Հարցազրույցներ
Հայաստանում գտնվող ադրբեջանցիներին ռուս խաղաղապահները կրակելո՞վ, մարտական գործողությա՞մբ են քշելու. Արտակ Զաքարյան
08.07.2021
Մայիսի 12-ից մինչև այսօր Ադրբեջանի Զինված ուժերի 1000-ից ավելի զինվորներ շարունակում են գտնվել ինքնիշխան Հայաստանի սահմաններից ներս ու դիմում են սադրիչ գործողությունների, սրում իրավիճակը: Հայաստանի տարածքում ծագած միջադեպերի հետևանքով հայկական Զինված ուժերում եղել են զոհեր և վիրավորներ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գնահատմամբ՝ դրանք ընդամենը «սահմանային միջադեպեր» են, հետևաբար՝ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության հավաքական պաշտպանության դրույթներին:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համամիտ չէ Զասի հետ. Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է շարունակի աշխատել այնպես, որ Ստանիսլավ Զասը նման ձևակերումներ այլևս չանի, որովհետև հենց այդ ձևակերպումն է պատճառը, որ ադրբեջանցի զինվորներն այդ ձևակերպումներից հետո էլ լարված իրավիճակ են ստեղծել, ինչի հետևանքով հայկական կողմից կա վիրավոր։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, հակադարձելով Անվտանգության քարտուղարի բերած պատճառաբանություններին, նշեց, որ նախքան այլոց մեղադրելը պետք է հասկանալ, թե ինչ ենք արել մենք մեր պետության սահմանների անվտանգությունը պահպանելու համար: Պետք չէ ասել, թե մեր բոլոր խնդիրների պատճառը ՀԱՊԿ-ն է, պատճառն ընտրված իշխանություններն են։
«Չէ՞ որ այս կապիտուլյանտները ստեղծել են մի իրավիճակ, որ մեր միջազգային ռազմավարական գործընկերներն էլ են հապաղում ռացիոնալ գործողություններ իրականացնել։ Ես չեմ արդարացնում ՀԱՊԿ-ին. այդ կառույցն իր թերացումներն ունի, սակայն Հայաստանի իշխանությունն է պատճառը, որ ՀԱՊԿ-ը նման վերաբերմունքի է մեզ արժանացնում։ Վստահ եմ, եթե Հայաստանը լիներ ՆԱՏՕ-ի անդամ, դարձյալ նմանատիպ մոտեցման էր արժանանալու, որովհետև անդամ պետության նկատմամբ ոտնձգությունը կոլեկտիվ անվտանգության խնդիր է դառնում, երբ անդամ պետությունը դիմում է ռազմական գործողությունների, իսկ եթե Հայաստանը որևէ ռազմական գործողության չի դիմել իր սուվերեն տարածք ադրբեջանցիների ներխուժելու ժամանակ, ապա հարց է առաջանում, թե այդ ո՞ր պետությունը պետք է գա ու որևէ գործողության դիմի»,- ասաց Արտակ Զաքարյանը։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ադրբեջանցիներին երկրից դուրս քշելու համար որևէ ռազմական գործողության չեն դիմելու, որովհետև այդպիսին է եղել ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումը, Արտակ Զաքարյանն արձագանքեց.
«Թող Փաշինյանը ցույց տա այն որոշումը, որով ՀԱՊԿ անդամ պետություններն ասել են, որ Հայաստանը որևէ գործողություն չանի։ Որտե՞ղ է այդ որոշումը գրված, թող ցույց տա։ Դա աբսուրդ հայտարարություն է, ի՞նչ է, 3-րդ պետությունը պետք է ասի՞ մեզ, թե մեր սահմանները պաշտպանե՞նք, թե՞ ոչ»։
Ըստ Արտակ Զաքարյանի՝ գործող իշխանության կողմից նման լրջագույն խնդրի նկատմամբ անգործությունը բերել է մի վտանգավոր իրավիճակի, որի լուծումը դեռևս չի էլ նշմարվում։
«Հարցի նրբությունը հետևյալն է, ադրբեջանցիները 2-3 կմ Հայաստանի սահմաններից ներս են կանգնած, եթե նոր տեղակայում ենք անում և տեղակայում ռուս խաղաղապահների, որտեղ են նրանք կանգնում, իսկ հնարավոր է, որ Հայաստանն այդ 2-3 կմ-ն կորցնի։ Եթե 3 կմ Հայաստանից ներս գտնվող ադրբեջանցի զինվորները ետ չեն գնում, ռուս խաղաղապահները կրակելով ու մարտական գործողությա՞մբ են նրանց հետ շպրտելու, որ դիրքավորվեն»,- ասաց Զաքարյանը՝ նշելով, որ ռուս խաղաղապահների տեղակայումը հանգեցնելու է երկու երկրների՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առկա ռազմական համագործակցության պայմանագրի փոփոխության անհրաժեշտության, առաջնալու է նաև հավասարազորության խնդիր, ուստի ամբողջությամբ պետք է վերանայել երկրու երկրների միջև կնքված պայմանագրերը՝ հատկապես, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը բերեց նրան, որ Հայաստանի հետ ուղղակիորեն կապ ունեցող հարցերն այլևս լուծում են Ռուսաստանը, Ադրբեջանը՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու։
Երբ ՀՀ-ին առնչվող հարցերը ՌԴ-ն լուծում է առանց Հայաստանի, այդ դեպքում որքանո՞վ է նպատակահարմար ՀԱՊԿ անդամ մնալը, ինչպես պնդում են հակառուսականության քարոզիչները՝ Հայաստանում, Արտակ Զաքարյանը պատասխանեց.
«Ադրբեջանի նպատակն է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կրեն արարողակարգային բնույթ, և, այո, ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից։ Հիմա հարց է առաջանում, ո՞վ է Ադրբեջանի տեսակետը Հայաստանում ներկայացնում, չէ՞ որ ադրբեջանցիներն են երազում, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները չլինեն, Հայաստանի անվտանգությունը թողնել բախտի քմահաճույքին և Հայաստանի ճակատագիրը դնել Թուրքիայի շահերի և ծրագրերի ոտքի տակ, որովհետև Արևմուտքի համար Հայաստանը մանրադրամ է, և ցանկանում է այստեղ Ռուսաստանին կռվացնել Չինաստանի հետ» ։
Ինչ վերաբերում է իշխանության տարբեր ներկայացուցիչների պնդումներին, որ կարող են նաև դիմել ՄԱԿ-ի ԱԽ, Արտակ Զաքարյանը պատասխանեց.
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս իշխանությանն ուղարկելու է շատ հեռու»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
Աղավնի Սուքիասյան
168.am