Հարցազրույցներ

Փաշինյանի թիմակիցները սպասում են նրան անվստահություն հայտնելուն, որ կողմ քվեարկեն. Տիգրան Վարդանյան

27.03.2021

Նիկոլ Փաշինյանը վախենում է հրաժարական տալ. վախենում է, որովեհտև իր հեռացմամբ ինքն ու իր թիմի անդամները պետք է իրենց կատարած ապօրինությունների համար պատասխան տան, իսկ ապօրինությունները շատ են՝ սկսած «Հայաստան» համահայկական հիմնադրամից անհետացած միլիարդներից, վերջացրած տնտեսությունում գոյացած ճեղքվածքով։

 
 
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով պաշտոնավարումը շարունակելու համար Նիկոլ Փաշինյանի համառությանն ու պատճառներին, նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության Երիտասարդական կառույցի անդամ, քաղաքագետ Տիգրան Վարդանյանը։
 
«Հիմա խոսում են ընտրություն կազմակերպելու մասին, և այստեղ ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ ի՞նչ գումարներով են նրանք ընտրություններ անելու, չէ՞ որ մենք հիշում ենք, որ «Այո»-ի քարոզարշավի ժամանակ գումար հավաքեցին, բայց հանրաքվեն չեղավ, և գումարները մսխեցին։ Մտածելու բան է, թե հիմա ինչ գումարով են ընտրություն անելու, հետաքրքիր է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարների՞»,- հարցրեց Վարդանյանը։
 
 
Պատերազմի ավարտից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը բնորոշելով հայրենազրկվածների և հարենավաճառների միջև պայքար, քաղաքագետը հույս հայտնեց, որ, ի վերջո, հասարակությունը կարթնանա թմբիրից ու կորոշի պայքարել ոչ թե, օրինակ, ձվի թանկացման, այլ հայրենիքը փրկելու համար։
 
Ինչ վերաբերում է Փաշինյանի հետ երկխոսելու համար խորհրդարանական ընդդիմության ձեռնարկած քայլերին, ինչպես նաև Փաշինյանի կազմակերպած ընտրությանը մասնակցելու պատրաստակամությանը, Վարդանյանն արձագանքեց.
 
«Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս է մեր խորհրդարանական ընդդիմությունը գնում այդ մարդկանց հետ քննարկման։ Դա նույնն է, որ բանակցես հայրենիքը դավաճանած մարդասպանի հետ։ Մեր օրակարգը մնում է անփոփոխ, այդ կապիտուլյանտը պետք է հեռանա։ Իհա՛րկե, ես սամասուդի կողմնակից չեմ և կողմ եմ, որ դատավարություն լինի, պատմության մեջ գրվի, թե ինչ է տեղի ունենում հայրենիքը դավաճանած Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց Վարդանյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ սխալ է համարում պարտված իշխանության հետ բանակցության մեջ մտնելը։
 
Դիտարկմանը, որ, օրինակ, խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին երբ հարցնում են, թե ինչպես կարելի է բանակցել կապիտուլյանտի հետ, պատասխանում են՝ եթե վարչապետը Փաշինյանն է, ո՞ւմ հետ բանակցեն, հո Մհեր Գրիգորյանի հետ չե՞ն բանակցելու, որ ներքաղաքական լարվածությունը պարպեն, սրան ի պատասխան՝ Տիգրան Վարդանյանն այսպես արձագանքեց.
 
«Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», ապա ինձ համար այդ ուժը եղել է Նիկոլ Փաշինյանի գրպանի ընդդիմություն, ինչպես Փաշինյանը հրամայի, այդպես էլ լինելու է, բոլորս էլ հիշում ենք Մարուքյանի և Սասուն Միքայելյանի առճակատումն այն օրը, երբ դրանից մեկ օր առաջ քննարկվում էր բանակցային գործընթացի հարցը, որն այդ առճակատումից հետո փակվեց: «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված որևէ բան չունեմ ասելու, պարզապես պետք է հիշել նրանց առաջնորդի՝ չնահանջելու, ետ չկանգնելու մասին ասված խոսքն ու հիմա տեսնել, թե ի՞նչ ճանապարհով են նրանք գնում»,- ասաց Վարդանյանը։
 
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է ինչ-որ առիթով կամ պատրվակով հերթական անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հրաժարվելու հավանականանությունը, Վարդանյանը պատասխանեց, որ գրեթե վստահ է, որ այդպես էլ լինելու է։ Ընդգծեց՝ խիստ կասկածում է, որ այդ ընտրությունները տեղի կունենան, և չի բացառում, որ Փաշինյանը հունիսի մեկին ետ կանգնի իր ֆեյսբուքյան գրառումից, ուստի Հանրապետական կուսակցությունն արտահերթ ընտրությունների վերաբերյալ իր որդեգրած դիրքորոշման մասին կհայտնի բացառապես այն ժամանակ, երբ ընտրության օրը պաշտոնապես կհայտարարեն համապատասխան կառույցները, իսկ անկախ այդ դիրքորոշումից՝ միանշանակ է՝ ՀՀԿ-ի ձայնը լսելի է լիելու անպայման։
 
«Մյուս կողմից, եթե ընտրությունները տեղի ունենան, ապա Փաշինյանի վերարտադրման դեպքում երկրում լինելու են կամ քաղաքացիական բախումներ, կամ մենք կորցնելու ենք Հայաստանի ինքնիշխանությունը։ Փաշինյանի կազմակերպած ընտրության դեպքում մենք պետք է հասկանանք, որ նրա վերարտադրման հավանականությունը 90 տոկոսը գերազանցում է, վարչական ռեսուրսի կիրառում, ձերբակակալություններ, գումար բաժանել. իրենք ամեն ինչ անելու են, որ վերարտադրվեն։ Մենք՝ ՀՀԿ-ն, չի ցանկանում գնալ մի ընտրության, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ չի բացառվում, որ, ի վերջո, խորհրդարանական ընդդիմությունն ընտրի Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը, որովհետև դրան են սպասում նաև Փաշինյանի թիմակիցները։
 
«Փաշինյանի թիմում կան մարդիկ, որոնք սպասում են նրան անվստահություն հայտնելուն, իրենք պատրաստ ենք կողմ քվեարկել»,- ասաց նա։
 
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
 
Աղավնի Սուքիասյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին