Հարցազրույցներ
Այլևս ոչ՛ յոթհոգանոց ֆրակցիան է փրկելու երկիրը, ոչ՛ 27, ո՛չ էլ 67
03.07.2021
Հարցազրույց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ
- Ընտրություններից հետո ի՞նչ տպավորություն ունեք, սպասելի՞ էին Ձեզ համար թե՛ «Պատիվ ունեմ» դաշինքի, թե՛ ՔՊ-ի գրանցած ցուցանիշները։
- Եթե հաշվի առնենք ընդամենը 7-8 ամիս առաջ եղած պատերազմի ամբողջ ընթացքը, դրանից հետո տեղի ունեցած կապիտուլյացիոն ակտի ստորագրումը, 5 հազար զոհերը, էդքան վիրավորները, անհետ կորածները, գերիները եւ մեր պետական սահմանի ու պետականության ամենօրյա ոտնահարումը, իհարկե, սպասելի չէր։ Բառեր չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ, որովհետեւ էս ընտրությունը նման չէր լավի ու վատի, կառավարման ձեւի փոփոխման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին ծրագրերի կամ տարբեր ոլորտների ծրագրերի մրցույթ չէր։ Սա մեր նորանկախ պետության էս 30-ամյա զարգացման, վերելքների, վայրէջքների մեջ ինչ-որ մի աննախադեպ իրավիճակ էր։
- Չէի՞ք հաշվարկել, որ նման իրավիճակում կարող եք հայտնվել Փաշինյանի հետ ընտրության գնալով։
- Ես վստահ եմ, որ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները նման արդյունքի ակնկալիք չեն ունեցել, որովհետեւ, նորից նշեմ, էստեղ պայքարը ծրագրերի միջեւ չէր, այլ երկիրն էս վիճակին հասցնելուն գնահատական տալու համար էր։ Իսկ ինչ վերաբերում է ընտրախախտումներին, որ բազմաթիվ փաստեր են հրապարակվել, դա թողնենք Սահմանադրական դատարանի վերջնական եզրակացությանը։
- Բա հիմա 7-հոգանոց ընդդիմադիր ֆրակցիայով ինչպե՞ս եք փրկելու երկիրը Նիկոլ Փաշինյանից։
- Էդ խնդիրը՝ յոթհոգանոց ֆրակցիայով փրկել-չփրկել, եթե լուրջ եք այդ հարցը տալիս, ապա կարող ենք ասել, որ 2018 թվին էլ ՔՊ-ականներն ԱԺ-ում հինգ հոգի էին, եւ Նիկոլ Փաշինյանը եկավ դարձավ վարչապետ, ճի՞շտ է։
- Այդ ժամանակ դուք էիք իշխանության, եւ Փաշինյանը գուցե օգտվեց հենց այդ հանգամանքից, որ ՀՀԿ-ն իշխանության էր։
- Դե, էն ժամանակ էլ կար ժողովրդի բարձր քվե, կար ընտրված վարչապետ եւ այլն։ Հետեւաբար, եթե սարկազմով եք հարցնում երկիրը փրկելը, ես կարծում եմ՝ այլեւս ո՛չ յոթհոգանոց ֆրակցիան է փրկելու երկիրը, ո՛չ 27, ո՛չ էլ 67։ Մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է։ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ այսօր Թուրքիան մեր տարածաշրջանում այլեւս գործոն է, եւ էսօր Թուրքիան Շուշիում Ալիեւի հետ, որ, եթե հաշվի առնենք նաեւ հոր կառավարման շրջանը, երբ 25 տարի ծնկի եկած աղերսում էին, որ էս խնդիրը լուծվի մի քիչ հօգուտ իրենց, կամ պատերազմ չսկսվի՝ եթե սկսվել է, անպայման նորից ծնկի է իջել եւ ծնկաչոք խնդրել է, որպեսզի խաղաղության կամ հրադադարի որեւէ արձանագրում լինի, բայց էսօր մենք էս կառավարության շնորհիվ ունենք Շուշիում երկու թուրքական պետությունների միջեւ ստորագրված մի ակտ, որը ենթադրում է, որ Թուրքիան մտավ մեր տարածաշրջան եւ արցախյան կոնֆլիկտի մաս կազմեց։
