Հարցազրույցներ
«Կապիտուլյանտ Նիկոլի մանիպուլյացիան լկտի սուտ է». Էդուարդ Շարմազանով
04.05.2021
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ճիշտ աշխատանքի դեպքում ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքը բավականին մեծ հաջողություն արձանագրելու շանսեր ունի:
«Քաղաքական դաշտում կա՞ մի ուժ, որը սխալներ չի արել կամ մշտապես եղել է մեկ բևեռում: Մի բան ակնհայտ է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն առաջին պաշտոնյան էր, որը գիտակցեց, որ Հանրապետականը ճիշտ էր, Նիկոլը կամ նիկոլականները՝ սխալ, տեսավ այն մտահոգությունները, որոնք մենք հնչեցնում էինք 1.5 տարի շարունակ՝ կապված և՛ Արցախի, և՛ եկեղեցու, և՛ ավանդական արժեքների, և՛ բանակցային պրոցեսի, և՛ առհասարակ պետության առաջընթացի հետ, և ինքը իր հրաժարականի տեքստով արդեն ընդունեց, որ մեր պետությունն այս կապիտուլյանտի առաջնորդությամբ չի կարող լավ տեղ գնալ, հետևաբար՝ գիծը քաշված է, նա արդեն 1.5 տարի ընդդիմության ճամբարում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ չկա ընդդիմադիր որևէ առանցքային թիմ և գործիչ, որն այս 1.5 տարվա ընթացքում սերտ չի համագործակցել «Հայրենիք» կուսակցության հետ:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դեռևս նախընտրական ցուցակները չեն քննարկվել, անգամ չեն որոշել, թե ինչ է լինելու դաշինքի անվանումը:
«Շատ ավելի ճիշտ կլիներ պետության և քաղաքացիների համար, որ նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը հեռացվեր, բայց ունենք այն, ինչ ունենք: Կան մարդիկ, որոնք գտնում են, որ արտահերթ ընտրությունը շանս է՝ սրան հեռացնելու: Ես՝ որպես երկարամյա քաղաքական փորձ ունեցող գործիչ, և գոնե վերջին 3 տարում պայքարի ամենաառանցքային գործիչներից մեկը, կարծում եմ՝ եթե կա շանս, պետք է օգտագործել, պետք է պայքարել: Մենք պայքարի կողմնակից ենք»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությունն ամբողջովին ֆեյք է և ստից է բաղկացած. «ՀՀԿ-ն պայքարելու է այս ապազգային ռեժիմին հեռացնելու համար: Կլինենք իշխանություն թե ընդդիմություն, այլ հարց է, բայց փաստն այն է, որ պետք է պայքարենք. Հայաստանի ողնաշարը չի ուղղվի, քանի դեռ թուրքի առջև ծնկի եկածը Հայաստանի վարչապետի պաշտոնն է զբաղեցնում: Ակնհայտ է, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը երազի էլ՝ մեծամասնություն չի կարող կազմել, միայնակ նա 50+1 չի ունենալու, ակնհայտ է: Իհարկե, նա ունի որոշակի քանակությամբ ձայներ. մեր պետության համար ամոթ է, որ դեռևս կապիտուլյանտը, որը այս մեծ ազգային աղետի պատճառն ու մեղավորն է, ունի որոշակի աջակցություն, բայց ակնհայտ է մի բան, որ այս հողատուն չունի մեր բնակչության մեծամասնության աջակցությունը, ինչ ֆոկուս էլ անեն՝ ակնհայտ է, որ դա չկա»:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին՝ մի քանի թեզեր առաջ քաշեց, որոնցից մեկը վերաբերում էր բանակցային գործընթացին: «Բանակցային բովանդակությունը փոխվել է, ծռվել է 2015թ. աշնանը-2016թ. ձմռանը: Եթե Սերժ Սարգսյանը որոշել է, որ պետք է բացահայտումներ անի, թող բարի լինի պատմել մարդկանց 2015թ. աշնան և 2016թ. ձմռան իրադարձությունները, որից հետո եկել է 2016թ. գարունը, և եղել է ապրիլի 2: Այդ բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ, և դա ապացուցող փաստաթղթեր կան, որոնց հետ ես աշխատել եմ 2018թ. վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասել է Փաշինյանը:
Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Կապիտուլյանտ Նիկոլի մանիպուլյացիան լկտի սուտ է և ողորմելի փորձ՝ իր ուսերից մեղքը և պատասխանատվությունը գցել: Ես դեռևս հոկտեմբերի 14-ին՝ պատերազմի ժամանակ, մի կողմ դնելով սահմանափակումները, ֆեյսբուքյան գրառում եմ արել, իրեն ասել եմ՝ չհամարձակվես քո մեղքը գցել ուրիշների վրա. մենք քեզ հանձնել ենք 2 հայկական պետություն, հայկական անկախ Արցախ, հայկական Շուշի, հայկական Հադրութ, հայկական Թալիշ, հայկական Մատաղիս, մենք քեզ ժառանգել ենք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, մենք քեզ ժառանգել ենք մի Ալիև, որը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրենից միջազգային հանրությունը պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը: Ինչ վերաբերում է ԱԺ-ի նրա զառանցանքին, ապա կներեք, ե՞ս էի պառլամենտում ասում՝ իմ սեփական կետից եմ սկսում: Դու եկել ես, ասել ես՝ ես Սերժի կետից չեմ սկսում, իմ սեփական կետից եմ սկսում, հիմա ի՞նչ կապ ունի՝ նախկինում ինչ է եղել, չնայած՝ նախկինի մասին ես կխոսեմ: Նիկոլն էր, չէ՞, ասում՝ սկսում եմ իմ սեփական կետից, Նիկոլն էր պառլամենտում մեծամտաբար, գոռոզաբար և լկտիաբար հայտարարում՝ ինչ պետք է՝ դա էլ բանակցում ենք, նա էր, չէ՞, սկզբում ասում՝ Ալիևը կիրթ է, իսկ մեկ տարի անց ասում՝ Ալիևը կառուցողական է: Բա դա ո՞նց հասկանանք, պատերազմ սկսող ուժը ո՞նց կառուցողական դարձավ, այս կապիտուլյանտն էր, չէ՞, բանակցային ողջ ժառանգությունն ու բովանդակությունը լսում ոչ թե Տեր-Պետրոսյանից, Քոչարյանից, Սարգսյանից, այլ լսում Իլհամ Ալիևից: Այս կապիտուլյանտն էր, չէ՞, Վիեննան և Սանկտ Պետերբուրգը մի կողմ դնում և Դուշանբեի վերելակում ինչ-որ բան պայմանավորվում…»:
Նա ընդգծեց, որ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ փորձել է խաբել հասարակությանը, բայց միշտ ստացել է ապտակներ. «Երբ նա փորձեց բանակցային ժառանգությունը խեղաթյուրել, թե իբր նախկինում՝ Սերժ Սարգսյանի օրոք, այլ բան է բանակցվել, ռուսաստանցի համանախագահ Պոպովը ՌԴ ԱԳՆ-ի անունից պաշտոնապես գաղտնազերծեց, որի իմաստն այն էր, որ՝ Նիկոլ, դու սուտասան ես, դու խաբում ես: Նիկոլը սուտասան, մանիպուլյացնող գործիչ է»:
Շարմազանովը հավելեց՝ Նիկոլ Փաշինյանին ո՛չ դրսում են բանի տեղ դնում, ո՛չ ներսում, բայց օգտագործում են. «Հայաստանը կապիտուլյանտով ապագա չունի, սա է փաստը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am