Հարցազրույցներ
«Մինչև հիմա կապիտուլյանտ Նիկոլը ռիսկ չի արել ոտք դնի Արցախ. Ալիևն է նրան այդպես հրամայել». Աննա Մկրտչյան
20.08.2021
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով՝ գործող իշխանությունները փորձում են լռեցնել հնարավոր ընդվզումները Փաշինյանի դեմ:
«Իշխանություններին անհրաժեշտ է ամեն կերպ սպանել այն պայքարի ցանկությունը և հնարավորությունը, որն օբյեկտիվորեն առաջանում է հասարակության մոտ: Բնական իրավունք է՝ ցանկանալ ունենալ այնպիսի իշխանություն, որը ոչ թե օպերատիվ կապով կապվում է Ալիևի հետ, ոչ թե հայ գերեվարող և հայ սպանող Ալիևին համարում է կիրթ ու կառուցողական, այլ ունենալ այնպիսի իշխանություն, որը պատասխանատու է իրենց անվտանգության համար, և այնպիսի ՊՆ, որը ոչ թե դատարկ հայտարարություններ է անում, այլ իրականում ապահովում է անվտանգությունը: Մեր ԳՇ-ն և ՊՆ-ն զբաղված են ուղղակի Նիկոլ Փաշինյանի ստեղծած ֆեյքային իրականության համար պաշտոնական լրահոս ապահովելով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Պատգամավորի տպավորությամբ՝ իշխանություններն առաջարկում են մոռանալ այն, ինչ եղել է երեկ կամ 44-օրյա պատերազմին, փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ նորմալ է, փոքրիկ միջադեպ է եղել. «Նոյեմբերի 9-ից հետո նրանց գտնել հնարավոր չէր, բոլորը փախած էին, փորձում էին թաքնվել, որևէ կերպ չէին արձագանքում զանգերին, ոչ իրենց այդքան սիրելի սոցիալական կայքերում էին գրառումներ անում, բայց դրանից հետո մասնավորապես իրավապահ համակարգի խտացման շնորհիվ կարողացան լռեցնել մարդկանց, ցույց տալ, որ շատ լավ է, որ հասկացել եք՝ ինչ է կատարվում, բայց պետք է լռեք: ՀՀ-ում հիմա վարչապետի աթոռը զբաղեցնում է մի մարդ, որն ամիսներ առաջ հայտարարեց, թե ունի այնպիսի ինֆորմացիա, որը կարող է պայթեցնել ադրբեջանական հասարակությունը և Ադրբեջանում բերել հեղափոխության: Մինչև հիմա ինքը լռում է դրա մասին, և եթե դա իրականություն է, նշանակում է՝ ինքն ամեն ինչ անում է, որպեսզի ալիևյան կլանին ոչինչ չպատահի, այսինքն՝ մեր թշնամական երկրում պահպանվի կայունությունը: Սա ի՞նչ է, եթե ոչ՝ դավաճանություն, և դավադիր անձ՝ մեր վարչապետի աթոռին նստած»:
Աննա Մկրտչյանը բավարար չի համարում ընդդիմադիր խմբակցությունների հետ սահմանային իրավիճակի թեմայով իշխանության փակ հանդիպումը. «Եղել է ինչ-որ ձևական հանդիպում, իշխանությունները նույնիսկ անհրաժեշտ չեն համարել ներկայանալ ոլորտի առաջին դեմքերով, ուղարկել են ոչ թե ԳՇ պետին, այլ նրա տեղակալին: Ընդդիմադիր խմբակցությունը, որն առաջարկել էր այդ քննարկումը, խոսել էր դրա շտապ լինելու հանգամանքի մասին, ինչը մենք տեսանք, որ ԱԺ ղեկավարության կողմից ուշադրության չարժանացավ այդ օրը քննարկում կազմակերպել»:
Նա նկատեց, որ իշխանությունները ոչ միայն չեն արձագանքում Ալիևի հնչեցրած վիրավորանքներին և սպառնալիքներին, այլև Ալիևի կողմից իրենց առջև դրված սահմանափակումներն ու արգելքները ուշի ուշով կատարում են. «Մինչև հիմա կապիտուլյանտ Նիկոլը ռիսկ չի արել ոտք դնի Արցախ, որովհետև Ալիևը նրան հրամայել է, որ՝ քո կյանքի այդ էջը այլևս փակ է, այն, ինչ դու խաղում էիր՝ Հայաստանի և Արցախի անվտանգության հետ կապված, վերջ, խաղն այլևս ավարտվել է, դու դրա կարիքը չունես: Ինչ վերաբերում է ԱԺ-ում իշխանության պահվածքին, ակնհայտ է, որ ուզում են զուգահեռ իրականություն ստեղծել, չթողնել, որպեսզի այն իրական սպառնալիքները, մտահոգությունները, բնակչության էմոցիաները, ազդակները, որ կան, որևէ կերպ թափանցեն ԱԺ նիստերի դահլիճ: Իրենք ուզում են այնտեղ իրենց զգալ հարմարավետ, ուզում են ունենալ ընդդիմություն, որը Նիկոլ Փաշինյանի տրամադրության և տրամաբանության մեջ կքննադատի: Իրենք սովոր են, չէ՞, իրենք իրենց մասին են ասում, որ ուսապարկեր են և ամբողջ ԱԺ-ն ուսապարկերի տրամաբանությամբ են պատկերացնում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am