկավար, ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու է իր ղեկավարած «Դավիթ Համբարձումյան» դաշինքով։

 
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով սպասվելիք ընտրության մասին, Համբարձումյանը վստահեցրեց՝ իր անունը կրող դաշինքով է մասնակցում ընտրություններին բացառապես մեկ նպատակով՝ որպեսզի ընտրողներին տրվի հնարավորություն ընտրություն կատարելիս կարևորել անձը, նրա կատարած աշխատանքը, և ոչ թե՝ կուսակցությունը։
 
«Սա զուտ արված է նրա համար, որպեսզի մեր խոշորացված համայնքի բնակիչները, որոնք ունեն տարբեր կուսակցական պատկանելություն, կամ չեն ուզում որևէ կուսակցության քվե տալ, ընտրության գնալիս կարևորեն անձը ու որպես համայնքի ղեկավար՝ ընտրեն անձին։
 
Դաշինքով առաջադրվելու միակ պատճառը սա է։ Ինչ վերաբերում է նրան, որ ես դաշինքով եմ առաջադրվում՝ լինելով ՀՀԿ անդամ, ապա այստեղ այլ պատճառ պետք չէ փնտրել, որովհետև այս իշխանությունների կողմից այդքան մատնանշված նախկիններն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում են։ Հանրապետական կուսակցության շատ գյուղապետեր այսօր ՔՊ-ի շարքերում են, հետևաբար, այսօր քաղաքացիները պետք է ոչ թե կուսակցությունով պամանավորված ընտրություն կատարեն, այլ ընտրեն լավ մենեջերի, որը կկարողանա իրենց համայնքը տանել զարգացման։ Այստեղ քաղաքականություն չկա, կա ընդամենը քաղաքի զարգացումը ապահովելու խնդիր»,- ասաց Համբարձումյանը։
 
Նշենք, որ Մասիսի խոշորացված համայնքի կազմում, Մասիս քաղաքը ներառյալ, մտնում է 27 համայնք։
 
Հարցին, թե հնարավոր կլինի՞ ընտրապայքարը տանել հավասար մրցակցային պայմաններում՝ նկատի ունենալով, որ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանն է, և մեր զրուցակիցը պայքարում է իշխանության թեկնածուի դեմ, չկա՞ արդյոք վարչական և ուժային լծակների կիրառման վտանգը, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց.
 
«Ռազմիկ Թևոնյանն ու իր որդին արարատցիներ են։ Չեմ կարծում, որ մասիսցիները նրանց ճանաչում են։ Եթե քաղաքակիրթ ընտրություններ կազմակերպեն, չեմ կարծում, որ խնդիրներ կունենանք։ Թեև այս պահին կան զանգեր, ճնշումների փորձեր. իմ թիմակիցներին փորձում են վախեցնել աշխատանքից ազատելով, փորձում են մարդկանց մեր ցուցակներից հանել՝ ճնշելով, բայց, կարծում եմ, ավելին՝ խորը համոզմունք ունեմ՝ մասիսցուն չեն վախեցնի, միգուցե գյուղապետերին քրեական գործերով վախեցնեն, բայց չէ՞ որ ընտրությունները միայն գյուղապետերով պայմանավորելը սխալ է»,- ասաց Համբարձումյանը՝ վստահություն հայտնելով, որ հաշվի առնելով 2016 թվականին Մասիս քաղաքի համար իր կատարած աշխատանքը՝ այս անգամ էլ ընտրողները ճիշտ որոշում են կայացնելու։
 
Հարցին, թե բացառո՞ւմ է իշխանության հետ կոալիցիայի կազմելու հնարավորությունը, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններից հետո, երբ ընդդիմություն ներկայացող «Բալասանյան դաշինքի» և իշխանական «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության միջև հուշագիր ստորագրվեց և ձևավորվեց կոալիցիա, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց.
 
«Մասիսում դա չի լինի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիան բացառված է»։
 
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին