Հարցազրույցներ
Տեսել եմ մարդկանց, որոնք երանությամբ են հիշում նախորդ տարիները. Կարինե Աճեմյան
14.03.2021
«Ցավոք սրտի, այսօր պարալիզացված է կյանքը եւ ամեն ինչ մեր երկրում, որովհետեւ կապիտուլյանտը կառչել է աթոռից եւ էներգիա, ջանքեր է ներդնում, որ կառչած մնա»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանն՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին։
Նրա խոսքով՝ երբեմն կլինեն մարդիկ, որ հիասթափություն կապրեն նաեւ ըnդդիմադիրների պայքարից․ «Մեր նպատակները կարծես թե վերջնական կետին չեն հասել, բայց կարծում, որ մենք պետք է մինչեւ վերջ պայքարենք՝ ընդդիմությունը տարբեր ձեւաչափերով ակցիաներ կազմակերպելով, որպեսզի կարողանանք այս մարդուն հասկացնել, որ ինքն այլեւս իրեն սպառել է եւ մեծ չարիք է այս երկրի համար, որ ամեն ինչ մեր երկրում պարալիզացված է։ Դա նշանակում է, որ ընդամենը ժամկետների խնդիր է ինքը լուծում, հիմա այդ ժամկետների ընթացքում էլ ինչ արհավիրք կարող է բերել մեր գլխին, մենք արդեն հասկանում ենք, որ այդ ճանապարհով ենք գնում։ Եվ Տավուշն է վտանգված, եւ՛ Գեղարքունիքը, եւ՛ Սյունիքը, եւ՛ ՀՀ-ն՝ որպես պետություն»։
- Տիկին Աճեմյան, ընդունո՞ւմ եք, որ, այնուամենայնիվ, Փաշինյանը որոշակի վարկանիշ ունի երկրում, մի ստվար զանգված նրան սատարում է։
- Հաշվի առնելով այդ ամբողջ իշխանական ռեսուրսը՝ իրենց ընտանիքներով, մտերիմներով, նաեւ այն մարդկանցով, որոնց փաստացի բյուջեով կաշառում է, դրանք ոստիկաններն են.... Ես արդեն հասկանում եմ, որ «Հայաստան» հիմնադրամի գումարներն են այդ ուղղությամբ ծախսվում, երբ մենք տարիներ շարունակ կայացրել ենք այդ կառույցը, հիմա ամեն ինչ վարկաբեկված է։ Այդ առումով հնարավոր է, որ մարդկանց ինչ-որ քանակ իրենց սատարում է, բայց հիմնական գիտակից մասսան, հնարավոր չէ իր կողքին կանգնի։
- Ինչպե՞ս եք գնահատում ԳՇ-իշխանություն հակամարտությունը։
- Առհասարակ «հակամարտություն» ասելն էլ տեղին չի։ Երեկ գրվեց, որ ինքն ամեն ինչ արեց, որ էս տեսարանները ստանա եւ ստացավ։ Դա նշանակում է, որ մենք խնդիր ունենք նաեւ ԳՇ-ում, ամեն ինչ չի, որ մեր ընդդիմության ուզելով է առաջ գնում։ Կտրուկ քայլերն են, որ մեզ պակասում են, միշտ մտածել եմ, համոզված եմ եղել, որ մեր հասարակությունը հայրենասեր է, հայրենապաշտ է, բայց հիմա ինչ-որ տեղ սկսել եմ կասկածել, որովհետեւ տեսնում եմ՝ դա բոլորին չի վերաբերվում։ Մարդիկ կան, որ շատ անտարբեր են, մարդիկ կան, որ իրենց կյանքով են ապրում։ Պիտի ամբողջ ուժով կանգնեին, հեռացնեին։
- Այդ անտարբեր մարդիկ ունեն մեկ խոսքով՝ բա նախկինները գա՞ն, որոնք թալանում էին երկիրն ու բանակը։
- Դա մանիպուլյացիաների արդյունք է, որը դեռ աշխատում է։ Չտեսնել այդ համատարած թալանը բյուջեի, չտեսնել, որ մարդիկ փողոցային են, փողոցից բացի իրենց մոտ ոչինչ չի ստացվում, եւ ամբողջ ուժով պետական ապարատը քարուքանդ են անում, բյուջեն թալանում են եւ հիշել ինչ-որ բան նախկինում... ես էլ տեսել եմ մարդկանց, որոնք երանությամբ են հիշում նախկին տարիները, որովհետեւ մեր երկիրը եղել է անվտանգ, կայուն-զարգացող, այդ բոլոր մարտահրավերներին դիմակայող։ Հիմա մենք տեսնում ենք լրիվ հակառակը։
Աննա Պապիկյան
hraparak.am