Հարցազրույցներ
Ինչո՞ւ են լռում թռիչքով գեներալական ուսադիրներ ստացածները. Սամվել Նիկոյան
18.02.2021
Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանի համոզմամբ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս տված հարցազրույցն ուղղված էր մեր ապագային, մեր պատմությանը։
Ըստ Ս․ Նիկոյանի՝ ինչպես Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրենց հարցազրույցներով մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել. պարտավոր էին խոսել և խոսեցին, ու գուցե շատերի մոտ հարց առաջանա, թե նախկին նախագահների պատասխաններն ինչպես կընկալվեն հանրության տարբեր շերտերի մոտ, թեև իր համար միանշանակ է՝ ով այդ խոսքը հասկանալու ցանկություն ուներ, հասկացավ։
«Մարդիկ պետք է ի վերջո հասկանան, որ Արցախի հարցում Սերժ Սարգսյանն ուներ իր կարմիր գիծը, Հանրապետականը ևս ուներ այդ գիծը, որից 1 միլիմետր անգամ չի շեղվել։ Դա հետևյալն էր՝ Լեռնային Ղարաբաղը չէր կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դա մեր վերջին գիծն էր, որից ներքև անհնար էր, որ որևէ զիջում լիներ։ Փոխարենը, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ Սերգո՛, եթե ուզում ես լավ ապրել, պետք է Լեռնային Ղարաբաղը զիջել Ադրբեջանին։ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառն այն էր, որ նա գտնում էր, որ Հայաստանը չի կարող զարգանալ Ղարաբաղի հետ միասին, իսկ մենք գտնում էինք, որ Ղարաբաղը Հայաստանի հետ միասին հսկայական ռեսուրս է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական շեշտադրումներին, ասաց Սամվել Նիկոյանը։
Միաժամանակ նա շեշտեց, որ իրենց իշխանությունը ևս պատրաստ էր 5 շրջանը հանձնել Ադրբեջանին, սակայն Արցախի կարգավիճակի հարցը լուծելու դեպքում միայն։
«Ուստի, եթե Նիկոլ Փաշինյանն էլ գնար միջանկյալ կարգավիճակի ու հանրաքվեի ուղղությամբ, իհարկե, մենք կօժանդակեինք նրան։ Եթե խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին՝ Ադրբեջանի կազմից դուրս, ապա, իհարկե, մենք կօժանդակեինք, բայց այդ դեպքում լինելու էր 5 շրջանի հանձնումը, որից հետո, երբ հանրաքվեի արդյունքներով Ադրբեջանն ու միջազգային հանրությունը կճանաչեին Ղարաբաղի կագավիճակը՝ անկախությունը, դրանից հետո նոր Լաչինի և Քարվաճառի շրջանները կվերադարձվեին Ադրբեջանին»,- ասաց Սամվել Նիկոյանը։
Խոսելով նախապատերազմակական շրջանի զարգացումների ու պատերազմի աղետալի արդյունքների, դրանք ծնող պատճառների մասին նախկին նախագահների հարցազրույցների ու պարզաբանումների ազդեցության մասին՝ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ չի ակնկալում, որ այդ ազդեցությունն այն աստիճան կարող է լինել, որ, օրինակ, փետրվարի 20-ին հրապարակ կարողանա դուրս բերել տասնյակ-հազարավոր մարդկանց։
«Ու դրա պատճառն այն է, որ ժողովուրդը երբեք էլ ազգային հարցերով ակտիվություն չի ցուցաբերել։ Եթե լիներ սոցիալական բունտ, ապա ակտիվ կլինեին, հիմնական շարժիչ ուժը սոցիալական հարցն է։ Բացի այդ, 10 տարին մեկ նոր ժողովրդի էներգիան ժայթքում է. ժողովուրդն ամբողջ էներգիան այդքան ժամանակը մեկ է կարողանում դուրս հանել։ Ուստի հիմա դուրս եկողն այն ոգեղենություն կրող անհատներն են, որոնք էլ պետք է ազգին տանեն իրենց հետևից։ Հենց այս հատվածն է, որ առաջինը ոտքի է կանգնում»,- ասաց Սամվել Նիկոյանը։
Հարցին՝ արդյոք մտավորականությունը, գիտական հանրույթն այդ ոգեղեն հատվածը չէի՞ն, որոնք պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հեռացումը, սակայն դա մեծամասշտաբ արձագանք չստացավ, կամ ինչո՞ւ այդ դեպքում նման ազդեցություն չունեցան հայոց երկու կաթողիկոսների՝ Փաշինյանի հեռացումը պահանջող հայտարարությունները, Սամվել Նիկոյանը պատասխանեց.
«Ժողովուրդը հոգնած է. նրան հիմա պետք է առաջնորդեն ներցեղային բարոյականություն ունեցող մարդիկ։ Այդ մարդիկ կան, նրանք էին, որ պատերազմի ժամանակ, դրանից առաջ էլ ասում էին, թե ի՞նչ է լինելու՝ իրենց վրա կրելով հայհոյանքներ և այլ բաներ։ Այդ մարդիկ կան՝ ինչպես քաղաքական կուսակցություններում, այնպես էլ՝ ոչ կուսակցական շրջանակներում»։
Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամը նաև վստահեցրեց՝ թեև համամիտ է այն տեսակետի հետ, որ ինչ-որ տեղ Փաշինյանին իր իսկ կրած մեթոդներով հնարավոր չէ հաղթահարել, բայց այստեղ էլ մեր բանակի գեներալներն են, որ պետք է հիշեն, որ մարդիկ իրենց զավակներին տվել էին իրենց։
«Մեր գեներալները մոռանում են, որ հայ ժողովուրդն այս 5000 զինվորին վստահել է իրենց, մեդալներն են հիմա շատացրել, աստղերն են շատացրել։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ այդ տարածքներն ազատագրեցինք՝ այդքան հերոսներ չունեցանք, որքան հիմա, երբ այդ տարածքները տվեցին։ Գեներալների այդ աստղերի տակ պետք է լինեն սպայի բարոյական կերպար ունեցողներ, ինչը, ցավոք սրտի, չկա։ Ինչո՞ւ են լռում հիմա, որովհետև շատ-շատերը թռիչքով գեներալական ուսադիրներ ստացան, ու շատ բան նրանց համար փոխվեց»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
168.am