- Այդ բոլոր գնահատականներն ու ցավոտ իրողությունները քարոզարշավի ընթացքում բազմիցս հնչել են, բայց մարդիկ նորից ձայն տվեցին Փաշինյանին։
- Գիտե՞ք ինչ, այո, իհարկե, ցավալի է, զարմանալի է եւ անսպասելի է, եկեք չվիճենք այդ հարցում։ Բայց ժողովրդին նույն այդ իշխանական քարոզչությունը 44 օր քայքայեց՝ հաղթելու ենք, հաղթել ենք, գյոռբագյոռ ծրագիր, տակտիկական նահանջ եւ այլն։ Այսպես՝ արծրունհովհաննիսյաններն ասել-խոսելով՝ բերին թուրքին մտցրին Շուշի։ Շուշին մենք հանձնել ենք, բառի բուն իմաստով՝ ասել-խոսելով։ Ու ժողովուրդը նաեւ էդ պատերազմից, էդ քարոզչական մեխանիզմներից ստացավ այն, ինչ կար։ Ժողովուրդը հոգնել էր պատերազմից։ Յուրաքանչյուրի տան ճրագն իր համար ավելին է, քան պետությունը։ Եվ էդ ամբողջն իր ազդեցությունն ունեցավ։
- Դուք այս ընտրություններին ստացաք մոտ այնքան քվե, որքան ՀՀԿ-ն ստացել էր 2018 թվականին։ Ի՞նչ տվեց ՀՀԿ-ին Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ միավորումը։
- Տեսեք, եթե նկատեցիք, մեր քաղաքական թիմը չէր մասնակցում այդ ընտրական պրոցեսներին, այսինքն՝ հին պատգամավորները՝ Աշոտյան, Շարմազանով, ես, մյուսները։ Այստեղ մանդատի կռիվ չէր, այստեղ խնդիրը դրված չէր, որ պետք է էս մարդիկ անպայման գնան խորհրդարան, որովհետեւ փորձառու են, գիտելիքներ ունեն, հմտություններ ունեն եւ այլն։ Եթե ամբողջ ընդդիմադիր հատվածը որոշում կայացներ եւ չմասնակցեր ընտրություններին, դա կլիներ ամենաճիշտ լուծումը, բայց քանի որ մասնակցեցին նաեւ ընդդիմադիր հատվածը զբաղեցրած տարբեր քաղաքական ուժեր, հետեւաբար, միայն մեր քաղաքական թիմի չմասնակցելը քաղաքական դաշտում որեւէ խնդիր չէր լուծում։ Հիմա մենք գիտենք, որ կա գոնե 7 հոգանոց թիմ Ազգային ժողովում, որոնք էլ ավելի լսելի կդարձնեն ժողովրդի խնդիրները։
- Կարծում եք՝ «Պատիվ ունեմ» դաշինքն իր յոթհոգանոց կազմով կկարողանա՞ դառնալ ուժեղ, արմատական եւ սուր ընդդիմություն՝ երբեւէ գործարքի չգնալով իշխանությունների հետ։
- Ես չեմ կարծում, որ նման բան կլինի (գործարքի կգնա), որովհետեւ առնվազն «Պատիվ ունեմ» դաշինքի ՀՀԿ-ական թեւը ներկայացնող թեկնածուները, որոնք անցել են, բոլորին անձնապես ճանաչում եմ՝ Տարոն Մարգարյանին, Տիգրան Աբրահամյանին, Հայկ Մամիջանյանին, Աննա Մկրտչյանին, նրանք ե՛ւ պատրաստ են, ե՛ւ պատրաստված են, որ այդ խնդիրները խորհրդարանում բարձրացնեն եւ որպես արմատական ընդդիմություն՝ կռիվ տան հանուն մեր ժողովրդի բարօրության։ Մյուս հատվածի՝ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներից Թագուհի Թովմասյանին՝ որպես լրագրող, ճանաչել ենք, գիտենք, մի քիչ բացառում եմ, որ որեւէ բան կանի՝ հաշվի առնելով հետպատերազմյան ժամանակաշրջանում իր ելույթները, իշխանության քննադատությունը եւ այլն։ Մյուսներին էլ անձնապես մոտիկից չեմ ճանաչում, բայց վստահ եմ, որ նույնը Վանեցյան Արթուրին է վերաբերում, որովհետեւ նա բարձր պաշտոն էր զբաղեցնում, բայց հանուն պայքարի, հանուն երկիրը չկործանելու՝ դիմում գրեց եւ դուրս եկավ։
Վահե Մակարյան
hraparak.am